Վալերի Օսիպյանի գլխին մութ ամպեր են կուտակվում

Վալերի Օսիպյանի գլխին մութ ամպեր են կուտակվում

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավերեւում սեւ ամպեր են կուտակվում, երեկ մենք գրել էինք, որ ԱԱԾ-ն բերման է ենթարկել նրա նախկին վարորդին՝ Գոռ Հակոբյանին 17 հազար ԱՄՆ դոլարի կաշառք վերցնելու կասկածով: Չնայած ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը շտապեցին հերքել տվյալ լուրը, սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նպատակը գործող իշխանությունների վարկանիշը չստվերելն էր: Այդուհանդերձ, ոստիկանությունը չպարզաբանեց, թե որն էր Գոռ Հակոբյանին աշխատանքից ազատելու պատճառը: Նա ազատվել էր օրեր առաջ, անսպասելիորեն։

Մինչ նախկին վարորդի գործի մանրամասները կբացահայտվեն, մեզ հայտնի դարձավ եւս մեկ հետաքրքիր հանգամանք: Պարզվում է, ոստիկանապետի ընտանիքի վարորդը, համատեղությամբ Օսիպյանի մտերիմ ընկեր՝ Ստեփան Ամիրյանը տարիներ առաջ դատապարտվել է 8,5 տարվա ազատազրկման՝ առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ վաճառելու համար: 

Ամիրյանի մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության մեջ ասվում է.

«Ստեփան Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր ծանոթ Վահե Համլետի Խաչատրյանին «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու ուղղակի դիտավորությամբ, 2011թ. հոկտեմբերի 14- ին Մեղրիի մաքսային անցակետում ազգությամբ իրանցի ոմն Հանզեից առանձնապես խոշոր չափի՝ մոտ 60 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու համար վճարել է վերջինիս 100.000 ՀՀ դրամ գումար, ապա, նրա հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, որոշ ժամանակ անց, Մեղրի քաղաքում վերջինիցս ստացել է հիշյալ չափի «ափիոն» տեսակի թմրամիջոցը և վերադարձել Երևան, որտեղ հոկտեմբերի 15-ին և 20-ին, երկու դեպքով, Ֆրունզեի փողոցում գտնվող խաղահրապարակի մոտ հանդիպել է Վահե Խաչատրյանին, ստացել 100.000-ական ՀՀ դրամ և վերջինիս ապօրինի իրացրել՝ յուրաքանչյուր անգամ խոշոր չափի՝ մոտ 10-ական գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց, իսկ ձեռք բերած քանակությունից խոշոր չափի՝ մոտ 2.75 գրամ «ափիոնն» այդ օրերի րնթացքում գործածել է անձամբ»։

Իսկ Ամիրյանի դատավճռի եզրափակիչ հատվածում գրված է.

«Ստեփան Պարգևի Ամիրյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, նրան դատապարտել.

ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ազատազրկման 8 /ութ/ տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման,

ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ազատազրկման 1 /մեկ/ տարի ժամկետով։

Կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասը, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելով` ամբաստանյալ Ստեփան Ամիրյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 8 /ութ/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման` պատժի կրման ընթացքում նշանակելով թմրամոլության դեմ հարկադիր բուժում, որի կատարումն հանձնարարել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկին։
Ս.Ամիրյանի պատժի կրման սկիզբն հաշվել 2011թ. հոկտեմբերի 22-ից։ 

Ս.Ամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ` մինչև սույն դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը»։

Հատկանշական է, որ Ամիրյանը եւ Օսիպյանը մտերիմ են եղել դեռ 2011 թվականին, վերջինս այն ժամանակ փորձել է միջամտել գործի ընթացքին, ինչի համար արժանացել է վերադասի բացասական վերաբերմունքին:

Այժմ Ամիրյանը զբաղվում է Օսիպյանի ընտանեկան գործերով, հիմնականում ուղեկցում է կնոջը եւ երեխաներին: Սակայն լուրեր են շրջանառվում, որ այժմ հենց Ամիրյանն է հանդիսանում Վալերի Օսիպյանի եւ հանցավոր, գողական աշխարհի կապը: