Եթե ձեզ տեսնելով ինսուլտ չենք ստանում, աղը մեզ ի՞նչ պիտի անի․․․
Էս նախարար ջանը, որ մասնագիտությամբ սարերով է հեռու է բժշկությունից, իր ղեկավարած նախարարությունը նախագիծ է ներկայացրել, որ հանրային սննդի օբյեկտներում առանց սպառողի պահանջի աղաման չի կարելի դնել։ Աղաման դնելու դեպքում տնտեսվարողին տուգանում են սահմանված նվազագույն աշխատավարձի 30-պատիկի չափով։ Տեսնես հիմա՞ որ երկրից են «ֆուկ արել»։ Պատճառաբանում են, որ սննդակարգում աղի քանակի նվազեցումը կարևոր քայլ է սրտանոթային հիվանդությունների (հիպերտոնիայի, ինսուլտի, սրտի անբավարարության և սրտի այլ հիվանդությունների) և երիկամների քրոնիկ հիվանդության առաջացման ռիսկը նվազեցնելու համար։
Տեսե՜ք, տեսե՜ք, բնակիչների համար ուշաթափ են լինում։ Ու դա ասում է մի իշխանություն, ով առանց աչք թարթելու «աղով է արել» մեր հազարավոր ջահելների, բնակիչների կյանքը։
Մնում է ասել, որ եթե ձեզ նման ապաշնորհ իշխանությանը տեսնելով, ինսուլտ չենք ստանում, աղը մեզ ի՞նչ պիտի անի։ Նման եք էն սև կարկուտին, ով տկլոր ծառերին էլ է խփում, չի հանգստանում, ծառի չոր «կռները կոտրատում է»։
Էս անեկդոտը երևի հենց ձեր վրով է կարված եղել․ «Ձեր ղեկավարը դրսերում լոպազանում է, որ հայ ժողովուրդը դիմացել է ցեղասպանությանը, երկրաշարժին, պատերազմին, արտագաղթին, սովին, կորոնային, օմիկրոնին, դիմակներին, ցրտին... Դիմացել է երկիր կորցնելուն, կապիտուլյացիային, տարածքների հանձնմանը, տասնյակ հազարավոր զոհերի ու հաշմվածների ցավին տնեզրկմանը։ Հիմա էլ դիմանում է գազի, ջրի, էլեկտրաէներգիայի, սննդի, տրանսպորտի ամենօրյա թանկացումներին ու մի ծպտուն չի հանում։ Դրանից հետո նրան դրսերում հարցնում են՝ իսկ դուք ձեր ժողովրդի վրա կիսլատա լցնել փորձե՞լ եք»։
Հիմա հայ ժողովուրդը ձեր ձեռքին այս վիճակում է ու այդքանից հետո ապրում է, դրսում էլ զարմանում են, թե ինչ միջոցով մեր «սորտը կտրվում»: Անգամ ձեզ նմանները չեն կարողանում մեզ լիակատար «խուրդեն»։
Էնքան քթածակ չունեք, որ ամբողջ աշխարհը միջուկային պատերազմի շեմին կանգնած, Հայաստանը վախը սրտում ճոճվելով ապրում է, դուք աղից եք խոսում։ Երևի թե իշխանավորներդ աղի թափվելուց էլ լեղաճաք կլինեք, որ կռիվ կսկսի, պատճառն էլ ձեզ կհամարեն։ Վերջում պարզվելու է, որ աղամանը սննդի օբյեկտներից մեկում թափել են, դրա համար է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը սկսվել։ Ու դրա համար ձեր պատմական քիթը կկոտրեն։
Կարծիքներ