Քաղաքական դաշտի տեղը կասե՞ք

Քաղաքական դաշտի տեղը կասե՞ք
Գագիկ Ծառուկյան

Թերթերում հաճախ ենք կարդում, որ հայաստանյան քաղաքական կյանքը կենտրոնացած է Ազգային ժողովում, իսկ այն, ինչ մնացել է ԱԺ պատերից դուրս, մարգինալ է: Եթե սա ճիշտ է, ապա պառլամենտարիզմը, լավ իմաստով, մեզ պետք է խեղդած լիներ, բայց ես ինչ-որ չեմ զգում այդ հաճելի զգացումը: Խորհրդարանում ընդամենը երեք ուժ կա, որոնց ո՛չ ինչ լինելն է հայտնի, ո՛չ գաղափարական ուղղությունը, ո՛չ երազանքները: Երեք ուժ, որոնցից առնվազն երկուսը նույնիսկ անցած ճանապարհ չունեն եւ կազմավորվել են, եթե կարելի է այդպես ասել, պայմանագրային հիմունքներով: Կարելի՞ է արդյոք պառլամենտարիզմի մասին երազել, երբ պառլամենտում նմուշի համար մեկ ընդդիմադիր գործիչ չկա:

«Իմ քայլը», կարծես, փորձում է ԲՀԿ-ին ընդդիմադիր դարձնել, կախվել է Գագիկ Ծառուկյանի բիզնեսներից: Իսկ ի՞նչ է անում ԲՀԿ-ն: ԲՀԿ-ականները, փոխանակ «թքեն» եւ անցնեն ընդդիմություն, հայտարարում են, որ կլքեն խորհրդարանը, եթե Գագիկ Ծառուկյանին նեղացնեն: Ես հասկանում եմ, որ թասիբի հարց էլ կա վերջապես, բայց դա, ախր, պառլամենտ է, որտեղ գաղափարների պայքար պետք է լինի եւ ոչ թե գլադիատորների մարտ: «Իմ քայլի» բզբզոցին միացել է նաեւ Փաշինյանի կառավարությունը, բանը հասել է դատախազությանն ու ուժայիններին, որ Գագիկ Ծառուկյանին կա՛մ բիզնեսից կտրեն, կա՛մ մանդատից: Թերթերի նշած «քաղաքական» դաշտը, կարելի է ասել, դուրս է հորդել ԱԺ պատերից, խորհրդարանական քաղաքական ուժերից մեկը միլիցա է բերել մյուս ուժի վրա. այ քեզ քրեակատարողական պառլամենտարիզմ:

Ինչպե՞ս է լուծվելու այս հարցը: ԱԺ նախագահը մի երկար ավետարան է գրել Գագիկ Ծառուկյանի համար, թե՝ այ պարոն Ծառուկյան, այսպես ճիշտ չէ, պետք է ընտրել` կա՛մ մանդատը, կա՛մ բիզնեսը: Իսկ եթե Ծառուկյանենք վերցնեն ու լքե՞ն պառլամենտը` սահմանադրական անհաղթահարելի խնդրի առաջ կանգնեցնելով երկիրը: Այ, այստեղ հերոսական «Իմ քայլը» քայլ չի ունենա անելու, «պատ» կհայտարարվի նրան: Պառլամենտարիզմը պառլամենտարիզմ է հենց նրանով, որ պատային վիճակներից խուսափելու պահեստային ուղիներ է պահպանում: Այսինքն՝ այստեղ մի տարբերակ էլ կա. Փաշինյանը պետք է գնա Ծառուկյանի ոտը, խնդրի, աղաչի, հետողորմյա անի օրենքը, որով բիզնեսմեններին արգելվում է օրենքներ գրել: Այլ ճանապարհ չկա, եթե, իհարկե, Փաշինյանը չկարողանա ԲՀԿ նախընտրական ցուցակի ստորին հատվածում հանգրվանած մարդկանց համոզել` գրավել այս պահին խորհրդարանում գտնվող ԲՀԿ-ականների տեղերը: Սահմանադրությունն ասում է` խորհրդարանում երեք ուժ պետք է լինի, սա է ամբողջ հարցը:

Իսկ հնարավո՞ր է, որ Փաշինյանի ուզածն էլ հենց այս խայտառակ ԱԺ-ն ցրելն է: Ո՞չ: Իսկ ինչո՞ւ ոչ, եթե դա «պատվով ճողոպրելու» շատ լավ տարբերակ է: Նոր ընտրություններ տեղի կունենան, ինքը մի քանի հոգով կանցնի ԱԺ եւ, գլուխը կախ, սիրած գործով կզբաղվի` խոսելով: Այլապես պետություն կառավարելը հեշտ գործ չէ` Ալիեւը կրակում է, Մեդվեդեւն իր տեղում չէ, համանախագահները հուփ են տալիս, ժողովուրդը հացուջուր է ուզում, գազը թանկանում է… Հերն էլ անիծած, ավելի հեշտ չէ՞ խոսելն ու այդ ամենը քննադատելը: Կրա՞կն ընկավ, որ մանկապարտեզի երեխաների հետ մի քանի քայլ արեց: Եկել-լցվել են է՛լ ԱԺ, է՛լ կառավարություն, երկու էշի գարի չեն կարողանում ջոկել իրարից, բայց թուքումուրն իրեն է հասնում:

Բացառված չէ նաեւ, որ Փաշինյանի վարչապետության ժամկետն է լրանում: Երբ մեկին բերում են որեւէ գործի, նրա հետ նաեւ ժամկետներ են պայմանավորվում: Մեզ այդ մասին չեն տեղեկացնում, իհարկե, բայց մենք հասկանում ենք, որ սերիալը բաղկացած է սերիաներից, որոնցից յուրաքանչյուրը մի որոշակի պահի ավարտվում է, որպեսզի սկսվի նոր սերիան: Հիմա այս սերիայում ԱԺ-ն կարող է ցրվել, եւ հայտարարվեն նոր ընտրություններ, որտեղ Նիկոլի բախտը կարող է նույնությամբ չբերել: Հիմա պետք է ուշադիր լինել եւ հասկանալ` նրան տրված ժամկե՞տն էր ավարտվել, թե՞ մի ուրիշ բան էր պատահել, որ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ վարչապետ դարձած Փաշինյանը հանկարծ որոշեց իր բարերարի կուսակցությանը մանդատաթափ անել:

Որ խոսք գնաց ԱԺ-ում պառլամենտարիզմի մասին, մի երկու բառով էլ անդրադառնանք «Լուսավոր Հայաստանի» գործերին: Այս ուժը տազ արած հետեւում է Ծառուկյան-Փաշինյան «հակամարտությանը» եւ, մեր կարծիքով, նույնիսկ ուրախ կլինի, որ ԱԺ-ն ցրվի, եւ տեղի ունենան նոր ընտրություններ: Ի՞նչ կարող ես անել: Մի քանի ամսում Էդմոն Մարուքյանին չհաջողվեց ո՛չ ընդդիմադիր դառնալ եւ ո՛չ էլ դուրս գալ հայտնի շրջանակի հովանավորյալի կարգավիճակից: Բայց Մարուքյանը շանս էլ չուներ: «Վերեւները» խաղադրույքը Փաշինյանի վրա էին կատարել, որովհետեւ իշխանության` հորից-որդի փոխանցումը չափազանց ակնառու կլիներ Մարուքյանի վարչապետության պարագայում: Մարուքյանն ստիպված էր համակերպվել եւ մի կերպ ձգել ժամանակը, մինչեւ Նիկոլի «սերիան» ավարտվեր: Մեկ տարին բավականին ժամանակ է ժողովրդի դժգոհության գոլորշին բաց թողնելու համար, որից հետո նախկինների նոր սերունդը կարող է առավել սահուն գալ իշխանության: Մարուքյանի լռությունը հենց սրանով է պայմանավորված: Նա չի կարողանում «Իմ քայլի» եւ ԲՀԿ-ի վեճում ո՛չ Փաշինյանի կողմը բռնել (միանգամից կդառնա պալատական երգիչ), ո՛չ էլ Գագիկ Ծառուկյանի, որովհետեւ «լուսավորյալ» ընդդիմադիր մարդը չի կարող օրենքներին դեմ գնալ: Մարուքյանին մնում է մի քիչ էլ սպասել:

Էն էի ասում, որ թերթերում հաճախ են գրում, որ հայաստանյան քաղաքական կյանքը կենտրոնացած է Ազգային ժողովում, իսկ այն, ինչ մնացել է ԱԺ պատերից դուրս, մարգինալ է: Մեր կարծիքով` դա հատուկ է արվում, որպեսզի հանրությանը հնարավորինս հեռու պահեն խորհրդարանից դուրս ընթացող պրոցեսներից: Մինչդեռ խորհրդարանից դուրս կյանքը շարունակվում է իր հունով: Այդ, այսպես կոչված՝ մարգինալ ուժերը ժողովներ են անում, հայտարարություններ, մարտավարություն մշակում առաջիկա գործունեության համար, նույնիսկ իշխանություններին «սպառնում» տուն ուղարկել: Զարմանալիորեն, սակայն, ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ խորհրդարանական «ընդդիմությունը» որեւէ կերպ չեն արձագանքում դրան: Փոխարենը` արտախորհրդարանական ուժերի վերադասավորումների եւ հայտարարությունների նկատմամբ առավել ուշադիր են սոցցանցերը: Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանական ուժերի «դնջությանը», ապա կարելի է ասել, որ նրանք ավելի շատ հավատում են իրենց մասնակցությամբ այս մեծ քաղաքական խաղի սցենարին, քան խորհրդարանից դուրս դանդաղ, բայց հաստատուն քայլերով ձեւավորվող վաղվա իշխանությանը: