Քաղաքացին ԴԱՀԿ-ին մեղադրում է իրենից փող տանելու մեջ

Քաղաքացին ԴԱՀԿ-ին մեղադրում է իրենից փող տանելու մեջ

«Հրապարակի» խմբագրություն է դիմել քաղաքացի Վաչիկ Գևորգյանը՝ ասելով, որ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը՝ ԴԱՀԿ-ն, առանց իր իմացության, բանկային հաշվից 152 հազար դրամ գումար է վերցրել։ Գևորգյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ 2016 թվականին ԴԱՀԿ-ն իրեն իր բնակարանից հարկադիր վտարել է, ինքն ասել է, որ գումար չունի իր գույքը տեղափոխելու համար, ինչին ի պատասխան` ԴԱՀԿ պաշտոնյան հավաստիացրել է, որ ծառայությունն իր միջոցներով է իրականացնում տեղափոխումը։ Ապա 2018 թվականին միայնակ թոշակառու Գևորգյանն իմանում է, որ իր բանկային հաշվից 152 հազար դրամ է գանձվել․

«Ես իրենց ասացի, որ գումար չունեմ տեղափոխելու, ասաց՝ մենք մեր հաշվին ենք տեղափոխում։ 2018 թվականին ես բանկում մի քիչ գումար եմ ունեցել, վարձով էի ապրում, վարձը փակելու համար գնացի, որ տոկոսը վերցնեմ, տանեմ վարձը փակեմ։ Պարզվում է, որ ԴԱՀԿ-ն դիմել է դատարան 3 տարի հետո, ինձնից 152 հազար դրամ պահել է որպես այդ բեռները տեղափոխելու գումար, բայց ինձ ասել էին անվճար։ Ընդամենը 11 կմ է եղել հեռավորությունը՝ Զեյթունից Մայակովսկի գյուղ, Աբովյան չհասած։ Բանկն ինձ ասում է, որ այդքան տոկոս չունեմ, 3 տարի հետո դիմում են դատարան, հին հասցեով ինձ ծանուցագիր են ուղարկում, չնայած, որ ես հեռախոսահամար էի գրել, ու իրենք են այդ հասցեից ինձ դուրս հանել։ Թղթերը բանկից վերցնում եմ, գնում եմ իրենց մոտից իմ օրինակներն եմ վերցնում, գնում եմ ԴԱՀԿ։ Ասում եմ՝ դուք ինձ ասել էիք, որ ձեր հաշվին եք տեղափոխում, ինչո՞ւ եք ինձնից այդքան գումար վերցրել, ասում է՝ դատարանն է որոշել։ Ասում եմ՝ բայց դատարանը, ախր, ձեր դիմումի հիման վրա է որոշել, չէ՞, ասում եմ՝ դա դուք իմ գրպանից գողություն եք արել, ես կարող էի մեքենա պատվիրել, մասնավոր ուժերով այդ գործն անել, դա կարժենար ընդամենը 20-25 հազար դրամ, բա թե՝ ես ի՞նչ անեմ, դատարանն է որոշել։ Պետի տեղակալն էր, անունը` Աշոտ, ազգանունը չեմ հիշում: Ինձ փոխգնդապետ Թորոսյանն է ասել, որ իրենց հաշվին են տեղափոխում, ես իր հետ բանավոր եմ խոսել։ Դրա հետևանքով ես չկարողացա բնակարանի վարձը մուծել ու դուրս եկա այդ բնակարանից»,- մեզ հետ զրույցում ասաց Գևորգյանը։

Գևորգյանը մեզ հետ զրույցում նաև ասաց, որ իր սոցիալական վիճակն այնքան էլ լավ չէ, 50 հազար դրամ թոշակ է ստանում։ Ժամանակին լավ պաշտոն է ունեցել, հարգված է եղել, հիմա, սակայն, իր ընկերները մահացել են, ինքը մենակ է մնացել, դրա համար ով ինչ ուզում` անում է․

«Միայնակ թոշակառու մարդ եմ, 50 մանեթ  թոշակ եմ ստանում։ Բազմիցս դիմումներ եմ գրել, էնպիսի բաներ են պատասխանում, մարդ զարմանում է, թե ոնց կարելի է նման բաներ պատասխանել։ Ես իրենց հարցնում եմ, թե ոնց է կազմել 152 հազար դրամ, ասում է՝ դե հիմա էդ ա»։ 


Քաղաքացուն տրամադրած պարզաբանման մեջ նշված է․ «19.12.2016 թվականին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության օպերատիվ բաժնի կողմից կազմակերպվել են վտարման հետ կապված կատարողական գործողությունները։ Կատարողական գործողությունների կատարումն ապահովելու համար հայցվորի կողմից ծախսվել է ընդհանուր 142 հազար ՀՀ դրամ, որից 132 հազար դրամ վճարվել է բանվորներին՝ թվով 7 հոգի, կատարված աշխատանքների համար, 10 հազար դրամ` բեռների բեռնավորման և տեղափոխման համար նախատեսված ավտոտրանսպորտ»։

Թեմայի առնչությամբ դիմեցինք նաև ԴԱՀԿ՝ հարցնելով՝ եթե  քաղաքացուն հարկադիր վտարում են բնակարանից, սակայն քաղաքացին գումար չունի բեռանափոխադրում իրականացնելու համար, ԴԱՀԿ-ն հոգո՞ւմ է բեռնափոխադրման ծախսերը, կա՞ նման պրակտիկա:

 «Կատարողական գործողություններն իրականացվում են կատարողական ծախսերի հաշվին: Կատարողական ծախսերի բռնագանձման և հատուցման կարգը սահմանված է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածով»,- ասացին մեր հարցմանն ի պատասխան։

Ինչպե՞ս են հաշվարկվում ծախսերը, ի՞նչ կազմակերպություն է իրականացնում բեռնափոխադրումը։

«Կատարողական գործողությունների համար ծախսվող գումարի հաշվարկը կատարվում է՝ ելնելով կատարողական գործողությունների ծավալից և իրականացվող աշխատանքների բնույթից: Բեռնափոխադրումներն  իրականացվում են ծառայությունների մատուցման պայմանագրի հիմքով, որը կնքվում է հարկադիր կատարումն ապահովող ծառայության և համապատասխան ծառայություններ իրականացնող ընկերության կամ անհատի միջև»:

Ինչ  վերաբերում է Վաչիկ Գևորգյանի կատարողական վարույթին, ապա տեղեկացրին․

«ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 01.10.2018թ. տրված թիվ ԵԱՔԴ/3394/02/17 կատարողական թերթի համաձայն` պետք է Վաչիկ Գևորգյանից հօգուտ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության բռնագանձել 142.000 ՀՀ դրամ: 
Վաչիկ Գևորգյանից հօգուտ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության, որպես պետական տուրքի գումար, բռնագանձել 2.840 (երկու հազար ութ հարյուր քառասուն) ՀՀ դրամ:

Վերոգրյալի հիման վրակատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնում 03.10.2018թ. հարուցվել է թիվ 04594410 կատարողական վարույթը:
Իրականացված հարցումների արդյունքում պարզվել է, որ պարտապանի բանկային հաշվում առկա է կատարողական թերթով սահմանված գումարը, որից հետո հարկադիր կատարողի կողմից օրենքով սահմանված կարգով որոշում է կայացվել բանկային հաշվից բռնագանձել 144.840 ՀՀ դրամ, ինչպես նաև 7.242 ՀՀ դրամ՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախս:

25.10.2018թ. թիվ 04594410 կատարողական վարույթը կարճվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով»: