2021 թվականին մայրական մահացության դեպքերն աճել են
Քովիդի տարածման տարուց՝ 2019 թվականից մինչ այսօր՝ 2022 թվականը, Հայաստանում մայրական մահացության 36 դեպք է գրանցվել։ 2019 թվականին՝ 13, 2020-ին՝ 7, 2021-ին՝ 16 դեպք։ Թվում էր, թե 2021 թվականին պետք է իջներ այս թիվը՝ պայմանավորված քովիդի տարածման ալիքի նվազմամբ, բայց ավելացել է՝ ամենաբարձր ցուցանիշը գրանցելով նախորդ երկու տարիների նկատմամբ։
ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը մեզ հետ զրույցում թվերի այսպիսի դինամիկան բացատրեց հետեւյալ կերպ․ «Ես չէի ասի, թե 2019, 2020 թթ․ ավելի ծանր տարիներ էին քովիդի առումով, 2021 թվականը բավականին ծանր էր քովիդի առումով, որովհետեւ արդեն «Դելտա» շտամն էր մեր երկրում շրջանառվում, եւ քովիդով պայմանավորված մահերն ավելի շատ էին։ Ես Ձեզ ասեմ՝ 2020 թվականին մենք ունեինք մայրական մահացության 7 դեպք, որոնցից 5-ը քովիդով վարակված կանայք էին։ Միանգամից ասեմ, որ մյուս երկուսն էլ ոչ մանկաբարձական պատճառներով էին։ 2021 թվականին 16 դեպքից 9-ն էին քովիդով պայմանավորված, իսկ մնացած 7-ից 3-ը՝ ոչ մանկաբարձական պատճառներով»։
- Իսկ 2022 թվականին ինչպիսի՞ իրավիճակ ունենք՝ 5 ամիսների կտրվածքով։
- 2022 թվականի մասին առայժմ ես չեմ կարող խոսել, որովհետեւ մինչեւ տարին չամփոփենք, վաղ է մայրական մահացության վերաբերյալ ինչ-որ տվյալ տալ։ Ի դեպ, ես գրականությունը նայեցի, Ռուսաստանում, օրինակ, 2021 թվականին երեք անգամ ավելացել է մայրական մահացությունը, ԱՄՆ-ի տվյալները նայեցի, 2021-ը չկար, բայց 2020 թվականին՝ 2018 թվականի համեմատ, քովիդով պայմանավորված մայրական մահացության 30 տոկոսով աճ է գրանցվել։ Մեքսիկայում 60 տոկոսով է ավելացել մայրական մահացությունը՝ էլի պանդեմիայով պայմանավորված։ Այսինքն՝ այս միտումն ամբողջ աշխարհով մեկ է նկատվում։
- Եթե վերլուծենք, ոչ քովիդով պայմանավորված դեպքերում մենք ի՞նչ պատկեր ունենք՝ ավելի շատ բժշկական սխալի՞, ոչ պրոֆեսիոնալիզմի կամ բուժհաստատություններում ոչ պատշաճ պայմանների՞ պատճառով են առաջացել այս մահերը, քանզի մտահոգություն կա, որ հատկապես մարզերում պրոֆեսիոնալ ծննդօգնության խնդիր ունենք։
- Ուրեմն ասեմ՝ բժշկական սխալի մասին մենք առիթ չունենք մտածելու կամ խոսելու, որովհետեւ մայրական մահացության դեպքերից բոլորն ունեն իրենց օբյեկտիվ պատճառները։ Ի դեպ, ասեմ, որ մայրական մահացության բոլոր դեպքերը գնում են դատաբժշկական փորձաքննության, եւ եթե լիներ էստեղ բժշկական սխալ, երեւի թե ե՛ւ Դուք կիմանայիք, ե՛ւ մենք կիմանայինք, ե՛ւ այդ ամենը հրապարակային կլիներ, որովհետեւ դատաբժշկական փորձաքննության արդյունքները բոլորիս համար հրապարակային են։ Բայց նման բան չկա։ Ի դեպ, մենք ամեն տարի մեր մանկաբարձ-գինեկոլոգներին, անեսթեզիոլոգներին, ռեանիմատոլոգներին ուղարկում ենք երկշաբաթյա վերապատրաստման։ Վերջերս էլ նրանք գնացին Մոսկվա, որտեղ Կուլակովի ինստիտուտում բավականին լավ վերապատրաստումներ անցան։ Էլ չեմ ասում, որ նրանք պարբերաբար Հայաստանում վերապատրաստումներ անցնում են։
- Այսինքն՝ Ձեր նշած 3 տարվա վիճակագրության դեպքերից որեւէ մեկով դատաբժշկական փորձաքննության արդյունքները ցույց չեն տվել որեւէ պրոֆեսիոնալ թերացում կամ բժշկական սխալ։
- Ոչ, բոլորի դատաբժշկական փորձաքննության եզրակացություններն ունենք, որովհետեւ կան, որ դեռեւս դրանք ընթանում են, ուստի ես չեմ կարող ասել բոլորի մասին, բայց բոլորը փորձաքննության են ենթարկվում, եւ եթե, իհարկե, որեւիցե սխալ լինի, դրա մասին բոլորս իմանում ենք։
- Այսինքն՝ չունենք այնպիսի դեպք, որով դատական պրոցես է սկսվել որեւէ բժշկի կամ բուժհաստատության նկատմամբ՝ մայրական մահացության պատճառով։
- Այս պահին, ամեն դեպքում, ես էդպիսի դեպք չգիտեմ։ Բայց բոլորը մանրամասն քննության են ենթարկվում։ Ես պետք է շեշտեմ նաեւ, որ մայրական մահացության կառուցվածքում գնալով գերակշռում են ոչ մանկաբարձական պատճառները։ Օրինակ՝ 2020 թվականին գրանցված այդ 7 մահը, որ ես նշեցի, դրանից 5-ը քովիդով էր պայմանավորված, իսկ 2-ից մեկն ինֆարկտ էր, մյուսը՝ անաֆիլակտիկ շոկ։
Այսինքն՝ մենք նաեւ պետք է մտածենք մեր կանանց սոմատիկ առողջության մասին, քանի որ ինֆարկտը որեւիցե ձեւով կապված չէ մանկաբարձական միջամտության հետ։ Մայրական մահացությունը մահն է հղիության ընթացքում, ծննդաբերության շրջանում եւ հետծննդյան 42 օրվա ընթացքում։ Մենք ունեցել ենք, որ հետծննդյան 42 օրվա ընթացքում կինը մահացել է ինսուլտից, ինֆարկտից, այսինքն՝ պատճառները տարբեր են։
Կարծիքներ