Հավաքականի խաղերին հաշված օրեր են մնացել, իսկ մենք գլխավոր մարզիչ չունենք

Հավաքականի խաղերին հաշված օրեր են մնացել, իսկ մենք գլխավոր մարզիչ չունենք

Տուրկուում 0:3 հաշվով Ֆինլանդիայի ընտրանուն պարտվելուց հետո Հայաստանի հավաքականը գործնականում զրկվեց Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ անցնելու հնարավորությունից, ինչից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարականի դիմում ներկայացրեց։ 

«Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու բարդ որոշում եմ կայացրել, քանի որ չեմ կարողացել արդարացնել Հայաստանի հավաքականի երկրպագուների հույսերը՝ թիմին դուրս բերել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Այժմ մեր հնարավորությունները միայն տեսական են, և, չնայած իմ առջև ի սկզբանե նման խնդիր չէր դրվել, միշտ զգացել եմ պատասխանատվությունը», - նշել  էր Գյուլբուդաղյանցն իր հրաժարականի տեքստում: 

Հավաքականի առաջիկա հանդիպումներին հաշված օրեր են մնացել, իսկ Հայաստանի հավաքականը չունի գլխավոր մարզիչ։

Օրեր անց՝ նոյեմբերի 15-ին, Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում նախ պետք է ընդունի Հունաստանի ընտրանուն, ապա երեք օր անց՝ նոյեմբերի 18-ին մեր ընտրանին պետք է Պալերմոյի «Ռենցո Բարբերա» մարզդաշտում հյուրընկալվի Իտալիայի հավաքականին։ 

Երեկ մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, թե հայազգի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը, որը վերջերս լքեց «Տամբովը», կարող է աշխատանքի անցնել կամ  Հայաստանի ազգային հավաքականում կամ Երևանի «Փյունիկում»։

Գրիգորյանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու հնարավորություններն արդեն իսկ կարելի է բացառել, քանի որ երևանյան ակումբի նորանշանակ փոխնախագահ Ալեքսանդր Տարխանովը ժամեր առաջ հերքել է շրջանառվող տեղեկությունները, թե «Փյունիկի» կողմից Ալեքսանդր Գրիրգորյանին գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ է արվել։ 

««Փյունիկը» գլխավոր մարզիչ չի փնտրում, այդ պաշտոնում Ալեքսանդր Գրիգորյանի նշանակման մասին խոսակցություններ չկան»,- РИА Новости-ին հայտնել է  Տարխանովը։

ՀՖՖ-ից մեզ հայտնեցին, որ գլխավոր մարզչի ընտրության հարցում դեռևս նորություն չկա։ Հարցին, թե մինչև Հունաստանի դեմ տնային խաղը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի նշանակում լինելու՞ է, և դիտարկվե՞լ է արդյոք Ալեքսանդր Գրիգորյանի տարբերակը, ֆեդերացիայից հայտնեցին, որ այս հարցում ևս հստակություն չկա։