Ստամբուլյան մանիպուլյացիա

Ստամբուլյան մանիպուլյացիա

Բայց ինչ շուտ խուճապի մատնվող ազգ ենք … Մեղուն կծում է՝ դարձնում ենք համաշխարհային հարց…

Ստամբուլյան կոնվենցիայի մասին եմ ուզում խոսել: Ավելի ճիշտ՝ այն մասին, թե այդ ապուշությունն ինչու է այսպես տակնուվրա արել հայության ամենախոշոր հատվածներից մեկի՝ հայաստանյան հայության առօրյան: Վախենում ենք, որ կվավերացնե՞ն… Լավ էլի:
Խուճապ գցողներն արդեն շշուկներ են տարածում, որ Նիկոլին իշխանության են բերել այդ տեսակ խայտառակ փաստաթղթերը վավերացնելու համար: Ուզում են ասել՝ Սերժ Սարգսյանին, որի իշխանության վերջին ամիսներին է Հայաստանը  նախաստորագրել կոնվենցիայի տակ, վայել չէր հայ ժողովրդին այդպիսի ժառանգություն թողնելը, և նա սիրահոժար Նիկոլին զիջեց այն վավերացնելու «պատիվը»: Չեմ բացառում, բայց ծիծաղս զսպել էլ չեմ կարողանում: Մտածում եմ՝ սա ճիշտ այն դեպքն է, երբ ասում են՝ «կայֆեր անի Հայրապետը, ջառմեն քաշի Կարապետը»: Խեղճ Նիկոլ, նա ինչպե՞ս է վավերացնելու անվավերացնելին:

Դատելով մամուլում այս թեմայի անհարկի խմորումներից և այն տեղեկություններից, որ փաշինյանական նախարարներն ու խորհրդարանականներն ամենօրյա ռեժիմով սկսել են ստամբուլյան կոնվենցիան պրոպագանդել, կարելի է ասել, որ Փաշինյանը չի պատրաստվում այն վավերացնել: Հակառակ պարագայում «դուխովներն» այսքան չէին մեծացնի հակակոնվենցիայի ալիքը: Էս նեղ «մաջալին», երբ ամեն ինչ փչացրել են, մի հատ էլ իրենք իրենց գլխին հո չե՞ն սարքի: Ես նույնիսկ կասեի՝ Փաշինյանը հետաքրքիր խաղ է խաղում՝ թեժացնում է կրքերը, որ հետո՝ ճիշտ պահին, տապալելով վավերացման գործը, ևս մեկ անգամ հերոսանա ու հանրության մեջ թարմացնի ժողովրդի վարչապետ լինելու միֆը: Սորոսականներն ու տրանսգենդերները մի քիչ կբողոքեն, ճիշտ է, բայց նրանք Փաշինյանի հրաժարական չեն պահանջի, քանզի իրենք էլ են հասկանում, որ առանց Փաշինյանի և նրա հետ ձևավորած համատեղ թիմի, ընդհանրապես ոչինչ անել չեն կարող Հայաստանի նման ավանդապաշտ երկրում:

Ասվածը, եթե նկատեցիք, առնչվում էր բացառապես հարցի բարոյական կողմին, որն, անշուշտ գլխավորն է: Բայց կա նաև այդ հարցի քաղաքական կողմը: Վավերացնել ստամբուլյան կոնվենցիան՝ կնշանակի հավելյալ ազդակ ստեղծել քաղաքական դաշտում նոր վերադասավորումների համար: Փաշինյանին դա ընդհանրապես պետք չէ, որովհետև դրանից հետո իր կողքին կարող են մնալ բացառապես ինքնասպանության գնացող ուժեր, իսկ այդպիսիք Հայաստանում համարյա չկան: Ավելին ասենք՝ սպասվող քաղաքական թեժ աշունը, որի մասին խոսեց նաև Ռոբերտ Քոչարյանը, քաղաքական ուժերին նոր շնչառություն է հաղորդել, իսկ այդ պայմաններում, սովորաբար, մեծանում է ոչ թե ինքնասպանության, այլ կյանքի ծարավը: Կկարողանա՞ Փաշինյանը զուգահեռաբար դիմակայել մի կողմից հասարակության, իսկ մյուս կողմից քաղաքական ուժերի՝ մինչ այս պահը իր համար անսովոր, ճնշումներին: Մի խոսքով՝ չենք կարծում, որ Փաշինյանը կգնա ինքնասպանության և առավել ցայտուն կդարձնի քաղաքական դաշտում իզգոյի իր կարգավիճակը:

Կա նաև հարցի ֆինանսական կողմը: Այս կոնվենցիան վավերացնելու համար Հայաստանին պատրաստ են փող տալ զանազան արտերկրյա կենտրոններ: Հայաստանին փողեր խոստացավ նաև ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը: Կոնվենցիան վավերացնելու և աստղաբաշխական հավելավճարներ ստանալու գայթակղությունն իշխանությունների շրջանում գուցե և շատ մեծ է, բայց մեծ է նաև ամբողջը կորցնելու ռիսկը՝ իշխանությունը, որ առանց Սորոսի ու Տուսկի էլ նրանց վատ չի կերակրում:

Եվ այսպես, թույլ տվեք ասել, որ Նիկոլ Փաշինյանն այս օրերին զբաղված է ստամբուլյան կոնվենցիան վավերացնել-չվավերացնելու պարզունակ մանիպուլիացիայով: Նա ոչ մի զորավոր պատճառ չունի այն վավերացնելու, բայց, որպես հանրահայտ պոպուլիստ, շատ լավ է հասկանում, թե ինչպես կարելի է կոնվենցիայի շուրջ բարձրացած աղմուկի մեջ խլացնել իր չկատարած խոստումների և բազում ձախողումների հետևանքով ահագնացող համընդհանուր դժգոհությունը: