Մեր ուժը սխալ ենք ձեւակերպել եւ չենք օգտագործել, նախեւառաջ, մտային դաշտում

Մեր ուժը սխալ ենք ձեւակերպել եւ չենք օգտագործել, նախեւառաջ, մտային դաշտում

Բանաստեղծ Մարինե Պետրոսյանը «Մենք»-ի հավաքական կերպարի շուրջ է ուզում համախմբել բոլոր կարող ու մտածող ուժերին, ովքեր իրենց ջանքերը կմեկտեղեն մի հարկի տակ՝ «Մենք» ակումբում։  

Մարինե Պետրոսյանն ասում է՝ ակումբի գաղափարն իր տարիների երազանքն էր, որ անընդհատ հետաձգվում էր, այս անգամ որոշեց ակումբի ստեղծման մասին հրապարակային հայտարարել, որ նաեւ իրագործի․ «Գուցե մի օր դասական իմաստով դառնա ակումբ՝ իր անդամներով, շենքով․․․, բայց դա միջոցներ ա պահանջում, որ երբեմն կախման մեջ ա քեզ գցում»։

Իր ֆեյսբուքյան էջով նախօրեին նա տեղեկացրել էր, որ «Մենք» ակումբի առաջին հավաքն արդեն մոտավոր ուրվագծվում է, թե ինչ ձեւաչափով ու պարբերականությամբ են լինելու հանդիպումները, դեռ հստակեցված չէ․ «Հիմա առանձին-առանձին հանդիպումներ եմ ունենում, որպեսզի նաեւ հասկանամ, թե մարդիկ ինչ են մտածում։ Շուտով նաեւ հավաք կլինի, որը բաց կլինի, բայց նաեւ կլինեն հրավիրված մարդիկ, այսինքն՝ ակումբը կունենա իր միջուկը»։

Ակումբի նպատակն ու խնդիրներն արդեն ձեւակերպվա՞ծ են, թե՞ հենց այդ հավաքների ընթացքում են ձեւավորվելու։ Մ. Պետրոսյանն ասում է, որ ամենից առաջ կլինեն քննարկումներ, եթե հետագայում այն վերաճի ավելի մեծ բանի, ասենք՝ շարժման, ապա՝ շատ ավելի լավ։
Թե ովքեր են «մենք»-ը, իր ֆեյսբուքյան էջում Մարինե Պետրոսյանը մանրամասնել է․ «Մենք՝ առաջադիմականներս եւ պահպանողականներս, ձախերս եւ աջերս, հայաստանցի-արցախցիներս եւ սփյուռքահայերս, հներս եւ նորերս, Սովետը տեսածներս եւ Սովետը չտեսածներս, 2018-ի ալիքը սկզբում պաշտպանածներս եւ հենց սկզբից մի քիչ կամ ամեն ինչ հասկացածներս։ Բոլոր նրանք, ում համար Հայաստանի պարտությունը վերք ա։ Վերքը բաց ա, արյունը հոսում ա, վերքը պետք ա փակել։ Վերքը փակելու համար պետք ա զորություն։ Զորությունը մեր մեջ ա։ Եթե չկա, ուրեմն չկանք մենք։ Բայց մենք կանք։ Ես զգում եմ իմ մեջ էդ զորությունը։ Վստահ եմ՝ մենակ ես չէ, որ զգում եմ»։

Ովքե՞ր ենք մենք, ո՞րն է մեր ինքնությունը․ այս հարցերը, ըստ նրա, այսօր առավել, քան երբեւէ, ձեւակերպման կարիք ունեն․

«Գուցե հենց առաջին հանդիպման ժամանակ էլ քննարկենք հայկական ինքնությունը նոր աշխարհում, բայց ոչ թե փակված Հայաստանում՝ կծկված, պաշտպանվող ինքնություն, այլ այսօրվա աշխարհում գիտակցվող ինքնություն։ Շատերը չեն գիտակցում, որ աշխարհն իսկապես փոխվել ա, ես տեսել եմ սովետական, պոստսովետական էպոխան, հիմա էլ ակնհայտ տեսնում եմ, որ 3-րդն ա սկսվում։ Ու երբ տեսել ես էպոխայի փոփոխություն, այնքան ուրիշ ձեւ ես ընկալում աշխարհը, գիտես, որ կարող ա էպոխան փոխվել, իսկ եթե չես տեսել այդ փոփոխությունը, չես պատկերացնում, որ կարող ա էպոխա փոխվել, դա մարդու մտածողությունն ամբողջովին փոխում ա։ Մեր սերունդը, որ տեսել ա էպոխաների փոփոխություն, դեռ ինչ-որ բան կարող ա անել։ Էպոխաների փոփոխությունը շատ կարեւոր ա, դու պետք ա մտածես մեծ կատեգորիաներով, ոչ թե որպես փոքրիկ երկրի բանաստեղծ։ Հայաստանում, ցավոք, երկու կողմ ա ստեղծվել, որոնք ոչ մեկն էլ ճիշտ չեն, մի մասն ընդհանրապես արհամարհում ա հին բաները, ձեռ ա առնում, կոչ ա անում՝ այսօրվա աշխարհով ապրել, մյուս կողմն էլ, որը որ հաշվի ա նստում այդ ամենի հետ, նա էլ աշխարհին ծանոթ չի եւ ազգայինը նեղացնում ու գավառականացնում ա։ Ոչ մեկն էլ ինձ համար ընդունելի չեն, ես առաջարկում եմ միացնել այդ երկուսը, այո, հայկական ինքնությունը հին ա եւ հասնում ա մինչեւ Տիգրան Մեծ, որը դժվար ա, բայց հնարավոր ա իմաստավորել այսօրվա մեջ»։  

Բանաստեղծը նկատում է՝ ինքնությունն այսօր մեզանում ընկալվում է Արեւմուտք-Ռուսաստան քաղաքական դիլեմայում, որը մեր օրերում առավել քան խանգարում է․ «Այսօր Հայաստանում շատ մեծ դեպրեսիա ա, եւ քաղաքական ու մտավոր դաշտում կա այն պատկերացումը, որ մենք մեր մտավոր ուժերը գերագնահատեցինք, մենք մեզ երեւակայեցինք ու արդյունքում նման պարտություն կրեցինք։ Ես կտրուկ համաձայն չեմ դրան, հակառակը՝ մենք մեր ուժը սխալ ենք ձեւակերպել եւ չենք օգտագործել, նախեւառաջ, մտային դաշտում։ Ես հավատում եմ, որ հնարավոր ա այնպես անել, որպեսզի ձեւակերպվի այդ հայկական միտքը, որը ոչ թե կապկի Արեւմուտքին կամ Ռուսաստանին, այլ իսկապես գտնի իր ինքնությունը, հատկապես այսօր, երբ ոչ միայն մենք, այլեւ ողջ աշխարհն է ճգնաժամի մեջ»։

Մ․ Պետրոսյանն ասում է, որ քանակի ու զանգվածների վրա չի աշխատելու, եւ այս առումով խնդիրը նաեւ կորիզ, էլիտա ձեւավորելն է, որ հետո հնարավոր լինի նաեւ մտքեր տարածել․ «Ինքը մտավոր ակումբ ա լինելու եւ շատ բազմամարդ չի լինելու, ես հաստատ դրա վրա չեմ աշխատելու, որովհետեւ դրա համար լրիվ ուրիշ բաներ պետք ա անես, որը շատերին դուր կգա, բայց նախ էլիտան պետք ա ձեւավորվի։ Կան իրավիճակներ, որ դեմոկրատիան բացարձակ արժեք չէ, ավելին՝ իրավիճակներ կան, որ դեմոկրատիան կարող ա նաեւ վնասել»։   

Հնարավո՞ր է, որ ակումբը հետագայում նաեւ որոշակի քաղաքական ուղղվածություն ստանա։ «Քաղաքականությունը բաժանելու հատկություն ունի, միշտ անխուսափելիորեն մարդկանց բաժանում ա հակառակ ճամբարների։ Իսկ ես ուզում եմ, որ «Մենք» ակումբում լինեն տարբեր, նույնիսկ հակադիր հայացքների տեր մարդիկ։ Դրա համար էլ, առնվազն մոտ ապագայում, «Մենք» ակումբի գործունեությունը քաղաքական բնույթ չի կրի։ Ես կարծում եմ, որ այսօր Հայաստանում քաղաքական դաշտը ճգնաժամի մեջ ա, սա ոչ թե որպես մեղադրանք, այլ որպես փաստ եմ ասում․ ինչ միտք կար, քաղաքական դաշտն արդեն օգտագործել, սպառել ա, և բոլորով դեմ ենք առել պատի։ Փակուղուց դուրս գալու համար մենք նախ մտավոր դաշտում նոր բան պետք ա ստեղծենք, որ հետո քաղաքական դաշտը էդ նոր մտքերը կարողանա վերցնել ու առաջ գնալ»։