Հակասահմանադրական օրենք, որից տուժելու են ոչ միայն նախկինները

Հակասահմանադրական օրենք, որից տուժելու են ոչ միայն նախկինները

Երկօրյա բուռն քննարկումներից հետո խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց, ընդդիմադիրների բնորոշմամբ՝ «հակասահմանադրական» օրենքի նախագիծը, որը ներկայացրել էր կառավարությունը։ Խոսքն «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» նախագծին է վերաբերում։

Սրանով գույքի բազային արժեքի որոշման իրավասությունը տրվում է կառավարությանը, ինչը հակասում է Սահմանադրությանը, քանի որ, ինչպես ԼՀԿ-ական Մանե Թանդիլյանը հիշեցրեց, հարկերը սահմանվում են բացառապես օրենքով: Շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգով կառավարությունը գույքն ավելի բարձր գնահատելու հնարավորությունը վերցնում է իր ձեռքը, որով էլ փորձելու են բարձրացնել գույքահարկը։ Անշարժ գույքի գինը լինում է կա՛մ շուկայական, կա՛մ կադաստրային։ Կադաստրային արժեքն այն է, որ տվյալ գույքը՝ բնակարանը, հողամասը, կարող է բերել իքս չափի եկամուտ։ Շուկայական արժեքն այն է, թե որքան է պատրաստ սուբյեկտը վճարել գույքի համար։ Պարզ է նաեւ, որ այս նախագիծը նախկին մեծահարուստների գլխին որպես մահակ է ծառայեցվելու, բայց տուժելու են հատկապես Երեւանի կենտրոնի բնակիչները, որոնց գույքը պետությունը գնահատելու է իր հայեցողությամբ։

Սոցիալական արդարության տեսանկյունից թվում է, թե նորմալ է, որ թանկարժեք գույք ունեցող հարուստները պետք է ավելի շատ հարկ վճարեն, քան մյուսները, սակայն խնդիրն այն է, որ այս պարագայում կտուժեն նաեւ շարքային քաղաքացիներ, որոնք ժառանգաբար ստացել են բարձրարժեք գույք եւ չեն պատրաստվում այն վաճառել ու գնալ արվարձաններ։ Մյուս կողմից՝ ինչո՞ւ է գործընթացն իրականացվում Սահմանադրությունը ոտնահարելու գնով։ Հիշեցնենք, որ օրենքն ուժի մեջ կմտնի 1.5 տարի հետո՝ 2021-ին։ Այս հարցադրումը հուզում էր ընդդիմադիր ԼՀԿ խմբակցությանը, սակայն, ընդունելով հանդերձ խնդիրը, իշխանականները որոշեցին, որ հարցին կարելի է անդրադառնալ երկրորդ ընթերցման ժամանակ։ «Այն ահռելի աշխատանքը, որն անհրաժեշտ է իրականացնել, օրենքի նախագծով կառավարությունը պետք է իրականացնի 1,5 տարվա ընթացքում, որը, փաստորեն, «որոշվեց» իրականացնել երկու շաբաթվա ընթացքում: Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ տնտեսության համար չափազանց կարեւոր օրենքը հակասահմանադրական վիճակով հասնում է լիագումար նիստի քննարկմանը՝ ստանալով դրական եզրակացություն բոլոր փուլերում, որից հետո իրականացվում են հրատապ եւ ոչ արդյունավետ փոփոխություններ»,- նախագծի քվեարկությունից հետո հայտարարեց Մանե Թանդիլյանը։

Նա իր ելույթում հայտարարել էր, որ օրենսդիրի գործառույթից հանել են հարկը որոշելու սահմանադրական լիազորությունը եւ տարել կառավարության որոշման դաշտ: Բացի այդ, գույքից ստացված գույքահարկը գնում է համայնքային բյուջե, այսինքն՝ հարցերը պետք է լուծի համայնքի ավագանին, իսկ կառավարությունը, Թանդիլյանի համոզմամբ, իրավունք չունի այդ մասով որոշումներ կայացնել: «Հստակ գրված է, թե ով ու ինչ միջոցներով է ձեւավորում համայնքի բյուջեն: Հետեւաբար՝ քննարկեք, վերադարձրեք բոլոր այն դրույթները, որոնք հանել եք օրենսգրքից»։

Ի դեպ, նախագծին դեմ քվեարկեց միայն ԼՀԿ-ն, իշխանական երկու պատգամավոր՝ Թագուհի Թովմասյանն ու Արսեն Ջուլֆալակյանը, ձեռնպահ էին։ Իսկ ԲՀԿ-ն էլ, դեմ ըլլալով, կողմ եղավ։ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենց խմբակցության պատգամավորները հանձնաժողովում նախագծի քննարկմանը դեմ են քվեարկել եւ ճիշտ են արել, քանի որ, ըստ պատգամավորի, օրենքը թերի է: «Սակայն խմբակցությունում քննարկելուց հարցը հասկացանք, որ այն հնարավոր է տարատեսակ շահարկումների առիթ տա, ուստի մենք կողմ ենք քվեարկում»,- ասաց նա: «Երեւանում բիզնես ունեցող անձի՛նք, ուզում եմ տեղեկացնել, որ այս օրենքի հնարավոր բոլոր բացասական հետեւանքների համար պատասխանատվություն է կրելու քաղաքական մեծամասնությունը: Մենք կողմ ենք քվեարկում՝ տարատեսակ շահարկումների տեղիք չտալու համար»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հավանաբար, պատգամավորը նկատի ուներ, որ դեմ քվեարկելուց հետո ԲՀԿ-ին կարող էին մեղադրել, թե բազմաթիվ անշարժ գույքի սեփականատեր Գագիկ Ծառուկյանին են «փրկում» խոշոր գույքահարկից։