Մխիթար Հայրապետյանի կուրսընկերոջն ուզում են նշանակել «Զվարթնոցում» հերթափոխի պետ

Մխիթար Հայրապետյանի կուրսընկերոջն ուզում են նշանակել «Զվարթնոցում» հերթափոխի պետ

«Նոր Հայաստանում», հակառակ որդեգրած սկզբունքներին, շարունակվում է ծանոթ-բարեկամով պաշտոնների նշանակելու՝ նախորդներից եկած պրակտիկան։ Եվ դա տեղի է ունենում անգամ ոչ բարձր պաշտոնների դեպքում։ Օրինակ՝ մենք տեղեկացանք, որ ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում ավագ տեսուչ (հերթափոխի պետ) են ուզում նշանակել Դավիթ Մկրտչյան անունով մի երիտասարդի, ով ԱԺ պատգամավոր ու սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանի կուրսընկերն է։ Ըստ տեղեկության՝ հենց Հայրապետյանն է միջնորդել անձամբ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, որ իր կուրսընկերը նշանակվի այս պաշտոնում, ով ընդամենը երկուսուկես տարվա ստաժ ունի։ Մինչդեռ, Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն, ասում են, այլ՝ ավելի պրոֆեսիոնալ ու փորձառու թեկնածու է իր աչքի տակ ունեցել։ Բայց Օսիպյանի կարգադրությամբ երկուշաբթի օրը արդեն կստորագրվի Դավիթ  Մկրտչյանի՝ այս պաշտոնում նշանակման հրամանը։ Նախկին ավագ տեսուչն արդեն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ու գնում է թոշակի։

Hraparak.am-ն այս առնչությամբ զրուցեց Մնացական Բիչախչյանի հետ։ Նա սկզբում ասաց, որ որևէ մեկի թեկնածությունն էլ դեռ որոշված չէ, և որ իր իմանալով՝ նախկինը դեռ ազատման դիմում չի գրել, թեպետ մեզ ասացին՝ գրել է արդեն։ Այնուհետև սկսեց գովել ապագա ավագ տեսուչին՝ թվարկելով նրա արժանիքներն ու վստահեցնելով , որ եթե նույնսիկ Մկրտչյանն էլ նշանակվի, կլինի իր իսկ որոշմամբ,ոչ թե միջնորդությամբ։

«Ես անձնակազմին բոլորին լավ գիտեմ, և եթե նույնիսկ ես իրեն նշանակեմ, որևիցե անձ, անկեղծ եմ ասում, որևիցե անձով չի զանգել և որևիցե բան չի խնդրել։ Ես չգիտեմ՝ ում ընկերն է, ինչ ընկեր է, ինձ հետաքրքիր չի բացարձակ, անկեղծխորեն եմ ասում՝ այդ տղան, որ ծառայության ընդունվել է, իր գիտելիքով շատ պատրաստված տղա է»,-ասաց Բիչախչյանը։

Մեր դիտարկմանը, թե ասում են՝ ինքն այլ թեկնածու է ունեցել, սակայն Օսիպյանն ասել է, որ հենց Դավիթ Մկրտչյանը պիտի նշանակվի, Բիչախչյանն ասաց, որ նման բան չկա։ «Ես էս պահին որևէ անձի թեկնածություն էլ չունեմ, ես բոլորին նայում եմ, ուսումնասիրում եմ, գիտեմ՝ ում եմ ներկայացնում, ես եմ հրամանը տալիս, եթե ես որևիցե անձի գտա նպատակահարմար նշանակելու, կնշանակեմ, և չեմ կարծում, որ Օսիպյանն էլ դեմ լինի այդ նշանակմանը»։ Նա նշեց, որ  ավագ տեսուչը, որը նաև հերթափոխի պետի ֆունցկիա է իրականացնում, իրականում, շատ պատասխանատու աշխատանք է, և անգրագետ, ոչ կոմպետենտ մարդու չեն կարող նշանակել այդ պաշտոնին։

Մեր դիտարկմանը, թե իր խոսքից հասկացանք, որ կարծես թե հակված է հենց իրեն էլ նշանակել, պարոն Բիչախչյանը չբացառեց․ «Այս պահին որևիցե անձի կողմից որևէ առաջարկ չի եղել, ես իրեն նույնիսկ մի տարի առաջ եմ ուզել նշանակել ավագ տեսուչ, դեռ հեղափոխությունն էլ չկար, ուղղակի այդ պահին նպատակահարմար չգտա մասնագիտական ստաժի հարցում։ Այս պահին մի քանի հոգու թեկնածություն քննարկվում է ինձ մոտ, չի բացառվում՝ իրեն նշանակեմ, չի բացառվում՝ այլ անձի։ Բայց եթե ինքն էլ նշանակվի, որևիցե առումով ինքը չի զիջում այնտեղ գտնվող որևէ մեկին»։