Եթե անգամ իշխանությունը «հաղթած» դուրս գա Օնիկ Գասպարյանի հարցով, ոչ մի հարց էլ չի լուծվում

Եթե անգամ իշխանությունը «հաղթած» դուրս գա Օնիկ Գասպարյանի հարցով, ոչ մի հարց էլ չի լուծվում

Օնիկ Գասպարյանի և Գլխավոր շտաբի հետ կապված իրավիճակի հանգուցալուծումները կարող են տարբեր լինել՝ տարբեր ելքերով ու ժամանակային առումներով՝ կախված Սահմանադրության մեկնաբանություններից։

Այնունամենայնիվ, ի՞նչ, եթե իշխանությունը «հաղթած դուրս» գա և Գասպարյանն ազատվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից։ Հարցն ուղղում ենք քաղաքագետ Ստեփան Դանիելյանին։ Վերջինս ասում է՝ հարցը Օնիկ Գասպարյանի անձը չէ, ամեն ինչ ավելի շատ ավելի բարդ է։ «Որովհետև Օնիկ Գասպարյանը ներկայացնում է բանակի վերնախավի տեսակետը և այդ հայտարարության տակ ստորագրել է, փաստորեն, ողջ բանակային վերնախավը։ Այսինքն՝ այստեղ խնդիրն այն է, որ ՀՀ Զինված ուժերն անվստահություն են հայտնում երկրի քաղաքական ղեկավարությանը և մեղադրում են, որ նա ունակ չէ ղեկավարելու Հայաստանը, ունակ չէ լուծել խնդիրները, որոնք Հայաստանի առաջ կանգնած են»,-ասաց Դանիելյանը։

Նրա մեկնաբանությամբ՝ այս լուրջ մեղադրանքն ավարտվում է նրանով, որ միակ հանգուցալուծումը կառավարության հրաժարականն է։ Իսկ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը քաղաքական-պետական ճգնաժամի արտահայտությունն է։ Ու եթե անգամ ինչ-որ եղանակով իշխանություններին հաջողվի Օնիկ Գասպարյանին հանել ԳՇ պետի պաշտոնից, դրանով ճգնաժամը չի լուծվում։