Պետբյուջեից 185 մլն՝ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարերին

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման 2025 թվականի տարեկան ծրագիրը։
Ուշագրավ է, որ 2025 թվականի սպորտային միջոցառումների ցանկում, «Մասսայական սպորտի զարգացում» տողի տակ նախատեսված է իրականացնել «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող 5 մարզական մրցաշար, այսպես, օրինակ՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի անցկացում, որի համար ՀՀ պետական բյուջեից նախատեսված է հատկացնել 40 մլն 013,5 հազար դրամ: Ակնկալվում է դպրոցահասակ տարիքի երեխաների շուրջ 350 մասնակցի ապահովում։
Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ սիրողական խճուղավազքի մրցաշարի անցկացում, որի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվելու է 47 մլն 517,9 հազար դրամ։ Ակնկալվում է շուրջ 2 հազար մարդու մասնակցություն։
Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ սիրողական լողի մրցաշարի անցկացում, որի համար ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 20 մլն 155,2 հազար դրամ։ Նախատեսված է շուրջ 135 մասնակցի ապահովում։
Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ սիրողական սեղանի թենիսի մրցաշարի անցկացում, որի համար ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 48 մլն 930,2 հազար դրամ։ Նախատեսված է շուրջ 1400 մասնակցի ապահովում։
Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ դպրոցականների թիմային խճուղավազքի անցկացում, որի համար ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 29 մլն 274,9 հազար դրամ։ Ակնկալվում է շուրջ 500 դպրոցականի մասնակցություն՝ եզրափակիչ փուլում։
Բացի այս 5 մարզական մրցաշարերից, նախատեսված են նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջեւ անցկացվող բանակային խաղեր, որի համար ՀՀ պետական բյուջեից կհատկացվի 54 մլն 414,1 հազար դրամ։ Նախատեսված է շուրջ 270 անձի մասնակցության ապահովում։
Ստացվում է՝ 2025-ին ՀՀ պետական բյուջեից շուրջ 185 մլն 890 հազար դրամ ուղղվելու է «ՀՀ վարչապետի գավաթ»-ը խաղարկելու «խաղուպարին»՝ սպորտը մասսայականացնելու, առողջ ապրելակերպ քարոզելու անվան տակ, իսկ իրականում՝ Փաշինյանի փիառն անելու նպատակով։
Ի դեպ, «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող 5 մարզական մրցաշարերն անցկացվել են նաեւ 2024 թվականին, որոնց, համաձայն ԿԳՄՍՆ-ի, մասնակցել է 9 հազար 603 մարդ:
Նկատենք նաեւ, որ անցած տարում ՀՀ վարչապետի գավաթ սիրողական խճուղային հեծանվավազք մրցաշարի շրջանակներում ձեռք բերվեց 6 հազար 500 հատ հեծանիվ, որոնք տրամադրվեցին ՀՀ հանրակրթական դպրոցներին: Մասնավորապես, 6 հազար 170 հատ հեծանիվ բաշխվել է ՀՀ հանրակրթական դպրոցներին, եւս 330-ը գտնվում է ԿԳՄՍ նախարարության հաշվեկշռում եւ կօգտագործվի 2025 թվականին կազմակերպվելիք մարզական միջոցառումների ընթացքում:
Կարծիքներ