Բայրամովի հետ հանդիպմանն ընդառաջ
Ադրբեջանն արդեն անոնսավորել է արտգործնախարար Բայրամովի այցը Մոսկվա: Այն տեղի կունենա օգոստոսի 26-ին եւ ըստ արարողակարգի կլինի պաշտոնական: Այսինքն, նրան կընդունեն ՌԴ ԱԳ նախարարի մակարդակով: Դա Բայրամովի՝ պաշտոնի նշանակվելուց հետո երկրորդ արտասահմանյան ուղեւորությունն է: Առաջինը նրա այցն էր Անկարա, ընդ որում՝ պաշտպանության նախարար Հասանովի հետ միասին: Բայրամովը Լավրովի ընդունելությանը միայնա՞կ կլինի, թե՞ դարձյալ Հասանովի «վերահսկողությամբ»՝ Իլհամ Ալիեւի եւ Մոսկվայի որոշելիքն է: Մեզ համար ավելի հետաքրքրական է, որ ՌԴ արտգործնախարարը «Տրուդ» թերթին տված հարցազրույցում անցած ամիս հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը մեկնաբանել է այսպես.
«Յուրօրինակ ձգանի դեր է խաղացել նաեւ աշխարհագրական գործոնը: Հայկական կողմի որոշումը՝ վերականգնելու սահմանային հին հսկիչ-անցաթողման կետը, որ ադրբեջանական արտահանման խողովակաշարերից տասնհինգ կիլոմետր հեռավորության վրա է, առաջ է բերել մեկի անհանգստությունը, մյուսի չարդարացված պատասխան ռեակցիան եւ արդյունքում գործի դրել դիմակայության թափանիվը՝ ամենաանկախատեսելի հետեւանքներով հանդերձ»: Լավրովի կարգի դիվանագետները, որպես կանոն, իրենց խոսքում ավելորդ բառեր չեն օգտագործում: Այս իմաստով տեղեկությունների ի՞նչ աղբյուրի վրա է հենված նրա պնդումը, որ հայկական կողմը որոշել է վերականգնել սահմանային հսկիչ-անցաթողման կետը: Առհասարակ, ի՞նչ է նշանակում «հսկիչ-անցաթողման կետ» բնութագրումը, եթե հայտնի է, որ խորհրդային շրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը բաց է եղել եւ փակվել է, երբ ԼՂ խնդրի հետ կապված՝ երկու հանրապետությունների միջեւ բոլոր կարգի հարաբերությունները խզվել են:
Երբ երկու երկրները փաստացի պատերազմի մեջ են, ի՞նչ հսկիչ-անցաթողման կետի մասին կարող է խոսք լինել: Ինչու՞ է ՌԴ արտգործնախարարը նման շեշտադրում անում: Մանավանդ՝ հստակ նկատել տալով աշխարհագրական գործոնի, այն է՝ լարվածության վայրից ընդամենը տասնհինգ կիլոմետր հեռավորությունն ադրբեջանական արտահանման խողովակաշարերից: Սա Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ քննարկումների «բանալի» ձեւավակերպու՞մ է: Այսինքն, բանակցություններում հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը գնահատվելու է այն կտրվածքով, որ հայկական կողմը փորձել է վերականգնել սահմանային նախկին հսկիչ-անցաթողման կետը, որ առաջ է բերել Ադրբեջանի անհանգստությունը, ինչին հետեւել է Հայաստանի «չարդարացված պատասխան ռեակցիա՞ն»: Իսկ եթե այդպես չէ, ապա անցած ավելի քան մեկ ամսում ՌԴ արտգործնախարարն ինչու՞ նման գնահատական չի հնչեցրել եւ դա անում է այժմ՝ Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ պաշտոնական հանդիպման նախօրեին: Նույն տեղում ՌԴ արտգործնախարարն ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ գործընկերների հետ աշխատում են ԼՂ կարգավորման բանակցությունները վերսկսելու ուղղությամբ:
Համանախագահ մյուս երկրները՝ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, կիսու՞մ են հայ-ադրբեջանական սահմանային լարվածության լավրովյան բնութագիրը: Ռազմական գործողությունների օրերին Մոսկվան, Վաշինգտոնը եւ Փարիզը ռազմատիեզերական հետախուզությու՞ն էին իրականացնում: Համակարգվա՞ծ, թե՞ յուրաքանչյուրն իր ձեւով եւ քաղաքական նպատակահարմարության սեփակա՞ն դիտանկյունից: Անցած ամսում նրանք այդ տեղեկությունները համադրել եւ եկել են ընդհանուր հայտարարի՞: Եթե բանակցությունների վերսկսման հարց է քննարկվում, ապա տավուշյան մարտերի միջազգային գնահատականը կարող է ելակետային լինել:
Կարծիքներ