Փառք Աստծո, որ Մարությանն էլ կինո չի նկարում ու անկեղծորեն մի բան է անում քաղաքապետարանում 

Փառք Աստծո, որ Մարությանն էլ կինո չի նկարում ու անկեղծորեն մի բան է անում քաղաքապետարանում 

ԱԺ-ում Կինոյի մասին օրենքի լսումներից հետո «Հրապարակ» -ը զրուցել է դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Միքայել Պողոսյանի հետ։

-Պարոն Պողոսյան, ի ՞նչ կտան այս լսումները։

-Սրանք անհրաժեշտ պրոցեսներ են՝ իրենց լավով, վատով, իրենց անհեթեթություններով, բայց սկզբունքորեն կա տենդենց բարելավելու կինոոլորտը։ Ի վերջո ինչքա՞ն կարող են անհատներն իրենց ջանք ու եռանդով ինչ-որ բաներ արարել՝ չհիմնվելով ոչ մի աջակցության և այլնի վրա։ Այսինքն՝ այն ամպագոռգոռ բառերը, որ մշակույթը մեր բրենդն է, ոնց որ էսօր հնչեց, վերջապես պետք է իրականություն դառնա։ Կինոն իրոք շատ բարդ ոլորտ է և ներդրումներ են պետք։ Առաջին հերթին պետք է այդ տուրքերից ազատել կինոն։ Առհասարակ։ Եվ սա միակ ճիշտ զարգացման բանաձևն է։ Կինոն պետք է ֆինանսավորվի, ուրիշ բանաձև չկա։ «Հայֆիլմը» պետք է վերականգնվի։

-Կան մարդիկ, ովքեր հակառակն են պնդում, որ հիմա մեկ սենյականոցում կարելի է ունանել մեկ գերհզոր համակարգիչ, կինոստուդիա և փորձել մի բան անել։

-Նայած խոսքը որ և ինչ որակի կինոյի մասին է։ Մենք հո չե՞նք պարփակված հայկական կինոյի շրջանակներում, մենք  տեսնում ենք, թե աշխարհում ինչ է կատարվում։ Մենք պետք է վերջապես․․․ ինչքան կարելի է․․․․ հա, մրցանակներ ենք բերում և այլն։ Նախ, դա ընդհանրապես ոչ մեկին չի հետաքրրքում, դու կարող ես եսիմ ինչ ատյաններ հասնել, նույնիսկ դրա մասին չլուսաբանվի։ Շատ  բացիթողի վիճակում է ամեն ինչ։

-Իսկ Ձեր կարծիքով՝ պետք է հեղինակային կինոյի ուղղությա՞մբ գնանք՝ հաշվի առնելով, որ փող չունենք․․․

-Անհատը պետք է գնա այն ճանապարհով, որն ինքը ընտրել է՝ չմտածելով դա հանրությանը պե՞տք է, թե՝ ոչ։ Այսինքն՝ սկզբունքորեն նա պետք է նախ իր ճանապարհով գնա։ Օրինակ՝ ես զուգորդում եմ ֆիլմեր, որոնք,․ փառք Աստծո, հանդիսատեսն էլ է ընդունում, միջազգային փառատոններն էլ, բայց, օրինակ, նախաձեռնում եմ մի ֆիլմ՝ դրամա, որը բացարձակ կոմերցիոն չէ, բայց պետք է այս ճանապարհով գնամ,․ որովհետև ասելիք ունեմ, որը շատ կարևոր է ինձ համար ու ոչ միայն ինձ համար։

- Իսկ չե՞ք կարծում, որ պետք է վերջ տալ այդ թեթև ու անիմաստ կատակերգություններին, որոնք, ի դեպ, դահլիճներ են հավաքում։

-Ոչ, կան կատակերգություններ, որոնք խուտուտի համար են, ես նրանց խուտուտչիներ եմ անվանում։ Այ դրանց դեմն առնել պետք է։ Ամեն մի ֆիլմ չի կարող «Կինո Մոսկվայում»  կամ ինչ-որ մի այլ կինոթատրոնում ցուցադրվի։ Կամ էլ իրենք պետք է վճարեն շատ բարձր վճար։ Էդ ցուցադրումների համար։ Ինչու պետք է արժանի ֆիլմերն ու այդ խուտուտչիների ֆիլմերը կարողանան հավասարաչափ ցուցադրվել։ Ամեն մի հումորիստ, որը հանրության համար հայտնի է ու փողեր է հայթայթել, իրեն գցում է, կոպիտ ասած՝ մեյդան։ Ու դառնում է ինչ-որ մի շատ ճանաչելի մեդիադեմք։

-Իսկ մեր ներկայիս քաղաքապետ և նախկին հումորիստ քաղաքապետը, որ ֆիլմեր էր նկարում․․․

-Փառք Աստծո, որ կինո չի նկարում ինքը։

-Իսկ միգուցե մենեջերն էլ կամ ճարտարապետներն էլ տարիներ անց ասեն՝ փառք Աստծո, որ քաղաքապետ չէ էլ։

-Ես կարծում եմ, որ ազնվորեն փորձում է այս ոլորտում իրեն դրսևորել ու եթե իր կինոներին դեմ էի, բայց իր այս նախաձեռնություններին կողմ եմ, որովհետ, նորից եմ ասում՝ ուզում է մի բան անի էն տեղում, որում հայտնվել է։