Զրո հարգանք

Զրո հարգանք

Երբ իշխանությունը թույլ է ու իր տեղում չէ, երկրի հանդեպ հարգանքը նվազում է։ Տեղից ելնողը կարող է որոշումներ կայացնել, քիթը խոթել մեր ներքին գործերին, քայլեր թելադրել ու կարծիք հայտնել։ Դա է պատճառը, որ հաճախացել են դրսից հնչող աննախադեպ հայտարարությունները, որոնց մեջ էթիկետի կանոնները չեն պահպանվում։ Նաեւ՝ հաճախ իմանում ենք, որ այս կամ այն ֆորմատում այս ու այն պետությունների ղեկավարները քննարկում են Հայաստանի ու Արցախի հարցը։ Էլ չեմ խոսում այն մասին, որ մեր թշնամիները բացահայտ վիրավորում են երկրի ղեկավարին, թելադրում իրենց պահանջները, եւ մենք՝ վաղ թե ուշ, կատարում ենք այդ պահանջները։

Երբեմն նաեւ կուլիսներից են լուրեր հասնում, որ այսինչ ռուս բարձրաստիճան պաշտոնյան անթույլատրելի լեքսիկոն է կիրառել եւ հանձնարարել այսինչ բանը շուտափույթ կատարել։ Այսինչ երկրից հերթական ուլտիմատումն է ստացվել, թե՝ ինչու եք ուշացնում ձեր խոստումը կատարելը, իսկ բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ էլ մեր երկրի բարձրաստիճան ներկայացուցիչները կա՛մ բերանները ջուր են առնում, կա՛մ խնդրողի դերում են հանդես գալիս։ Գրեթե նույն վիճակն է նաեւ երկրի ներսում՝ իսպառ վերացել է հարգանքն իշխանության ներկայացուցիչների նկատմամբ։

Նրանց հասցեին ամենավերջին վիրավորանքներն ու հայհոյանքներն են ասվում, եւ անգամ վիրավորանքը քրեականացնելուն ուղղված քայլերը, ԱԱԾ-ն եւ մյուս իրավապահներին ներքաղաքական կյանքում կիրառելը չեն օգնում գործին, չեն նվազեցնում այդ տեղատարափը։ Ինչպես ասում են՝ ջինը շշից 2018-ին բաց եք թողել եւ նորից ներս մտցնել չեք կարողացել։ Ավելին՝ հենց բարձր իշխանավորների շուրթերից այնքան վիրավորանք ու անթույլատրելի որակումներ են հնչել, որ մարդիկ՝ իրենք, սկսել են կառապանի նման արտահայտվել։