Վլադիմիր Գասպարյանի դուստրը անդրադարձել է քրեական հետապնդման լուրին

Վլադիմիր Գասպարյանի դուստրը անդրադարձել է քրեական հետապնդման լուրին

Երգչուհի Անգելինա Գասպարյանը՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը, անդրադարձել է իր քրոջ դեմ հարուցված քրեական գործին՝ ընդգծելով, որ տեղեկությունները կեղծ են:

Անգելինա Գասպարյանն ինստագրամի սթորի բաժնում հետևյալ մեկնաբանություններն է թողել. 

«Առհասարակ մեկ-մեկ նենց ծիծաղելու և աբսուրդ բաներ են գրում, որոնց մի հավատացեք: Ինձ հետ կապված տեղեկությունների 90%-ը սխալ է ու իմ հետևորդները գիտեն դրա մասին: Միակ մարդը, որը կարող է իմ կյանքի վերաբերյալ որևէ բան հայտարարել, ես եմ: Չար մարդկանց ասածներին ուշադրություն մի դարձրեք: Ես միշտ ծիծաղում եմ իրենց վրա: Ես հասկանում եմ, որ վառված մարդիկ հիմա շատ են և փորձում են վատություն անել, բայց շտապում եմ ձեզ տեղեկացնել՝ իմ կյանքում ամեն ինչ լավ է, ինչպես միշտ»: 

Հիշեցնենք, որ ըստ Գլխավոր դատախազության, 2011-2018 թվականներին Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Գասպարյանի դուստր Յ.Գ.-ն, 2015-ից Ոստիկանությունում նշանակվել է պաշտոնի, ստացել ոստիկանության փոխգնդապետի կոչում, ապա իր զեկուցագրի հիման վրա 2018-ին ազատվել ծառայությունից, իսկ պաշտոնին նշանակվելուց հետո՝ մինչև պաշտոնավարման դադարեցումը, դատախազության փոխանցմամբ, առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել:

Վերը նշված ժամանակահատվածում Յ.Գ.-ին, որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ, փաստացի վճարվել է 8 մլն 838 հազար դրամ, վերջինս էլ, աշխատանքի չհաճախելով և ծառայողական պարտականությունները փաստացի չկատարելով, ստացել և կանխիկացրել է իրեն տրամադրված գումարները։