Մենք ունենք շատ ազնիվ, հերոս տղերք և ունենք վարակ, որ պիտի արմատախիլ արվի

Մենք ունենք շատ ազնիվ, հերոս տղերք և ունենք վարակ, որ պիտի արմատախիլ արվի

Մինչ ուրախանում էինք, որ շփման գծում լարվածությունը փոքր-ինչ թուլացել է և զոհերը պակասել են, վերջին 40 օրվա ընթացքում ունեցանք 13 մահ։ Ապրիլյան պատերազմից ընդամենը 4 տարի անց, փաստորեն, բանակում ոչ մարտական պայմաններում զինվորներ են մահանում։ Երբ հասարակությունն ու կառավարությունը, ի վերջո, սթափվելու ինչ-որ նշաններ ցույց տվեցին, 18-20 տարեկան երիտասարդների մահերն ընդամենը Արցախում ու Հայաստանում մի քանի պաշտոնանկություններ արժեցան։

 ՀԱԿ վարչության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ այս ամենի մեղավորը հրամանատարական կազմն է։ «Այս քրեական ենթամշակույթը համոզած եմ, որ սպաներից է անցնում զինվորներին։ Եթե սպաները լրջորեն  մտածեն էդ․․․ ենթամշակույթ են ասում, գողակա՞ն են  ասում, թե ինչ, դրա դեմ պայքարելու մասին, լիարժեք հաջողության կհասնեն»,-վստահ է Մալխասյանը։ Նույն կերպ էլ՝ նախկին քաղբանտարկյալ, Սովետաշենում և ԱԱԾ «պադվալում» նստելու փորձ ունեցող Վարդան Մալխասյանը համոզվել է, որ «նայողներին» ձևավորում է բանտային ադմինիստրացիան։ «Ասում ա՝ դուք գնացեք փող հավաքեք, դուք սա՛ արեք, նա՛ արեք, բայց իրենք քաշվում են մի կողմ, չեն երևում։ Շներին ո՞նց են ֆաս տալիս, ասում են՝ գնա նրան ճնշի, էն մեկից փող հավաքի, նրան՝ ծեծեք, նրան՝ ճնշեք։ Նույն բանն  էլ պատճենահանված բանակում է։ Այս ամենին թևութիկունք են տալիս հրամանատարները։ Եթե նրանք ազնիվ լինեն, ոչ մի զոն նայող, ոչ մի ենթամշակույթ զորամասում չի լինի» ,-ասում է Մալխասյանը։ Նա կրկնում է Ամարասի Արթուրի՝ Արթուր Ալեքսանյանի առաջարկը, որ եթե ՀՀ Զինված ուժերում իրոք կան անուղղելի տարրեր, որոնք չեն ենթարկվում, դրանց բոլորին կենտրոնացնեն ու տանեն առանձին գումարտակ՝ «դիսբատ»։

Իր կողմից նախկին ազատամարտիկը մեկնաբանում է․ «Ու էնտեղ իրար թող «նայեն․․․թող գնան էնտեղ, բոլո՛րը, բանտերում էլ կարան անեն։ Թող իրար «նայեն», հսկեն, մեկը մեկից գողանան, մեկը մեկին խփի, մեկը մեկի հետ մոլախաղերով զբաղվի»։ Ներկայացնում ենք նրա հետ հարցազրույցը։

-Պարոն Մալխասյան, մի այսպիսի մեկնաբանության ծանոթացա, թե ինչու են Արցախում նման դեպքերն ավելի շատ, քան Հայաստանի զորամասերում։ Ըստ այդմ՝ այնտեղ շատ ավելի շատ զինծառայողներ են կենտրոնացած։

-Այո, ճիշտ է։ Ղարաբաղում, իհարկե, ավելի շատ է կենտրոնացված մեր բանակի հատվածը։ Եվ չմոռանանք, որ Ղարաբաղի բնակչության մեծ մասը զինվորականներ են։ Զինվորականը առաջ՝ Ցարական իշխանության ժամանակներից միշտ համարվել է մտավորական, մտավորականության սերուցք միշտ զինվորական բարձր հրամանատարներին են համարել, որովհետև նրանք պետք է լինեն և՛ զինվորական, և՛ հոգեբան, և՛ ուսուցիչ, և՛ պատմաբան, ամեն ինչ։ Բայց քանի որ մեր մոտ համատարած բոլորին տանում են դեպի սպայական կազմ, նրանք պատրաստված չեն։ Կարող է՝ շատ լավ մարդիկ են, բայց էդ գործի համար չեն, արդարության մարտիկներ չեն։ Դրա համար էլ էդ վիճակն է։ Եթե 100 հազարից ջոկում են մի 3000 սպա, ապա կարող են մի քիչ ավելի մեծ քանակից ջոկել և ավելի որակյալ կադրեր ունենալ։ Նորից եմ ասում՝ գաղտնիքը հրամանատարների մեջ է․ ոչ մի 18, 20 տարեկան, չի կարող երես առնի, եթե հրամանատարներն իրենց այդ արտոնությունները չտրամադրեն։

-Նախկին զինդատախազ Գագիկ Ջանգիրյանն ասում էր, որ մինչև քննիչները տեղ են հասնում, բոլոր կողմերն իրար հետ պայմանավորվում են, վարկածները հիմնավորում։

-Բա կպայմանավորվեն, բա ինչ կանեն։ Դա էլ տարբերակներից մեկն է, բայց գլխավոր խնդիրը, նորից եմ ասում՝ հրամանատարական կազմն է։

-Պարոն Մալխասյան, մի փակ ինֆորմացիայի տեղեկացանք, որ այդ դեպքերը նաեւ պայմանավորված են «խաղալով»։ 

-Դա էլ իր հերթին։ Ամեն ինչն՝ իր հերթին․ ինչ կատարվում է զորամասում, զորամասի հրամանատարները, տեղակալները, շտաբի պետը, բոլոր սպաներն անգիր գիտեն։ Որևէ բան հնարավոր չէ ծածուկ պահել։ Եվ այլ հարց է, որ գուցե այս ամենը իրենց ձե՞ռ է տալիս, իրենք փող են աշխատում։ Մի հատ նայեք էդ հրամանատարներին։ Մի հատ հրամանատար չկա, որ վերցնես, գնդապետից բարձր կոչում ունեցող, որ շատ հարուստ չապրի։ Թե՛ Հայաստանում, թե՛ Ղարաբաղում դղյակներ ունեն, իրենց աշխատավարձից հարյուրապատիկ ավելի ճոխ կյանքով են ապրում։ Որտեղի՞ց դրանց էդ փողը։ Այ տենց բաներ են սարքում, «նայողներ»։ Էդ «նայողները» զինվորներից փող են հավաքում, ծնողների հետ բազարների մեջ մտնում, կռիվ են սարքում․․  սենց խայտառակ վիճակ։ Ու ես ասում եմ՝ եթե գլուխը փոխես, մարմինը հանգիստ կաշխատի։ Գլուխն է հիվանդ։

-Բա ոնց է լինում, որ 4 տարի առաջ Ապրիլյան պատերազմ տեսած բանակում այնքան են մոռանում արտաքին թշնամու մասին, որ անցնում են իրար ուտելուն։

- Բանակը մեր կյանքից հեռու չէ, իսկ կյանքում գլուխը ոնց ուղղություն է տալիս, մարմինը գնում է այդ ուղղությամբ։ Հիմա Ապրիլյան էլ տեսանք, ամեն ինչ էլ տեսանք, մենք միշտ ասել ենք, որ մեծագործությունից մինչև ծիծաղելին մեկ քայլ է։ Հերոսությունից մինչև դավաճանություն մեկ քայլ է։ Եվ մենք ունենք շատ ազնիվ, հերոս տղերք և ունենք․․․ վարակ։ Վարա՛կ, վարակ, բոլոր տեղերում կա, մոլախոտի նման տարածվում ա և չի թողնում, որ մշակովի բույսերը զարգանան։ Մտել են մեջները, ուտում են։ Էս վարակը պիտի արմատախիլ արվի։ Չարիքը պտի արմատախիլ արվի։ Եթե հնարավոր չէ փոխել, պետք է արմատախիլ անես։