2018-ի ինքնանպատակ իշխանափոխությունը տեսանք, թե ինչ ողբերգությունների հանգեցրեց
«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
- Ընդդիմությունն արդեն երկրորդ շաբաթն է անցել է ապակենտրոն պայքարի` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ի՞նչ եք կարծում` 2018-ի իշխանափոխության տեխնոլոգիաներով հնարավոր կլինի՞ հեռացնել գործող իշխանություններին:
- Իշխանափոխությունն ինքնին նպատակ չէ: 2018-ի ինքնանպատակ իշխանափոխությունը տեսանք, թե ինչ ողբերգությունների հանգեցրեց: Պետք է լինի նպատակ, այսինքն՝ ինչ քաղաքականություն է իրականացնելու ապագա իշխանությունը, տրվի կարևորագույն հիմնահարցերի պատասխանները, ապագա կառավարության կազմն ու կադրային քաղաքականության սկզբունքները: Դա արդեն հնարավոր է իշխանափոխությունը կիմաստավորի, որը կմոբիլիզացնի հանրության լայն շերտերի՝ հենց այդ իշխանափոխության համար: Իսկ տեխնոլոգիան երկրորդական հարց է, դա ընդամենը մեխանիզմ է, պետք չի միայն դրա վրա կենտրոնանալ:
- Իշխանություններն այնուամենայնիվ լուռ են: Այս մասին չեն խոսում, չեն արձագանքում: Ի՞նչ է սա նշանակում: Այսինքն` վստահ են, որ չե՞ն հեռանալու, թե՞ իրենք ևս ցանկանում են գնալ:
- Գործող իշխանությունը ոչ պրոֆեսիոնալ է, հիմնականում պատահական մարդկանցից կազմված, որոնք ապագային միտված ոչ ծրագրեր ունեն, ոչ պատկերացումներ, ոչ էլ հասկանում են, թե ինչ է իրենից ներկայացնում պետական մեքենան: Լուռ են, որովհետև ասելիք չունեն:
- Լայն զանգվածներն էլ կարծես շատ չեն մասնակցում ընդդիմադիրների կազմակերպած ակցիաներին: Ինչո՞ւ:
- Գուցե Ձեր հարցի պատասխանը տվեցի սրանից առաջ հարցի ժամանակ: Լայն զանգվածները, ըստ երևույթին, ցանկանում են լսել կարևորագույն հարցերի պատասխանները, ինչ պետություն ենք կառուցելու իշխանափոխությունից հետո և ովքեր են կառուցելու: Կա հանրային խորքային անվստահություն քաղաքական ու հասարակական դերակատարների հանդեպ:
Կարծիքներ