Տխուր ենք, բայց ոչ հուսահատ

Տխուր ենք, բայց ոչ հուսահատ

Եվս մի տարի գլորեցինք։ Եվս մեկ անգամ արձանագրեցինք, որ անցնող տարին ոչ մի լավ բան չտվեց մեր երկրին ու ժողովրդին՝ միայն դժբախտություններ ու կորուստներ, ցավ եւ ափսոսանք։ Եվ կրկին անհամբեր տագնապով սպասում ենք տարեվերջին՝ դեկտեմբերի 31-ին, որպեսզի 24։00-ին հրաժեշտ տանք հերթական աղետաբեր տարուն եւ դիմավորենք հաջորդը՝ 2022-ը՝ հույսով, որ գուցե այն ավելի հաջող եւ բարեբեր կլինի մեզ համար, ավելի խաղաղ ու ստեղծագործ, ավելի անհոգ ու  անվտանգ, քան նախորդն էր։

Մի ամբողջ տարի մեր երկիրը վտանգավոր վայրիվերումների մեջ էր, իսկ մեր հասարակությունը՝ սթրեսի ու ցնցումների։ Հարված՝ հարվածի հետեւից, կորուստներ, մղձավանջ, զոհեր ու գերիներ, անհեթեթ քրեական գործեր ու անպատիժ հանցագործություններ, դրսից մեզ ուղղված վիրավորանք ու ներսում գզվռտոց։ Անկայունություն, նվազող ինքնիշխանություն, օտարված ու բզկտված Արցախ, պառակտված ու իրար ատող մարդիկ։ Ընտրություններ, որոնք ոչ մի հարց չլուծեցին, այլ ավելի բացահայտեցին ու խորացրին ներքաղաքական ճգնաժամը։ Եվ այս բոլոր հարցերը լուծելու անկարող իշխանություն։

Մեր պետությունն այս ամբողջ ընթացքում մե՛կ ջրի երես է ելնում, մե՛կ անցնում ջրի տակ՝ օվկիանոսում հայտնված թղթե մակույկի նման, որը ոչ մի կերպ չի կարողանում հասնել որեւէ հանգրվանի։ Եվ ինչպե՞ս հասնի, երբ մակույկում գտնվողներից մեկն աջ է ձգում, մյուսը՝ ձախ, երբ նավապետը մանուկ է, իսկ ուղեւորները՝ անհաշտ ու անմիաբան։ Ասում են՝ ցավը, կորուստը միավորում են մարդկանց։ Նրանք միանում են, որպեսզի դիմանան այդ ցավին եւ համատեղ ուժերով հաղթահարեն վիշտն ու կորուստները։ Սակայն անգամ պատերազմը եւ հազարավոր զոհերը մեզ միասնական չդարձրին, եւ մենք անգամ մեր երկրին պատուհասած արհավիրքը համազգային աղետ չհամարեցինք։