Ինչ է կատարվում Մերձավոր Արեւելքում

Ինչ է կատարվում Մերձավոր Արեւելքում

Մերձավոր Արեւելքը կարծես դուրս է գալիս վերահսկողությունից կամ գտնվում է այնպիսի մի սահմանային իրավիճակում, երբ նույնիսկ աննշան սխալ քայլը կարող է ռեգիոնում «մեծ հրդեհ» առաջացնել, որն իր հերթին կարող է տարածվել ու հրո ճարակի զոհ դարձնել նաեւ հարեւան շրջանները։ Իհարկե, հայտնի խոսքը՝ Восток дело тонкое, ճշմարիտ է, սակայն ա՞յս աստիճան ․․․․

Աշխարհի ամենից «անհանգիստ» ռեգիոններից մեկում տեղի ունեցող ներկա զարգացումներին գնահատական տալը, ինչպես գրում է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, չափազանց բարդ է մի քանի առումով․ նախ՝ որ զարգացումներն ընթացքի մեջ են ու չափազանց թարմ։ Բացի այդ, որեւէ իրադարձության կամ զարգացման մասին հստակ պատկերացում կազմելը շատ բարդ աշխատանք է, քանի որ զգացվում է անաչառ ինֆորմացիոն սկզբնաղբյուրի պակասը։ Մեր կողմից հավելենք նաեւ՝ ֆեյք տեղեկատվության առատությունն է դրան խանգարում։ Ռազմական առճակատմանը զուգահեռ, հատկապես ինֆորմացիոն դաշտում անընդհատ որոշակի արշավներ են իրականացվում, որոնք դաշտում ստեղծում են «ինֆո-աղմուկ» եւ թույլ չեն տալիս որսալու հետաքրքրող իրադարձության կամ զարգացման բոլոր նյուանսներն ու ասպեկտները։ Հակամարտությունը, զարգացման փուլում գտնվելով հանդերձ, չունի, այսպես կոչված, իր «խաղի կանոնները»։ Դրանք գրվում են հենց տեղում՝ «գետնի վրա»։ Եվ այս առումով բարդ է որեւէ հայտնի օրենքի կամ օրինաչափության համատեքստում այն «տեղավորելը»։Եվ, այնուհանդերձ, այս բոլոր բարդություններով հանդերձ, կարելի է որոշ ընդհանրացումներ կատարել հատկապես միջազգային-քաղաքական հարթության վրա։

Ինչպես գրում է Պյեր Բուրդյոն իր ուսումնասիրություններում, շրջապատող աշխարհը պետք է դիտարկել որպես բազմաշերտ տարածություն, բազմաշերտ իրականություն։ Ընդ որում, այդ շերտերից յուրաքանչյուրը՝ լինի քաղաքական, տնտեսական կամ մշակութային, դաշտերում խաղացողների փոխազդեցության տարածք է եւ հարաբերությունների վայր, որտեղ նաեւ որոշակի պայքար է ընթանում՝ հանուն այդ հարաբերությունների փոփոխությունների։ Ասել է թե՝ այդ շերտերն անընդհատ ենթակա են ներքին փոփոխությունների։ Այն, ինչի ականատեսն ենք լինում այսօր, համաձայն Մարկեդոնովի, 1940-70-ական թվականների մերձավորարեւելյան հակամարտության ակտիվ վերափոխումն է։ Այն ժամանակ խոսում էին արաբա-իսրայելական հակամարտության մասին։ Հետո ավելի ճիշտ համարվեց ասել՝ պաղեստինա-իսրայելական հակամարտություն։ Ներկա առճակատումը թերեւս ոչ թե հրեաների ու արաբների միջեւ է, այլ՝ հրեաների եւ իրանցիների, որոնք արաբական աշխարհում՝ Եմենում, Լիբանանում, Սիրիայում եւ Իրաքում, ունեն իրենց զգալի շահերը։

Արաբական աշխարհը, իհարկե, հեռու է միասնական լինելուց, եւ հարցը ոչ միայն միջպետական հարթության մեջ է, այլ նաեւ՝ ներպետական բազմաթիվ ասպեկտների, ինքնության հետ կապված խնդիրների։ Կապերն ու հարաբերություններն այստեղ չափազանց բարդ են։ Շատ ավելի է ամեն բան բարդանում, երբ նաեւ հաշվի ենք առնում գլոբալ արտաքին խաղացողների ներգրավվածության մակարդակը ռեգիոնում, ինչպիսին, օրինակ, Միացյալ Նահանգներն է։ Բարդության աստիճանը հասկանալու համար բավական է հիշել, որ մինչեւ 1970-ականների վերջերը Իսրայելը՝ մի կողմից, եւ միապետական Իրանն ու Թուրքիան՝ մյուս կողմից, բավական լավ կարողանում էին իրար լեզու հասկանալ։ Ի վերջո, գործում է քաղաքականության հստակ կանոնը, թե չկան հավիտենական բարեկամներ ու թշնամիներ, կան շահեր։ Այստեղ կարեւոր է նաեւ հասկանալ այլ նրբություններ եւս։ Երբ անցյալ տարի ՀԱՄԱՍ-ը սկսեց իր հարձակումն Իսրայելի վրա, շատերը հայտարարեցին, թե Իսրայելն էլ առաջվանը չէ։

Սակայն կյանքը ցույց տվեց, հատկապես Իսմայիլ Խանիեի եւ Հասան Նասրալայի սպանություններից եւ «պեյջեր հարձակումից» հետո, որ, պատկերավոր ասած՝ «դեռ վաղ է Իսրայելին հուղարկավորելը», եւ իսրայելական զինանոցում դեռ կան զենքեր, որոնք կարող են արդյունավետ կերպով կրակել։ Զուգահեռաբար, ներկա լարվածության ֆոնին սխալ է նաեւ կանխատեսելը, թե, ահա, ուր որ է՝ Իրանում «մոլլաների վարչակարգը» կարող է տապալվել։ Եվ, ի վերջո, կարեւոր է նաեւ հիշել, որ նոր հակամարտության բռնկումը չի նշանակում արդեն եղածի մոռացում կամ անտեսում։ Ամեն խաղատախտակ իր խաղն ունի, ինչպես դիպուկ կերպով նկատում է Մարկեդոնովը։ Ու ամեն խաղ ունի իր տրամաբանությունը, ինտրիգն ու արժեքը։