Ինձ աշխատանքից հեռացրեցին Հոկտեմբերի 27-ի մասին լրագրողական հետաքննություն իրականացնելու համար

Ինձ աշխատանքից հեռացրեցին Հոկտեմբերի 27-ի մասին լրագրողական հետաքննություն իրականացնելու համար

Հայաստանի ժողովրդական կուսակցության նախկին անդամ, լրագրող Ռուզան Խաչատրյանը տասը տարի է, ինչ ապրում է Ստոկհոլմում։ Մեզ հետ զրույցի ժամանակ Ռուզան Խաչատրյանն ասաց, որ Մարտի 1-ի իրադարձությունները վերջին կաթիլն էին, որոնք ստիպեցին  իրեն հեռանալ Հայաստանից։ Մինչ այդ Ռուզանը, որպես ընդդիմադիր կուսակցության անդամ,  պայքարում էր Ռոբերտ Քոչարյանի ռեժիմի դեմ։ 

Նախքան մեր զրույցը սկսելը նա նախ շնորհավորեց 1999թ․ զոհված ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի հարազատներին, համախոհներին նրա ծննդյան օրվա առթիվ։

«Կարծում եմ, որ դա սովորական մարդու ծննդյան օր չէ եւ արժե հիշել այդ մասին։ Կարծում եմ նաեւ, որ այսօրվա քաղաքական գործիչները ճիշտ կանեն, եթե ուսումնասիրեն Կարեն Դեմիրճյանի թողած ժառանգությունը, նկատի ունեմ՝ նրա ծրագրերը, մտահղացումները, որոնք ուներ Հայաստանի ապագայի վերաբերյալ։ Դրանք  պետական այրի ծրագրեր էին եւ միայն օգուտ կարող են տալ այսօրվա քաղաքական գործիչներին, որոնք օբյեկտիվ պատճառներով չունեն այդ փորձը։ Կարծում եմ, որ Մաքիավելի կարդալուց բացի արժե ծանոթանալ նաեւ նրա ծրագրերին»,- նշեց Ռուզան Խաչատրյանը։ 

-Մեկ տարի առաջ տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը, որը շատերի համար սպասելի չէր։ Հեռվից հետեւելով իրադարձությունների ընթացքին՝ սպասո՞ւմ էիք, որ Հայաստանում կարող է լինել նման ձեւով սահուն իշխանափոխություն։

-Դուք տեղյակ եք, որ ես, ինչպես նաեւ իմ շատ ընկերներ, երկար տարիներ եղել ենք պայքարի մեջ։ Եվ երբ հարց են տալիս, թե ինչու այն ժամանակ չստացվեց իշխանափոխություն, իսկ անցյալ տարի ապրիլին ստացվեց, ասում եմ՝ ինձ համար չկա այն ժամանակ եւ հիմա։ Դա շարունակական գործընթաց է եղել, որը սկսել է քսան տարի առաջ եւ ավարտվել է մեկ տարի առաջ։ Ինձ համար դա միեւնույն գործընթացի տրամաբանական ավարտն է։ Կարող էր այդ թավշյա հեղափոխությունը լինել ոչ թե 2018թ․ ապրիլ-մայիսին, այլ ավելի ուշ։ Այդ երկարատեւ եւ բավականին բարդ պայքարի ժամանակ եղան զոհեր, հիասթափվածներ, եղան մարդիկ, որոնք զրկանքներ կրեցին, հեռացան Հայաստանից։ Մենք հասանք մեր նպատակին, եւ ես վստահ էի, որ վաղ թե ուշ ՀՀ քաղաքացիները հասնելու են  այդ նպատակին։ 

-Մեկ տարվա ընթացքում, ըստ Ձեզ, տեսանելի ի՞նչ փոփոխություններ կան Հայաստանում, Շվեդիայի հայ համայնքն ինչպե՞ս է արձագանքում այդ փոփոխություններին։

-Շվեդիայի հայ համայնքը կազմակերպված չէ, կամ ես չեմ տեսնում այն՝ որպես այդպիսին։ Ես կարծում եմ, որ եւ՛ Հայաստանում ապրողները, եւ՛ Հայաստանից դուրս գտնվողները նույն զգացմունքներն ունեն․ բացի ողջունելուց եւ հպարտանալուց դժվար է այլ զգացմունք ունենալը։ Համենայնդեպս՝ հայ ժողովրդի մեծ մասն այդ զգացմունքներն ունի։ Ի՞նչ է փոխվել մեկ տարվա ընթացքում։

Առաջին հերթին փոխվել են  մարդկանց վերաբերմունքը, տրամադրությունը, հույսերը։ Կա հույս, որ մենք կարող ենք փոխել մեր կյանքը, թեկուզ՝ դանդաղ։ Փոփոխությունները լինելու են դանդաղ։ Այսօր ոմանք փորձում են խաղալ այդ լարի վրա, թե ոչինչ չի փոխվել։ Դա սուտ է, շատ բան է փոխվել։ Երկրորդը՝ ո՞վ ասաց, որ մեկ-երկու տարվա ընթացքում հնարավոր է հասնել մեծ փոփոխությունների։ Կարծում եմ, որ դրանք սադրանքներ են։ Հուսով եմ, որ մեր ժողովուրդը այնքան պրակտիկ դատող է՝ լինելով նաեւ ռոմանտիկ, որ շատ լավ հասկանում է՝ կարճ ժամանակում չեն կարող լինել փոփոխություններ։ Հնարավոր չէ։ Իսկ այսօրվա իշխանություններին ուզում եմ հորդորել, որ տուրք չտան այդ սադրանքներին եւ չպատասխանեն դրանց։ Այդ ամենն արվում է միտումնավոր, որպեսզի ներկա իշխանություններին շեղեն իրենց ճանապարհից, ստեղծեն ցայտնոտային վիճակ։ 

-Դուք 1999թ․ հոկտեմբերի 27-ին, որպես լրագրող,  եղել եք Ազգային ժողովում։ Հետագայում Ձեզ հեռացրեցին Հանրային հեռուստաընկերությունից ընդդիմադիր դիրքորոշման համար։ Թավշյա հեղափոխությունից հետո արծարծվում է նաեւ Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հարցը, որքանո՞վ է դա իրատեսական։ 

-Ընդդիմադիր հայացքների համար ինձ դեռ 1996-97 թթ․ արգելում էին պատրաստել քաղաքական հաղորդումներ։ Բայց 2000 թվականից ինձ հեռացրեցին Հանրային հեռուստաընկերությունից Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ լրագրողական հետաքննություն իրականացնելու համար։  Հոկտեմբերի 27-ին ես եղել եմ ԱԺ-ում, ավելին՝ երբ բոլոր լրագրողներին դուրս հրավիրեցին, կես ժամ հետո ես վերադարձել եմ ԱԺ-ի դահլիճ, բանակցություններ եմ վարել ահաբեկիչների հետ։ Հետո բարձրացել եմ Կարեն Դեմիրճյանի աշխատասենյակ, այդ ժամանակ էր, որ եկավ Ռոբերտ Քոչարյանը։

 Ես լրագրողական հետաքննության  ժամանակ կարողացա փաստեր ի հայտ բերել, հարցազրույց արեցի Ազգային ժողովի բուժքրոջ հետ։ Նա այդ հարցազրույցում ապացուցում էր, որ բացի այդ հինգ ահաբեկիչներից ԱԺ-ի շենքում եղել են նաեւ նրանց կողմնակիցները։ Նա լսել էր երկխոսությունը նրանց միջեւ։ Եվ երբ ես հրապարակեցի այդ տվյալները, տեսագրությունը  տրամադրեցի Ազգային ժողովի Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները քննող հանձնաժողովին, շատ կարճ ժամանակ անց ԱԺ-ի բուժքույրն ու բժիշկը հայտնվեցին ԱՄՆ-ում։ Մինչդեռ նրանք կարեւորագույն վկաներ էին, որոնք շատ արագ լքեցին Հայաստանը։ Իսկ հետո ես իմացա, որ բուժքույրը շատ տարօրինակ հանգամանքներում մահացել է։ Հիմա քննարկվում է՝ հնարավո՞ր է բացահայտել Հոկտեմբերի 27-ը, թե՞ ոչ։

Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտում մինչ օրս չի եղել։ Բացարձակ չի արվել դա։ Գործից անջատված մասը, վկաների կրճատումը, ամեն ինչ հանգեցնում է նրան, որ փորձ չի արվել իրականում բացահայտել Հոկտեմբերի 27-ը։ Ես չգիտեմ՝ մինչեւ վերջ հնարավո՞ր է բացահայտել այդ գործը, հնարավո՞ր է բացել Հայաստանից դուրս տանող թելերը, թե՞ ոչ։ Բայց կան բազմաթիվ հարցեր, որոնք պետք է ստանան իրենց պատասխանը։ Թե ինչու տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ը՝ բազմաթիվ վարկածներ են առաջ քաշվում։ Այսօր շեշտը դրվում է Մեղրին Լաչինով փոխանակելու տարբերակի վրա։ Փաստ է, որ եղել են Մեղրիի փոխանակմանը  վերաբերող բանակցություններ, կան վկաներ, ապացույցներ։ Բայց ես կարծում եմ, որ միայն Մեղրիի տարբերակը չի եղել Հոկտեմբերի 27-ի հիմքում։ Այն ժամանակ շատ ակտիվ բանավեճեր եւ քննարկումներ էին ընթանում Հայաստանի ստրատեգիական կապը, էլեկտրաէներգիան սեփականաշնորհելու համար, ինչը տեղի ունեցավ, եւ ինչին Կարեն Դեմիրճյանը կտրականապես դեմ էր։ Եվ ես կարծում եմ, որ ներքին այդ անհամաձայնություններն էլ իրենց դերն են խաղացել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կազմակերպելու հարցում։ Դրանից հետո փոխվեցին Հայաստանի տնտեսությունը, քաղաքականությունը։ 

-Թավշյա հեղափոխությունից հետո մտադի՞ր եք վերադառնալ Հայաստան։

-Ես կարծում եմ, որ արտերկրի հայերից ում էլ տաք այդ հարցը, պատասխանը լինելու է միանշանակ՝ այո։ Ես չեմ լքել Հայաստանը, պարզապես ժամանակավոր բնակվում եմ Հայաստանից դուրս, նաեւ՝ գալիս եմ Հայաստան։ Վերջին անգամ Մարտի 1-ին եմ եղել Հայաստանում եւ մասնակցել եմ Մարտի 1-ի երթին։ Ես Ստոկհոլմում աշխատում եմ որպես ուսուցիչ, դասավանդում եմ հայոց լեզու եւ ռուսաց լեզու տարբեր դպրոցներում։ Կարծում եմ, որ հայանպաստ գործ եմ անում, որպեսզի սփյուռքում ապրող  մեր երեխաները չմոռանան իրենց մայրենի լեզուն։