Ինչպես որ եղել է

Ինչպես որ եղել է

Արտգործնախարար  Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որ 2009թ.հուլիսին  Արցախից առաջինն ինքն է դեմ արտահայտվել կարգավորման մադրիդյան սկզբունքներին:  Քանի որ այդ կերպ նա որոշակի գիծ է քաշել իր եւ նախագահի մյուս թեկնածուների միջեւ, հարկ եմ համարում որոշակի պարզաբանումներ անել: «Հետաձգված հանրաքվեով Արցախի վերջնական կարգավիճակը որոշելու» գաղափարի մասին  առաջին անգամ հայտնի է դարձել 2006թ. ապրիլին: Այդ ամիս Արցախի Ազգային ժողովում  կարգավորման թեմայով կազմակերպվեցին լսումներ: Կար գաղափար՝ լսել  նաեւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանին, բայց վերջին պահին նպատակահարմար գտնվեց նրան պաշտոնական հրավեր չուղարկել: Մի քանի օր անց անսպասելի Ստեփանակերտ ժամանեց Վարդան Օսկանյանը եւ փակ հանդիպում ունեցավ ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Հենց այդ ժամանակ էլ նա հռետորական հարց հնչեցրեց.

«Ընդունելի՞ կլինի, եթե ներկայացվի մի տարբերակ, որով Արցախի վերջնական կարգավիճակի հարցը կորոշվի հանրաքվեով»: ԱԺ երեք՝ «Ժողովրդավարություն», «Հայրենիք» եւ «ՀՅԴ-Շարժում 88» խմբակցությունների ներկայացուցիչների պատասխանը միանշանակ էր՝ Արցախի անկախության ճանաչում, ապա՝ Բաքու-Ստեփանակերտ ձեւաչափի բանակցություններ՝ սահմանազատման, կոմունիկացիաների եւ մարդասիրական բնույթի հարցերով:

2007-ի տարեվերջին հայտնի դարձավ, որ միջնորդները կողմերին են ներկայացրել կարգավորման հայեցակարգ, որ կոչվում է «մադրիդյան սկզբունքներ»: Արցախի իշխանություններն այդ փաստաթուղթը պաշտոնապես ստացե՞լ էին, թե՞ դրա մասին տեղյակ էին այնքանով, որքանով   նպատակահարմար էր գտել Երեւանը՝ դժվար է ասել, բայց նախագահ Բակո Սահակյանը նախաձեռնեց խորհրդարանի քաղաքական ուժերի հետ խորհրդատվություններ: Տարբեր վստահելի աղբյուներից, ինձ համար կոնկրետ՝ Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովից, հիմնականում հայտնի էր, թե ինչի մասին է խոսքը: Տպավորություն ճշտելու նպատակով 2008թ. նոյեմբերի 21-ին տողերիս հեղինակը, որ  ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն էր,  քաղաքական ղեկավարության համաձայնությամբ Երեւանի «Տեսակետ» ակումբում մամուլի ասուլիս անցկացրեց՝ ասելով, որ արտահայտում է բացառապես անձնական տեսակետ, բայց ավելացրեց, որ ընթանում են քննարկումներ, որոնց ավարտին խորհրդարանը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ: Առկա մտահոգություններն ամփոփվեցին եւ որպես Ազգային ժողովի քաղաքական ուժերի հայտարարություն տարածվեցին

2008թ. դեկտեմբերի  29-ին: Հայտարարությամբ միջնորդների ներկայացրած հայեցակարգն արցախյան կողմի համար որակվեց «ոչ հետաքրքիր»:  Անշուշտ, նման  հայտարարություն Ազգային ժողովը քննարկել եւ տարածել է նախագահ Բակո Սահակյանի համաձայնությամբ: Սա ասում եմ որպես հայտարարության տեքստի հեղինակ, ով տեղյակ էր, որ այն վերջնական խմբագրման է ենթարկվել Արցախի նախագահի աշխատակազմում: Այսինքն, ի սկզբանե «մադրիդյան սկզբունքներն» Արցախի իշխանության, քաղաքական ուժերի համար անընդունելի են եղել, որեւէ պաշտոնատար անձ, կուսակցական կամ հանրային գործիչ երբեք այդ հիման վրա հարցի կարգավորման գնալու պատրաստակամություն չի արտահայտել: Սա է իրողությունը եւ այդ հարցում բաժանարար գծելու հարկ բոլորովին չկա: