Ուզուրպացիայի մասին

Ուզուրպացիայի մասին

Լրատվամիջոցներից մեկը, շոշափելով Վահան Շիրխանյանի հայտնի նամակի թեման, անսպասելի անդրադարձ է կատարել եւ ձեւակերպել, որ իշխանության ուզուրպացիան սկսվել է «1990-ականների սկզբին՝ Արցախում, երբ Հայաստանի այն ժամանակվա վարչակազմի կողմից խնդիր դրվեց չեզոքացնել Արցախի առաջին լեգիտիմ իշխանությունը: ՀՀՇ-ական վարչակազմը խաղադրույքը դրեց Ռոբերտ Քոչարյանի վրա, սակայն այդպես էլ չհաջողվեց վերցնել Արցախի բարձրագույն մարմինը՝ Գերագույն խորհուրդը»:

Այս վարկածը պարբերաբար շրջանառվում է հայկական մամուլում, քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակներում՝ տպավորություն թողնելով, թե 1991թ. դեկտեմբերի 28-ի Գերագույն խորհրդի ընտրություններում հաղթել է Դաշնակցությունը, ձեւավորել իշխանություն, որը, սակայն, արդյունավետ աշխատելու հնարավորությունից զրկվել է՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի անհանդուրժողականության, չկամության, Դաշնակցության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, արդյունքում Հայաստանի իշխանությունները, ինչպես հիշյալ լրատվամիջոցն է բխեցրել, ստեղծել են իշխանության զուգահեռ մարմին՝ Պաշտպանության պետական կոմիտե, որի ձեռքում էին կենտրոնանում առաքվող զենքը, զինամթերքը, վառելիքը, պարենը եւ այլն:

Այս պնդումները մեկնաբանության կարիք ունեն: Նախ՝ Գերագույն խորհրդի ընտրությունները տեղի են ունեցել էքստրեմալ պայմաններում, երբ չկար քիչ թե շատ կազմակերպված քարոզչություն անցկացնելու տարրական հնարավորություն: Թեկնածուներից շատերը, բառիս բուն իմաստով, գտնվում էին խրամատներում: Երկրորդ․ այդ պահի դրոությամբ որեւէ կուսակցություն բացահայտ քարոզչություն չի իրականացրել: Երրորդ․ ընտրությունները կազմակերպվել են իրավական բացարձակ վակուումի պայմաններում, արդյունքների ամփոփումը՝ նույնպես, բացակայել է բողոքարկման ինստիտուտը: Այս պայմաններում հնարավոր էր միայն մի բան՝ կոնսենսուս, որ բոլորն ընդունում են իրականությունը եւ շարժվում առաջ: Եթե դա տեղի ունենար, ապա գործընթացի քաղաքական տրամաբանությամբ՝ Գերագույն խորհրդի նախագահ պետք է ընտրվեր Լեոնարդ Պետրոսյանը:

Նա էր, որ Արցախի համար ծանրագույն ժամանակահատվածում քաղաքական պատասխանատվություն էր ստանձնել՝ որպես մարզային խորհրդի գործկոմի նախագահ, եւ կարողացել էր համեմատաբար նվազ կորուստներով ապահովել Արցախի կենսագործունեությունը: Գերազանցապես նրա կապերի, դիվանագիտական հմտության եւ այլ արժանիքների շնորհիվ է, որ «Կոլցո» օպերացիան նախածրագրված ամբողջ ծավալով չի իրականացվել: Այդ հարցում, իհարկե, անգնահատելի դերակատարություն է ունեցել Հայաստանի իշխանությունը, Լեոնարդ Պետրոսյանը, այդուհանդերձ, կրել է ընթացիկ աշխատանքի ողջ ծանրությունը՝ ապահովագրելով զինված ընդհատակի ղեկավարությանը խորհրդային պատժիչ մարմինների հետապնդումներից: Չի կարելի տուրք տալ կոնյունկտուրային. Արցախում զինված դիմադրության գործը կազմակերպվել է Հայաստանի իշխանությունների ամենօրյա աջակցությամբ, տեղում մեծածավալ աշխատանքները կազմակերպել, համակարգել եւ ապագա պաշտպանության բանակի կորիզը կազմավորել են Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը:

Այս փաստացի իրավիճակն էլ, ըսստ երեւույթին, նրանց մղել է քաղաքական անհոգության, որ, միեւնույն է, իշխանությունը պատկանում է իրենց, մնում է դա ձեւակերպել Գերագույն խորհրդի եւ նրա նախագահի ընտրություններով: Այստեղ է, որ ի հայտ է եկել չնախատեսվածը. արդեն ընտրված պատգամավորների մեծ մասը մի օրում «բացահայտվել է» որպես դաշնակցական: Անդրկուլիսյան ի՞նչ քննարկումներ, խորհրդատվություններ կամ այլ երեւույթներ են նախորդել դրան՝ կարելի է եզրակացնել հատուկտոր հուշագրական հրապարակումներից: Իրական ուզուրպացիան հենց դա էր, երբ քաղաքական ուժը, որն ընտրությունների ընթացքում բացահայտ կուսակցական թեկնածուներ չի առաջադրել եւ համապատասխան ընտրարշավ չի իրականացրել, դաշնակցական «ընկեր»-ներից մեկի բնակարանում հրավիրված գաղտնի խորհրդակցության ժամանակ դնում է ԳԽ նախագահի պաշտոնը վերցնելու նպատակ եւ միայն իրեն հայտնի միջոցներով հասնում դրան՝ լրջագույն քաղաքական ճգնաժամ սադրելով պատերազմի մեջ ներքաշված երկրում:

Հետեւանքները հայտնի են՝ փաստացի իշխանություն ունեցող թեւը չի ընդունում այդ ուզուրպացիան եւ շարունակում է ինքնուրույնաբար իրականացնել ինքնապաշտպանության կազմակերպումը: Արդյունքում Գերագույն խորհուրդը, հանդիսանալով դե յուրե իշխանություն, չի կարողանում կազմավորել պատերազմական իրավիճակին հարիր արդյունավետ գործող գործադիր իշխանություն: Բավական է ասել, որ առաջին կառավարության կազմում չեն նշանակվում պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներ: Սա է մոտավոր իրականությունը: Արցախում իշխանության ուզուրպացիայի հետեւանքները երկար ժամանակ իրենց զգացնել էին տալիս: Մինչեւ որ 2000 թվականին տեղի ունեցան առաջին ժողովրդավարական, թափանցիկ խորհրդարանական ընտրությունները, եւ ճգնաժամը հիմնականում հաղթահարվեց: