Հայաստանյան ժողովրդավարության հերթական նոու-հաուն

Հայաստանյան ժողովրդավարության հերթական նոու-հաուն

Ինչ գործազուրկի կարգավիճակ ստացա, իսկ այնուհետև թոշակառուի՝ բջջայինը հազվադեպ եմ վերցնում տնից դուրս գալիս: Այս անգամ էլ չէի վերցրել, բայց խիստ ափսոսացի այդ սխալիս համար: Որովհետև եթե վերցնեի, ապա «Հրապարակ»-ի ընթերցողները կտեսնեին, որ նիկոլական «ժողովրդավարական» Հայաստանում բացի նրա ավտոշարասյան վարորդներից գոյություն ունեն նաև «առաջին» կարգի վարորդներ կամ մեքենաներ, որոնց պատհամարանիշի վրա գրված է «ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ»: Ինչը, որքան գիտեմ, որևէ օրենքով չի թույլատրվում: Իսկ այն, ինչ թույլատրված չէ պետական կառույցներին, արգելված է լռելյայն (ռուսերեն՝ по умолчанию, անգլերեն՝ by default): Կամ գուցե արդեն թույլատրվում է, ու ես ե՞տ եմ մնացել կյանքից: Որովհետև եթե չթույլատրվեր, ապա նման գրությամբ պետահամարանիշ չէր պատրաստվի:

Իսկ թե ինչու է այն պատրաստվել և տեղադրվել մեքենայի վրա, կարծեմ, պարզ է բոլորին. որպեսզի ոստիկանության պարեկների խելքին չփչի ինչ-որ խախտման պատճառով կանգնեցնել այդ մեքենան: Կարծում եմ, որ սա նոր խոսք է ժողովրդավարության պրակտիկայում: Եվ համաշխարհային ժողովրդավարությունների հաջորդ գագաթնաժողովի ժամանակ այն պետք է ներկայացվի մասնակիցների ուշադրությանը: Եվ ենթադրում եմ, որ այն կընդունվի մեծ ուրախությամբ: Անկեղծ ասած, երկու-երեք տասնամյակ առաջ, երբ ինքս ինձ համարում էի ժողովրդավարության ջատագով, կմտածեի, որ հայաստանյան նոու-հաուն կմերժվի արևմտյան երկրների կողմից: Սակայն վերջին տարիների իրադարձությունների ֆոնին արդեն այդպես չեմ մտածում:   

Հետաքրքիր է, որ ինչ-որ ժամանակ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած Փաշինյանն անդրադարձել էր «գոլդեն» համարանիշների խնդրին՝ ասելով, որ եթե մարդիկ պատրաստ են դրա վրա փող ծախսել, ապա ինչո՞ւ չվաճառել դրանք: Բայց այ մի երևույթի մասին ոչինչ չասաց: Կարծում եմ, որ նույն տրամաբանությամբ պետք է մոտենալ, օինակ, վարչապետի կամ այլ գերատեսչությունների աշխատակազմերի ավտոմեքենաների՝ նման գրություն ունենալու խնդրին: Եվ քանի որ ինչ-որ պետական հիմնարկ չի կարող այլ պետական հիմնարկի առումով կազմակերպել համարանիշային աճուրդ՝ ապա դրանց գինը կարելի է ամրագրել համապատասխան պետական տուրքի չափով: Արդյունքում կունենանք ծառայության մատուցում ու փողի շարժ, որն իր հետ կբերի ԱԱՀ-ի և հարկային այլ մուտքերի ավելացում: Ոչինչ, որ այդ շարժը տեղի կունենա զուտ պետական կառույցների շրջանակում: Կարևորը փողի շարժն է: 

Հ. Գ․1. Հոդվածի վերնագրում տվյալ երևույթն արձանագրել եմ որպես հերթականը, քանի որ 1-2 անգամ ևս արձանագրել եմ նմանատիպ «նոու-հաու»-ներ: 

Հ․Գ․2 Լուսանկարը ուղարկել է «Հրապարակ»–ի ընթերցողներից մեկը։