Պետք է՝ «Հայաստան Նիկոլից հետո» տեսլական

Պետք է՝ «Հայաստան Նիկոլից հետո» տեսլական

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանն իր այսօրվա ֆեյսբուքյան գրառմամբ եզրահանգել է՝ էժան քաղաքական գործիչները շատ թանկ են նստում ժողովրդի վրա: Ներկայացնում ենք Արմեն Աշոտյանի գրառումը ստորև․

«Այլևս ակնհայտ է, որ Հայաստանի նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման և ոչ մի ռազմավարական ծրագիր, որն համարժեք կլիներ մեր առջև ծառացած ներքին և արտաքիքն բազում մարտահրավերներին: Համաշխարհային պոպուլիզմի տեղային ֆենոմենը Հայաստանում իշխանության է բերել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի թիմի, որի քաղաքական գոյության մատրիցան շատ պարզունակ է՝ դու տալիս մարդկանց չհիմնավորված հույսեր, իսկ ժողովուրդը, խաբվելով, քեզ է տալիս իշխանության մանդատ: Այս պրիմիտիվ սխեման, էֆեկտիվ լինելով կարճաժամկետ կտրվածքով, պլանավորման հորիզոնում շատ արագ սկսում է վթարների ենթարկվել:

«Հույսի վաճառականի» քաղաքական իմիջը խոցելի է դառնում առաջին իսկ պահից, երբ այդ ժողովրդին տրված խոստումները բախվում են մի կողմից առկա դառը իրականությանը, մյուս կողմից՝ սեփական քաղաքական սնանկությանը: Երկիրը, կորցնելով զարգացման իրական ուղենիշները, վերածվում է «օրվա հացի», «օրվա ստատուսի» կամ «օրվա սկանդալի» կեցավայրի: Հետզհետե քայքայվող հասարակական հարաբերություններին միանում է նաև պետական ապարատի էրոզիան, և պետությունը կորցնում է իր երբեմնի ռազմավարական խորությունը: Ցավոք, Հայաստանի փորձը գալիս է ևս մեկ անգամ ապացուցելու, որ էժան քաղաքական գործիչները շատ թանկ են նստում ժողովրդի վրա: Եվ որքան էլ տեսանելի է, որ Նիկոլ Փաշինյանն հեշտությամբ իշխանությունը չի զիջելու, այնուհանդերձ գնալով ակտուալ է դառնում «Հայաստան՝ Նիկոլից հետո», Post-Նիկոլ տեսլականի մշակումը, որտեղ պահանջվելու է լայն քաղաքական հենքով ուժերի կոնսոլիդացիա, և որի հիմքում պետք է լինի ոչ թե Փաշինյանին մերժելու, այլ երկիրը վերջնականապես դժոխքի չվերածելու առաքելությունը: