Փաշինյանական իշխանության եւ հայ հասարակության ֆիզիկական անհամատեղելիության մասին

Փաշինյանական իշխանության եւ հայ հասարակության ֆիզիկական անհամատեղելիության մասին

Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երեք պատգամավորներ՝ Անդրանիկ Քոչարյանը, Վահագն Ալեքսանյանը, Արթուր Հովհաննիսյանը, հաջորդաբար իրենց դեմ բողոքող քաղաքացիներին սպառնում էին ուղարկել սահման: Նրանցից ավելի անկեղծ գտնվեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ով առաջարկում է իշխանության հրաժարականը պահանջողներին սահման ուղարկել առանց զենքի: Հայ հասարակությանը կամ առնվազն նրա ըմբոստ հատվածին ֆիզիկապես ոչնչացնելու գաղափարը «Քաղաքացիական պայմանագրի» ներսում համակարգված բնույթ է կրում: Չի բացառվում, որ հենց Նիկոլ Փաշինյանն է համակարգում նման տրամադրությունների տարածումը եւ ամրապնդումը:

Շատերը կարծում են, որ հայ ժողովրդին թշնամու դեմ անզեն թողնելու գաղափարը թելադրված է դրսից, որ ՔՊ-ն, լինելով թուրքական պրոյեկտ, Հայաստանում որոշել է հերթական ցեղասպանությունն իրագործել՝ որպես 1915 թվականի ցեղասպանության շարունակություն, այդպիսով Թուրքիային ազատելով հայ ժողովրդի ֆիզիկական ներկայությունից: Փաշինյանի իշխանությունն իր տեսակով պրոթուրքական եւ պրոադրբեջանական է, բայց այդ իշխանության գործողությունները թելադրված են ոչ թե Բաքվից կամ Անկարայից իջեցված ուղիղ հրահանգով, այլ ինքնապաշտպանական բնազդներով, որոնք համընկնում են թուրքական պետությունների շահերի հետ: 

«Կա՛մ ես, կա՛մ նա, կա՛մ մենք, կա՛մ նրանք» բանաձեւի շրջանակներում Փաշինյանի իշխանությունը ֆիզիկապես ոչնչացնում կամ գործելու ազատությունից զրկում է մարդկանց, ում ֆիզիկական գոյությունը կարող է սպառնալ իրենց իշխանությանը կամ նույնիսկ ֆիզիկական գոյությանը: Առաջին անգամ ես դրա մասին մտածեցի, երբ Փաշինյանի անմիջական հրահանգով, կարելի է ասել, դանդաղ մահվան դատապարտվեց գեներալ Մանվել Գրիգորյանը: Մանվել Գրիգորյանի մահը սովորական իրադարձություն չէր, եւ պատահական չէ, որ այն համընկավ 44-օրյա պատերազմի հետ: Մի պահ եկեք անկեղծ պատասխանենք հարցին. արդյոք հնարավո՞ր էր Մանվել Գրիգորյանի եւ Նիկոլ Փաշինյանի, Անդրանիկ Քոչարյանի, Վիգեն Խաչատրյանի եւ մյուս ՔՊ-ականների համատեղ ֆիզիկական գոյությունը եւ համակեցությունը նույն հասարակությունում: Արդյոք հնարավո՞ր էր, որ արցախյան պատերազմի հերոսն ապրեր մի հասարակությունում, որտեղ քարոզվում են պարտությունը, ադրբեջանցիների ցանկացած պահանջի հետ համակերպվելը եւ դրանց անվերապահ կատարումը: Ճիշտ է՝ Հայաստանում եւ Արցախում շատ կան մարդիկ, ովքեր չեն համակերպվում այդ իրողության հետ, բողոքում են, նույնիսկ հրապարակային արտահայտում իրենց բողոքը, բայց նաեւ համակերպվում են ստեղծված իրողության հետ: Սակայն Մանվել Գրիգորյանն իր տեսակով հարմարվողներից ու համակերպվողներից չէր: Նա Օնիկ Գասպարյան կամ Տիրան Խաչատրյան չէր, որ հայտարարեր, թե Փաշինյանը երկիրը տանում է կործանման, բայց այդքան համարձակություն չունենար կանգնեցնելու այդ կործանարար ընթացքը: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հասկանում էր այդ վտանգը, դրա համար էլ, առաջնորդվելով «կա՛մ ես, կա՛մ նա» սկզբունքով, ֆիզիկապես ոչնչացրեց Մանվել Գրիգորյանին:

Արցախյան առաջին պատերազմի բազմաթիվ հերոսներ, ովքեր չծախվեցին եւ չհամաձայնեցին ծառայել փաշինյանական իշխանությանը, ոչնչացվեցին հենց ռազմի դաշտում: Նրանցից մեկն էլ «Սեւ հովազ» լեգենդար ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանն էր: Գասպարյանի եղբայրը, ով նրա հետ մեկնել էր ռազմաճակատ, արդեն երկու տարի հրապարակային եւ մասնավոր զրույցներում պնդում է, որ եղբոր ֆիզիկական ոչնչացման գործում տեսնում է Հայաստանի իշխանության հետքը: Արդյոք Ռուստամ Գասպարյանը կարո՞ղ էր ապրել դավաճանության, հայրենիքը թշնամուն հանձնելու եւ թուրքանալու փաշինյանական համատարած քարոզի ու գործունեության մթնոլորտում: Նա ո՛չ Սասուն Միքայելյան էր, որ երջանկանար որդուն քաղաքապետ դարձնելու գաղափարով, ո՛չ էլ Ռազմիկ Պետրոսյան, որ կապիտուլյացիա ստորագրած Փաշինյանից մարզպետի պաշտոն ստանար ու մինչեւ վերջ նրան ծառայելու երդում տար: Ռուստամը ռազմաճակատ էր գնացել որդու եւ եղբոր, մյուս ազգականների ու ընկերների հետ եւ որդու հետ էլ զոհվեց:

Նիկոլ Փաշինյանը կալանավորել տվեց ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին՝ նրան ուխտադրժորեն Հայաստան կանչելով, որովհետեւ Արցախում նրան որեւէ մեկը չէր կալանավորի, նրան Արցախում որեւէ մեկը չէր համարձակվի հայրենիք հանձնողի մեղադրանք ներկայացնել, քանի որ բոլորը գիտեն, թե նա քանի անգամ է կյանքը վտանգի ենթարկել հայրենիքը պաշտպանելիս: 
Հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է. Փաշինյանն ու իր իշխանությունը վտանգ են տեսնում ոչ թե մեկ անձից, այլ մի ամբողջ հասարակությունից: Հիմա տասնյակ եւ հարյուր հազարավոր մարդիկ են իրենց համակեցությունն անհնար համարում Փաշինյանի ու նրա 65 հոգանոց խմբակցության հետ: Փաշինյանի իշխանությունը միայնակ չի կարող ֆիզիկապես ոչնչացնել այդքան մարդու, եւ հիմա Անդրանիկ Քոչարյանի ու Արթուր Հովհաննիսյանի միակ հույսը մնացել են ադրբեջանցիները. իրենք դեմ բողոքողներին անզեն կուղարկեն սահման, ադրբեջանցիներն այնտեղ բոլորին կսպանեն, եւ վերջ: Փաշինյանի իշխանությունը կարող է գոյություն ունենալ միայն հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացման հաշվին. ուրիշ տարբերակ այդ իշխանությունը չունի: Իսկ ի՞նչ տարբերակ ունի հայ ժողովուրդը:

Ավետիս Բաբաջանյան