Արդեն զավեշտի է վերածվում

Արդեն զավեշտի է վերածվում

Արտգործնախարար Մասիս Մայիլյանի համակիրները ֆեյսբուքում ավետել են, որ նախագահական ընտրություններում նրան կսատարի նաեւ «Հզոր միասնական հայրենիք» կուսակցությունը: Մայիլյանի թեկնածությունը կապվում է Արցախում արմատական բարեփոխումների կամ, ինչպես ասում են՝ «նոր Արցախի» հեռանկարի հետ: Այս իմաստով նորաստեղծ երկու կուսակցությունների կողմից նրան սատարելը միանգամայն օրինաչափ է եւ գուցե նաեւ՝ պահանջված:

Բայց ուժերի այս դասավորության հետ ի՞նչ կապ ունի «Հզոր միասնական հայրենիք» կուսակցությունը, որի առաջնորդը պաշտոնաթող գեներալ Վյաչեսլավ Հյուսնունցն է: Վերջինս երկար տարիներ եղել է Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ սպառազինությունների գծով, եւ այն զինվորականներից մեկն է, որ դեռեւս 1990-ականների կեսերից ծառայությանը զուգահեռ զբաղվել են բիզնեսով: Ստեփանակերտում Հյուսնունցն առաջիններից է հյուրանոց եւ հանդիսությունների սրահ բացել, որտեղ բանակային վերնախավն անցկացնում էր տոնական շքեղ միջոցառումներ:

Պաշտոնաթող գեներալն, այսպիսով, ավելի շատ կապված է Արցախի անցյալի հետ եւ նրան լավագույն ցանկության դեպքում անգամ դժվար է տեսնել սոցիալական արդարության ջատագովի կամ արմատական բարեփոխումների կողմնակցի դերում: Ի՞նչն է Մասիս Մայիլյանին մղել նրա հետ համագործակցության՝ այս հարցին, կարծես, տրամաբանական պատասխան գտնել հնարավոր չէ: Եւ գոնե արտաքին ընկալմամբ Մայիլյանի շուրջ քաղաքական կոնսոլիդացիան, եթե դրանում տեղ ունի նաեւ Վյաչեսլավ Հյուսնունցը, վերածվում է զավեշտի: Եթե, իհարկե, գործ չունենք ավելի խորքային զարգացումների հետ: Ստեփանակերտում ոմանք Հյուսնունցի «Հզոր միասնական հայրենիքի» եւ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքի» միջեւ ոչ միայն անվանման նմանություն են տեսնում: