Աբսուրդի ժանրի՞ց

Աբսուրդի ժանրի՞ց

Ադրբեջանում, երեւում է, տագնապալի սպասումների մեջ են: Արտգործնախարարությունը պաշտոնապես ողջունել է Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը: Ամենայն հավանականությամբ, դա պարտադրված քայլ է: Բաքուն չի կարող չհամերաշխվել Անկարայի հետ: Մանավանդ որ Սիրիայի հյուսիսում թուրքական կողմի գործողությունները չեն դատապարտվել նաեւ Ռուսաստանի կողմից: Քայլն արված է: Թուրքիայի նախագահը Բաքվում թուրքախոս երկրների գագաթաժողովի իր ելույթն ավարտել է ադրբեջանական պետականության հայր կոչվող Մամեդ-Էմին Ռասուլզադեի հայտնի ասույթով. «Մեկ անգամ բարձրացված դրոշն այլեւս վայր չի ընկնի»: Ցանկացե՞լ է Էրդողանը դրանով ակնարկել, որ թուրքական զինուժը երբեք այլեւս չի հեռանա Սիրիայից՝ մնում է ենթադրել:

Բայց Էրդողանի այդ «շողոքորթությունն» ավելի շատ հնչել է որպես հավաստիացում Ադրբեջանին, որ սիրիական ներխուժումը չի ձախողվի, աշխարհաքաղաքական հետեւանքներ չեն լինի: Ակնհայտ է, որ եթե Թուրքիան խրվի սիրիական ճահճում, ինչի հավանականությունը չափազանց մեծ է, Ադրբեջանը կկորցնի շատ բան: Բացառված չէ, որ վրա հասնի նաեւ քրդական վրեժխնդրության պահը: Որքան կարելի է դատել ադրբեջանական մամուլի հրապարակումներից, Բաքուն թիվ մեկ պատրաստության է բերել հատուկ ծառայությունները, ներառյալ՝ սահմանապահ զորքերը: Բայց միջադեպերից խուսափել այդպես էլ չի ստացվում: Օրերս հերթական միջադեպն է գրանցվել իրանա-ադրբեջանական սահմանի՝ Ֆիզուլիի շրջանի ադրբեջանական կողմի վերահսկողության տակ գտնվող հատվածում:

Ադրբեջանցի սահմանապահները եղեգնուտներում հայտնաբերել եւ վնասազերծել են սահմանախախտի: Պարզվել է նրա ինքնությունը՝ Թարթառի շրջանի բնակիչ, 1990թ. ծնված Էթիբար Էվեզ օղլու Յադիգարով, որի մոտ հայտնաբերվել է 790 գրամ մարիխուանա, 105 գրամ հերոին 100 գրամ այլ թմրանյութերի բյուրեղներ:

Թվում է՝ խոսքը սովորական մաքսանենգի մասին է, որ ապրուստի միջոցներ է հայթայթում Իրանից Ադրբեջան թմրանյութերի տեղափոխման եւ տեղում իրացման միջոցով: Բայց վերոհիշյալ լրատվամիջոցը Յադիգարովի գործից մի ամբողջ «տեսություն» է կառուցել՝ ելակետային ընդունելով ադրբեջանական կողմից վերջերս շրջանառության դրված՝ Հայաստանի եւ Իրանի հատուկ ծառայությունների «սերտ համագործակցության փաստը»:

Ըստ այդմ, վարկածվում է, որ հայ-իրանական համատեղ ջանքերով «ստուգվում է Ադրբեջանի սահմանների պահպանության հուսալիությունը»: Լրատվամիջոցը միանգամայն իրատեսական է համարում, որ Իրանը կարող է դեպի Ադրբեջան «Իսլամական պետության զինառյալների համար միջանցք ապահովել»: Մի պահ ենթադրենք, թե դա հնարավոր սցենար է, բայց ո՞րն է դրանում Հայաստանի մեղքը: Ինչու՞ է ադրբեջանական մամուլն ամբողջ հուսահատությունը պարպում՝ անհիմն մեղադրանքներ ներկայացնելով Հայաստանին: Համերաշխվե՞լ է Ադրբեջանը Սիրիայի հյուսիսում թուրքական հանցագործությանը: Քրդերը լուրջ դիմադրությու՞ն են ցույց տալիս թուրքական բանակին, ինչպես նաեւ հարվածներ հասցնում Թուրքիայի սահմանամերձ բնակավայրերին: Այո: Հնարավո՞ր է, որ քրդական զինված խմբավորումներն ընդունեն նաեւ Ադրբեջանին հարվածելու որոշում: Շատ հավանական է, ով Թուրքիայի բարեկամն ու աջակիցն է, նա քրդերի ոխերիմ թշնամին է: Ամեն ինչ տրամաբանական շղթայի մեջ է, բացի ադրբեջանական քարոզչության հնարքից, թե «Հայաստանի եւ քրդական ահաբեկչական խմբավորումների կապը վաղուց ապացուցված է»:

Ո՞վ եւ ինչպե՞ս է ապացուցել: Բաքվի այս քարոզչա-տեղեկատվական նախահարձակումը կարելի էր աբսուրդի ժանրից որակել, եթե այդքան նենգամիտ չլիներ: Ենթատեքստով դա հորդոր է Թուրքիային՝ Հայաստանի դեմ պատժիչ գործողություններ իրականացնելու, նվազագույնը՝ զինված օժանդակություն ցուցաբերելու Ադրբեջանին՝ «Լեռնային Ղարաբաղում եւս հակաահաբեկչական ռազմերթ իրականացնելու համար»: Սիրիայի հյուսիսում թուրքական «հաղթական ռազմերթ» չի ստացվում: Սիրիական բանակը վերահսկողության տակ է առել տեղաշրջանի ամենահանգուցային քաղաք Մանջիբը: Էրդողանը, որ ավելի վաղ հենց Մանջիբը գրավելու խնդիր էր դրել, ստիպված է եղել ընդունել, որ «դա, ի վերջո, նրանց (Սիրիայի՝ Վ. Ա.) տարածքն է»: Փորձագետները կանխատեսում են, որ Սիրիայի քրդական խմբավորումները կգնան նախագահ Ասադի հետ բանակցությունների: Ռուսաստանի նախագահ Պուտինը համոզված է, որ թուրք-սիրիական սահմանի անվտանգությունը երաշխավորված կլինի, եթե այնտեղ կանգնի սիրիական բանակը: Թուրքիան, հնարավոր է, ոչինչ էլ չշահի: Այդ դեպքում Ադրբեջանը լիովին կհուսախաբվի: Դա կլինի Ալիեւի «նախաձեռնողական արտաքին քաղաքականության» հերթական աբսուրդը: