Բալասանյանը Մարությանի օգնությանն է դիմել

Բալասանյանը  Մարությանի օգնությանն է դիմել

Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու բակում գտնվող եղևնիների ճակատագիրը ոչ մի կերպ չի որոշվում: Պարզվում է՝ դրանք խանգարում էին թե՛ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, թե՛  ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Եղևնիները տարածքից տեղափոխելու նպատակով նախկին քաղաքապետի օրոք 2 անգամ հասարական լսումներ են հրավիրվել: 3-րդ հասարակական լսումները երեկ՝ սեպտեմբերի 3-ին էին, որի ընթացքում քաղաքացիներն ակնհայտ դժգոհեցին՝ դեմ արտահայտվելով եղևնիները Ամենափրկիչի բակից հեռացնելու գաղափարին: Նշենք, որ մոտ 50 տարեկան եղևնիները եկեղեցու բակից տեղափոխելու միտքը քաղաքապետարանում մի քանի անգամ արծարծվել է եւ հանդիպել ավագանու մի խումբ անդամների կոշտ դիմադրությանը: Համաշխարհային բանկի միջոցներով քաղաքապետարանում   նախաձեռնում են վերակառուցել  Վարդանանց հրապարակը, քերել հրապարակի ասֆալտը եւ սալաքարապատել եղևնիների տարածքը՝ դրանք տեղափոխելով Գյումրու Մայր Հայաստանի հուշահամալիրի տարածք:   

«Քաղաքապետարանն այդպես միտված ցանկություն չունի, որ այդ եղևնիները հանի: Ճաշակի խնդիր էլ չկա: Որևէ մեկն ինձանից լավ գյումրեցի չկարծի իրեն: Չի կարող մեր քաղաքի համար վնաս լինել, ու ես գամ, նստեմ, համաձայնեմ»,-ասում է փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը՝ ընդգծելով, որ եղևնիների տեղահանման եւ տեղադրման համար համայնքի բյուջեից առանձնապես գումար չի ծախսվելու : «Մեր քաղաքապետը դիմել է Երևանի քաղաքապետին: Իրենք մասնագիտացված մեքենա ունեն, որ հատուկ ծառերն արմատներով հանվի եւ տեղափոխվի: Մարությանն ասել է՝ հարց չկա»:

Քաղաքապետարանի կոմունալ բաժնի կանաչապատման գծով աշխատող Ազատ Խաչատրյանը վստահեցնում է,որ եղևնիների տեղահանման որոշումը տեղին է. եկեղեցու հարևանությամբ գտնվող եղևնիները անմխիթար վիճակում են: Գագաթներ չունեն, ճյուղերն ու տերևները կոտրված են, սնուցվում են Գյումրի–Չայ գետակի ջրերով, եւ ծառերի արմատների խցանման պատճառով հնարավոր է փլուզումներ լինեն: «20-25 տարի է՝ այդ ծառերը չեն աճում: Աճը կանգնած է: Կողաշրջված են: Եթե շատ ուժեղ քամի լինի, կունենանք ավտոմեքենաների կորուստ,կամ մարդկային զոհեր»,-ասում է նա:

«Բիոսոֆիա» Հ/Կ-ի ղեկավար, բնապահպան Գեւորգ Պետրոսյանը բոլորովին այլ կարծիքի է: Բնապահպանը գտնում է, որ եղևնիները անմխիթար վիճակում են, քանի որ չեն խնամվել: «Չեմ հասկանում:Քաղաքապետարանն ուրիշ բան ու գործ չո՞ւնի: Էդ 8 եղևնին է մեր սաղ քաղաքի ֆասոնը գցո՞ւմ: Ո՛չ նախագիծ, ո՛չ նախահաշիվ,ո՛չ հիմնավորում, ոչինչ չի ներկայացվում»,-բարկանում է նա: Ի դեպ, խնդրի վերաբերյալ Գեւորգ Պետրոսյանը նամակ է ուղարկել քաղաքապետարան եւ գրավոր տարբերակով պատասխան է ակնկալում:

Քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանն էլ խնդրի լուծման այլ տարբերակ է առաջարկում: Քանի որ հասարակական լսումներն արդյունք չեն տալիս, խորհրդականն   առաջարկում է արկղ տեղադրել,  եւ որոշակի ժամկետում քաղաքացիներն իրենց կարծիքները գրավոր տարբերակով գցեն հենց արկղիկի մեջ: «Եթե եղևնիները չլինեն, հրապարակը ինչքան կբացվի: Եկեղեցին բացել է պետք: Դա նաև տուրիստների առաջարկն է: Լուսանկարելու համար հարմար է: Կարելի է դրանց փոխարեն կոլոտ, դեկորատիվ ծառեր բերել: Անպայման կպել եք էդ լենինյան եղևնիներին:

Կրեմլի բակում էլ կան, բայց դրանք անընդհատ փոխվում են, թարմացվում են»,-նշում է նա՝ պաշտպանելով քաղաքապետարանի դիրքորոշումը: