Վաշինգտոնը վերջին հնարավորությունն է՝ կտրուկ փոխելու բանակցային ռազմավարությունը 

Վաշինգտոնը վերջին հնարավորությունն է՝ կտրուկ փոխելու բանակցային ռազմավարությունը 
Արմեն Աշոտյան

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր աշխատանքային այցով մեկնեց Վաշինգտոն, որտեղ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Ի՞նչ է տալու Վաշինգտոնը։ 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այն փաստում, որ հերթական հանդիպումը տեղի է ունենալու Վաշինգոտոնում որևէ արտառոց բան չի տեսնում։«Հրապարակի» հետ զրույցում նա ասաց․«Մինսկի խմբի համանախագահ երկրները տարբեր ժամանակահատվածում նման՝ կողմերի արտգործնախարարներին կամ առաջին դեմքերին  իրենց երկրներում հյուրընկալելու նախաձեռնություններով հանդես եկել են։ Եվ այստեղ հատուկ աշխարհաքաղաքական կոնտեկստ չէի փնտրի։ Այլ բան է, որ իշխանափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանությունները ղարաբաղյան համակարտության կարգավորման հարցում որդեգրած իրենց ռազմավարության մեջ, եթե այդպիսին, առհասարակ, եղել է ձախողել են։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած, որ «ես իմ կետից եմ սկսել բանակցությունները» թեզն իրականում բերել է նրան, որ Մինսկի խմբի համանախագահների վերջին մեկ տարվա հայտարարություններից ընդհանրապես կորել են, ինչպես քանիցս նշել եմ, 2016-ի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին պնդումները։

 Ընդհանրապես կորել են հիշատակումներն այն սկզբունքների, այս թվում ժողոովորդների ինքնորոշման սկզբունքների մասին, որոնք եղել են մինչև իշխանափոխությունը եղած բոլոր հայտարարություններում»,-ասաց Արմեն Աշոտյանը։

Նա դեռ հույս ունի, որ հայաստանյան կողմն այս հանդիպումը կօգտագործի կտրուկ շտկելու այն սխալները, որոնք գործել է այս մեկ տարվա ընթացքում։

Այնպես որ, Աշոտյանն այս հանդիպմանը հետևելիք եզրափակիչ փաստաթղթից ակնկալելու է առնվազն 3 սկզբունքների և հատկապես՝ ինքնորոշման իրավունքի հիշատակում։ Ինչպես նաև՝ Վիեննայի,Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի պայմանավորվածությունների կատարման ահրաժեշտության մասին ամրագրում։

«Ինչպես նախկինում ասել եմ, կրկնում եմ, որ ժամանակն է, որ մեր իշխանություններն, ի դեմս վարչապետի կամ Արտգործնախարարության, ղարաբաղյան հակամարտության հարցով այն «խրոխտ» կամ «դուխով» ելույթները, որ ունենում են երկրի ներսում, ունենան երկրից դուրս»,-հավելեց Արմեն Աշոտյանը։

Նա նշում է՝ դեռ հնարավորություն կա և վաշինգտոնյան հանդիպումը գուցե վերջին հնարավորությունն է՝ կտրուկ փոխելու բանակցային ռազմավարությունը և վերադառնալ  Աշոտյանի գնահատմամբ՝ այն ամուր բանակցային դիրքերին, որն ուներ Հայաստանը մինչև 2018-ի մայիսը։