Մենք բոլորովին ուրիշ Նիկոլ Փաշինյան էինք ճանաչում

Մենք բոլորովին ուրիշ Նիկոլ Փաշինյան էինք ճանաչում

Ինչպե՞ս ստացվեց, որ նախկին քաղբանտարկյալ, մարդու իրավունքների նախկին ջատագով, իշխանությունների ապօրինությունների դեմ անհաշտ պայքար մղող Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, որդեգրեց իր նախորդներից ավելի կոշտ մարտավարություն՝ քաղաքական հալածանքները ներմուծելով մեր առօրյա կյանք, մարդու իրավունքների հերն անիծելով եւ ամենօրյա ապօրինություններ իրականացնելով։ 

Թվում է՝ պետք է հիշեր իր անցյալը, այն անզորությունը, որը ժամանակին զգացել է պետական մամլիչին բախվելիս եւ քաղաքական հետապնդումների ենթարկվելիս, այն փորձությունները, երբ դատարաններում փորձում էր ապացուցել իր անմեղությունը, իսկ իշխանական հրահանգը կատարող դատավորները նրան ամեն օր հասկացնում էին, որ ոչինչ չեն կարող անել՝ քաղաքական որոշում կա, հարցերը պետք է լուծել «վերեւների հետ»։ 

Հիշեր, թե օրական քանի-քանի հոդված էր տպագրվում իր խմբագրած թերթում՝ մարդու տարրական իրավունքների ոտնահարումների թեմայով, տգետ ու իրենց էշը քշող պաշտոնյաների, չգործող պետական ինստիտուտների, պետական միջոցներն անիմաստ մսխելու մասին։ Թույլ չտար, որ տգետ քայլարածը պաշտոն ստանար կամ պետական բյուջեն այսպես անաստված ձեւով չծախսվեր՝ հիշելով, որ ժամանակին հենց նման գործելաոճն էր ինքը քննադատում։ 
Նաեւ պետք է հիշեր, թե ինչքան էր ինքն անձամբ վրդովվում, եւ ինչպես էր հասարակությունն ընդվզում, երբ մարդկանց թույլ չէին տալիս բողոքի ակցիաներ անել կամ բողոքողներին բերման էին ենթարկում ոստիկանություն։ Մինչդեռ հիմա ինքն արհեստականորեն ձգում է արտակարգ դրությունը, եւ ոստիկանությունն էլ աչալուրջ հետեւում է, որ ոչ մի բողոքող փողոցում չհայտնվի ու իշխանությունների անդորրը չվրդովի։

Ժամանակին հազարավոր հոդվածներ են տպագրվել իր խմբագրած «Հայկական ժամանակում», թե ինչ ստորացված վիճակում են գտնվում ԱԺ պատգամավորները, որոնք կոճակի են վերածվել իշխանությունների ձեռքում, որ ԱԺ հնազանդ մեծամասնության միջոցով իշխանություններն իրենց ուզած օրենքներն ընդունել են տալիս եւ օրենքով են նաեւ սահմանափակում ընդդիմության, տարբեր խավերի իրավունքները։ Հիմա նույն բանը՝ անգամ ավելի դաժան մեթոդներով, իրականացնում է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ով «Իմ քայլը» խմբակցությունը դարձրել է իր հրահանգները հլու-հնազանդ կատարող գործիք, եւ օրենքներն էլ այսօր բացառապես իշխանությունների շահերից են բխում, այլ ոչ թե հասարակության։

Վերջապես՝ նույն Նիկոլ Փաշինյանը հարյուրավոր ելույթներ է ունեցել ե՛ւ Ազգային ժողովի, ե՛ւ հանրահավաքների հարթակներից, հարցազրույցներ է տվել, որտեղ խոսել է իշխանությունների գերկենտրոնացվածության վտանգների, սուպերվարչապետության եւ այլ վնասների մասին։ Հիմա ինքը շատ ավելի անողոքաբար է տնօրինում իր ձեռքում հայտնված իշխանական լծակները եւ ոչինչ չի անում պետական ինստիտուտների կայացման, իշխանությունների ճյուղերի տարանջատման կամ հակակշռող եւ զսպող մարմիններ ձեւավորելու համար։ 

Ո՞վ կսպասեր, որ մի մարդ, որը հետախուզվել է ԱԱԾ-ի կողմից մեկուկես տարի, մի քանի անգամ դատվել է ՀՀ դատարանների կողմից, այդպես՝ «սեփականատիրոջ» պես կվերաբերվի ԱԱԾ-ին ու դատարաններին, պետական կառույցներին կստիպի իր բոլոր հիվանդ սեւեռումները կյանքի կոչել՝ առանց մտահոգվելու սեփական վարկանիշի ու իմիջի մասին։ 

Չէ որ մենք Նիկոլ Փաշինյանին հիշում ենք որպես ժողովրդավարության մարտիկ, մարդու իրավունքների պաշտպան, արդարության ջատագով։ Իսկ երկու տարում պարզեցինք, որ իշխանության գլխին կանգնածը սուբյեկտիվ, դաժան, սեփական աթոռն ի չարն օգտագործող եւ քաղաքական հակառակորդներին դաժանաբար պատժելու ունակ բռնապետիկ է։