Ռազմապաստարաններն ու Երևանի քաղաքապետի ռազմատենչ խոսնակը

Ռազմապաստարաններն ու Երևանի քաղաքապետի ռազմատենչ խոսնակը

Երևանում ռազմապաստանները, թաքստոցները, շենքերի նկուղները վերականգնելու, պատշաճ վիճակում պահելու հարցը բարձրացվում էր դեռևս 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին: Բանն այն է, որ դրանք հիմնականում քանդված են, կամ ժամանակին վաճառվել են տարբեր առևտրային ընկերությունների, և այժմ այնտեղ, որտեղ մարդիկ պետք է պատսպարվեին պատերազմի, տարատեսակ աղետների ժամանակ, հաճախ ինչ-որ մեկի մասնավոր տարածքն է, օբյեկտը, բուքմեյքերական գրասենյակ, համակարգչային տեխնիկայի նորոգման կետ, կամ հագուստի ու կոշիկի խանութը: 

Արդյոք ունե՞նք բավարար քանակով ռազմապաստարաններ, թաքստոցներ, քաղաքապետարանն ունի՞, արդյոք, հաշվարկ, բավարա՞ր են դրանք, ի՞նչ վիճակում են: 
Հարցն առավել ակտուալ է, քանի որ պարբերաբար օդային ազդանշանների վերաբերյալ հաղորդումներ են հեռարձակվում հեռուստատեսային ալիքներով: Այս պայմաններում մարդիկ պետք է իմանան, թե որ շենքի բնակիչը որտեղ պետք է պատսպարվի: 

ԱԻՆ ճգնաժամային կառավարման ակադեմիայի տնօրեն Համլետ Մաթևոսյանը ԱԻՆ տարածած տեսահոլովակում բացատրում է, որ երկրում ստեղծված են բոլոր պայմանները: «Բոլոր կառույցները գիտեն, թե այս իրավիճակներում բնակչության պաշտպանության տեսանկյունից յուրաքանչյուրը ինչ պետք է անի: Բնակիչներն ամրակցված են և պետք չի, որ  իրենք մտածեն, թե որտեղ պետք է պատսպարվեն: Դա կարող են մտածել, եթե նրանք գտնվում են մեկ այլ վայրում՝ ոչ թե իրենց բնակության տեղում, կամ իրենց աշխատավայրում», - ասում է նա: Նա նաև խորհուրդ է տալիս փաստաթղթեր, տաք շորեր ու անհրաժեշտ իրեր ունենալ ինչ-որ պայուսակում, նախապես դրած: 

Ըստ Համլետ Մաթևոսյանի, քաղպաշտպանության պլաններով բոլորը ամրակցված են ազգանուն առ ազգանուն, և կառավարման մարմինները գիտեն, թե որ բնակիչը որտեղ է պատսպարվելու: Լավ կլինի, եթե ոչ միայն կառավարման մարմինները դա իմանան, այլ նաև բնակիչները, և այդ պլանների մասին տեղեկանան շենք առ շենք, տուն առ տուն: Այս հարցում ՏԻՄ մարմինները մեծ անելիք ունեն, սական բնակչության իրազեկման գործառույթ ունեցող որոշ պաշտոնյաներ ԶԼՄ-ների ուժը բնակչությանը տեղեկացնելու հարցում օգտագործելու փոխարեն, իրենք մի մեծ խնդիր են դառնում և ԶԼՄ-ների, և քաղաքացու համար: 
Խոսքը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանի մասին է: Օգտվելով պատերազմական իրավիճակից նա իր մանրախնդիր պատերազմն է վարում «Հրապարակ» թերթի հետ: Եւ չկա ոչ մի ԵԱՀԿ, ոչ մի բանակցային ֆորմատ այդ պատերազմը կանգնեցնելու: 

 Նա վերջին բառերն է ասում մեր թերթի հասցեին, գրգռվելով «Հրապարակ» բառից անգամ: «Ես «Հրապարակին» տեղեկատվություն, քոմենտ չեմ տալիս: Մոռացեք, որ կարող եք բանավոր քոմենտ վերցնել ինձանից, հաջողություն», - առանց նույնիսկ լսելու իրեն ուղղված հարցը ասում է իր լիազորությունների սահմանները մոռացած Մարությանի խոսնակը: Մեր հարցին՝ թե ինչի՞ց է իր դժգոհությունը, նա շրխկացնում է հեռախոսը:  
Հակոբ Կարապետյանի անմիջական ղեկավարը՝ Երևանի քաղաքապետն ամենաանհաղորդ պաշտոնյաներից է, այնպես որ Հակոբ Կարապետյանի վրա ներազդելու որևէ գործուն լծակ չկա, և նա լիուլի օգտվում է սեփական անպատժելիության իրավունքից, խախտելով երևանցիների իրավունքները: 
Գրավոր քոմենտ նրանից, բնականաբար, չենք ուզում, քանի որ այդ պատասխանը կստանանք մեկ ամսում եւ այն այլեւս անիմաստ կլինի: Քաղաքապետարանի՝ մամուլին արձագանքելու կարգը նույնքան հին է ու չի համապատասխանում պատերազմական իրավիճակին, որքան չի համապատասխանում իր պաշտոնին լրատվություն տալու պարտականություն ունեցող խոսնակ Կարապետյանը, նրա գոյությունն՝ ինքնին այդ պաշտոնում նոնսենս է: