Սնամեջ ու սնապարծ

Սնամեջ ու սնապարծ

Դեմագոգություն, պոպուլիզմ, դատարկ փիառ, ուրիշի վաստակն իրեն վերագրել, մեծախոսություն, գլուխգովանություն, սխալը համառորեն պնդել ու շարունակել` այն խոստովանելու, ուղղելու փոխարեն․ այս հատկանիշներն են միավորում այսօր իշխանական բարձր պաշտոններ զբաղեցնողների մեծամասնությանը:

Անգամ պաշտոնից հեռացողները փոխանակ ներողություն խնդրեն իրենց բացթողումների ու սխալների համար, հպարտանում են «հաջողություններով ու ձեռքբերումներով»` թույլ չտալով, որ հասարակությունը կամ գոնե ենթակաները գնահատականներ հնչեցնեն:

Երեկ կարդում եմ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրաժեշտի խոսքը եւ ապշում եմ` դժվար թե սինգապուրյան հրաշքի հեղինակ Լի Կուան Յուն այդպիսի շռայլ որակումներ տար իր գործունեությանը: Սրանց թվում է, թե իրենցից առաջ անապատ է եղել, եւ անգամ երկրագունդն է իրենց շնորհիվ պտտվել: Մարդը զմայլված է իր գործունեությամբ, եւ որպեսզի ցույց տա, որ նեղացած չէ վարչապետից` իրեն գործից հանելու համար, նրա նշանակած Ժաննա Անդրեասյանին էլ է հընթացս գովաբանում:

Պարզվում է` ցույցերն ու բողոքի ալիքներն է մարել, բուհերի հոգաբարձուների խորհուրդներ է ձեւավորել` բուհերի ճգնաժամը վերացնելով, բուհերի ընդունելության նոր կարգ է մշակել, թանգարանների կառավարման նոր մոդել է ստեղծել եւ անգամ մի կրպակ է ապամոնտաժել` «վերականգնելով հրապարակի ճարտարապետությունը»: Եվ սա ասում է մի մարդ, ում օրոք բուհերի հոգաբարձուներ են դարձել ՔՊ բարձրաստիճան պաշտոնյաները, բուհերի միավորման անտրամաբանական նախագծեր են առաջ բերվել, «Բարձրագույն կրթության մասին» օրենքն են մի քանի անգամ լրամշակման ուղարկել, որ նախագծի թերությունները շտկվեն, եւ հրապարակի շենքերի վրա հազարավոր անցքեր են արվել` վնասելով մշակութային արժեք ներկայացնող հուշարձաններին: