Դավիթ Տոնոյան․ թարմ ու առույգ 

Դավիթ Տոնոյան․ թարմ ու առույգ 

Ցանկացած բանտարկյալ օրերն է հաշվում, թե քանի օր բանտում անցկացրեց ու, բնականաբար, տառապում է։ Շատ եմ տեսել նման բանտարկյալների, որոնք բանտում մի քանի հարյուր օր հաշվելուց հետո, փոխվում են` նրանց արտաքին տեսքի վրա դրոշմվում է տառապանքի հետքերը՝ ակոսների, կնճիռների, աչքերի մեջ մտահոգության տեսքով։ Դավիթ Տոնոյանն, իր իսկ ասելով, բանտում մնացել է 1051 օր։ Եթե ուշադրություն դարձրել եք համացանցի գրառումներին, մեծ մասը նույնն են ասում ՝ ի՜նչ թարմ, առույգ, տեսք ունի Տոնոյանը։ Ինչո՞վ է դա բացատրվում։ Փաստորեն մարդը երեք տարի կալանավորվել է` «ոչ պիտանի հրթիռների» գործով։ Իսկ դա պատերազմը տանուլ տալուն հավասար  մեղադրանք է։ Ինքը՝ Տոնոյանը հայտարարել է, որ իր նկատմամբ «թավշյա քաղաքական հետապնդում է իրականացվում»։

Այդ ի՜նչ հրաշք կալանք է եղել, որ մարդը թարմանում ու առույգանում է։ Հիշեցնեմ նաև, որ նա յոթ մեղադրյալներից միակն էր այդ գործով, որ անազատության մեջ էր։ Դավիթ Տոնոյանին  ինչո՞ւ էին, որպես եզակի նմուշ, պատանդ պահում։ Ի տես հանրությա՞ն, թե` տեսեք ով է պատերազմի մեղավորը, տանուլ տվողը։ Պարզ է, որ պատերազմի պատասխանատուն մեկն է, եւ դա երևում է բոլոր գրառումներից։ Առանձին ենթականեր, եթե ի չարն են գործադրել իրենց գործառույթները, դրանից չի փոխվում իրավիճակը՝ պատերազմը տանուլ տալու գլխավոր մեղավորը։ Իսկ Տոնոյանին մի քանի միլիոնով ազատ արձակելը մի բան է փաստում, որ նա այլեւս անվնաս է դարձել, նրա «ատամներն էլ հանել են», ինչպես մյուս մեղադրյալներինը։ Ինչևէ, երկնքից երեք խնձոր ընկնելու ժամանակն է, ժամանակն է, որ մարդիկ ուշքի գան ու տեսնեն պատերազմը տանուլ տալու իրական մեղավորին։