Հարցաքննության արձանագրությունը մեզ չի տրամադրվել, որովհետեւ ակնհայտ արդարացնող ապացույց է․ պաշտպան

Հարցաքննության արձանագրությունը մեզ չի տրամադրվել, որովհետեւ ակնհայտ արդարացնող ապացույց է․ պաշտպան

«Ամենայն հավանականությամբ, դատարանը երկու հարցերը միաժամանակ կքննարկի եւ ձերբակակալության իրավաչափության դեմ մեր կողմից ներկայացված բողոքը եւ վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումն որպես խափանման միջոց ընտրելու մասին»։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բաբայանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։ 

Հիշեցնենք, որ Ա.Բաբայանը ձերբակալվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում, որը հարուցվել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա: Երեկ պետք է քննվեր ձերբակալության դեմ բերված բողոքը, սակայն Բաբայանի ներկայությունը դատարանում չէին ապահովել։ 

«Մենք համոզված եք, որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավարը նաեւ հարցաքննվել է քրեական գործով, այդ մասին կար նաեւ նշում իր հարցազրույցում, սակայն ի զարմանս մեզ, այդ հարցաքննության արձանագրությունը մեզ չի տրամադրվել, դատարան էլ չի ներկայացվել։ Որովհետեւ ակնհայտ արդարացնող ապացույց է։ Ասեմ ավելին՝ ես այսօր ուշադիր հետեւել եմ նաեւ պարոն Բաբլոյանի հարցազրույցին, ինչպես նաեւ Գագիկ Հարությունյանի հարցազրույցին։ Այդ երեք անձանց դիրքորոշումները միայն բավարար են պնդելու համար, որ ներկայացված մեղադրանքը որեւէ աղերս իրականության հետ ունենալ չի կարող»։

Երվանդ Վարոսյանի խոսքով՝ ձերբակալման միակ օրինական հիմքը անձի թաքնվելու վտանգն է․ «Միայն այն հանգամանքը, որ Արսեն Բաբայանն առաջին իսկ կանչով ներկայացել է վարույթն իրականացնող մարմին կամավոր, արդեն իսկ վկայում է այն մասին, որ բոլոր ենթադրությունները թաքնվելու վերաբերյալ սին են։ Նրան ձերբակալելու ժամանակ կասկածանքը վերաբերել է պաշտոնական կեղծիք կատարելուն, ինչը, բնականաբար համաներման տակ ընկնող է։ Այս երկու հանգամանքը միայն բավարար են պնդելու համար, որ նրա ձերբակալումը ապօրինի է»։