ՆԱՏՕ-ն, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան բազմաշերտ, բայց կանխատեսելի խաղ են խաղում Ռուսաստանի հետ

ՆԱՏՕ-ն, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան բազմաշերտ, բայց կանխատեսելի խաղ են խաղում Ռուսաստանի հետ

«Թուրքիան Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին իր համաձայնությունը փոխանակել է այդ երկրներում ընդդիմադիր քրդական կազմակերպությունների, գյուլենական շարժման ներկայացուցիչների գործունեության արգելքով և որոշ հակաէրդողանական ակտիվիստների արտահանձնելու համաձայնությամբ։ Բնականաբար Թուրքիան բաց չէր թողնի իր առավելապաշտական նկրտումները գոնե մասամբ բավարարելու հարմար առիթը և ԵՄ անդամակցության հարցը գործնական քայլով «բարձրաձայնելու» հնարավորությունը։  Չի կարելի ժխտել Թուրքիայի մտահոգությունը ՆԱՏՕ-ին Ռուսաստանի հետ սահմանակից դարձնելու այս փաստով։ Չէ որ այդ կերպ կարող է աճել Ռուսաստանի եւ Թուրքիաի կամ նրանց արբանյակ երկրների միջև տարբեր տարածաշրջաններում բախման հավանականությունը։ Բայց կարծես թե սրա վերաբերյալ Թուրքիան համապատասխան հավաստիացումներ է ստացել ՆԱՏՕ-ից»,-այս մասին մեզ հետ զրույցում ասաց թուրքագետ Վազգեն Պետրոսյանը։ 

Վերջինս գտնում է, որ ՆԱՏՕ-ն Ուկրայինայի պատերազմից օգտվում է  2021 թվականին Աֆղանստանից իր խայտառակ ու ամոթալի նահանջը մեղմելով։ 

«Վերջիվերջո ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն շուրջ 20 տարի պատերազմեցին Թալիբների դեմ ու առանց որևէ հաջողության հեռացան։ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին նունպես այս համատեքստում է և բխում է կազմակերպության շահերից. նախ ՆԱՏՕ-ն սահմանակից է դառնում Ռուսաստանին, ապա շեղում է Ռուսաստանի ուշադրությունը Ուկրաինայից, որտեղ ընթացող պատերազմին ՆԱՏՕ-ն պատրաստվում էր դեռևս 2014-ից, բայց այսօր իր նախնական հաշվարկներից շատ հեռու իրականություն է արձանագրում։ Այդ պատճառով էլ փորձում է ուկրաինական  բանակը վերակազմավորելու ժամանակ շահել։ Հակառակ պարագայում ՆԱՏՕ-ն զգալիորեն կհեղինակազրկվի։  Այսինքն՝ ՆԱՏՕ-ն, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան բազմաշերտ, բայց կանխատեսելի խաղ են խաղում Ռուսաստանի դեմ։ Թուրքիան, պատերազմի առաջին իսկ օրերից փակելով ծովային ուղիները, կանխեց ՆԱՏՕ-ի նավատորմի մուտքը Սև ծով։ Սա իհարկե Թուրքիայի կողմից նպաստավոր օգնություն էր Ռուսաստանին։ Այդ քայլով Թուրքիան պահպանեց Ռուսաստանի հետ ոչ կոնֆլիկտային հարաբերությունները, ինչի շնորհիվ ՆԱՏՕ-ին Անդրկովկասում ու Կենտրոնական Ասիայում խնդիրների կարգավորման որոշակի ծառայություններ է մատուցում։ Ռուսաստանը Թուրիքայի հետ խնդիրներ ունի՝ Սիրիայում, Լիբիայում, Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում եւ Ուկրայինաում, որին Թուրքիան դեռևս շարունակում է ԱԹՍ-ներ մատակարարել՝ ուղիղ կամ միջորդավորված»,-ասաց Պետրոսյանը։ 

Թուրքագետը գտնում է, որ Ռուսաստանը ներկա փուլում դժվար թե Շվեդիայի եւ Ֆինլանդիայի դեմ կոշտ միջոցառումների գնա, առավելագույնը կարող է լինել միջին հեռահարության միջուկային հրթիռների տեղակայումը այդ երկրների սահմաներին եւ այլն։ 

Քաղաքական վերլուծաբանը գտնում է, որ «Մինչ օրս ՆԱՏՕ-ի գործողությունները և օգնությունները հնարավորություն չեն տվել Ուկրաինային պատերազմում լուրջ հաջողության հասնել, դեռ ավելին Ռուսաստանը Ուկրայինան դարձնում է վառած հող, որը հետագայում կարող է ոչ մեկին պետք չգալ: ՆԱՏՕ-ի խոսքերի փոխարեն մինչ օրս Ռուսաստանը գործնական քայլեր է իրականցրել, ինչը արդեն բերել է իրավիճակային փոփոխության, ոչ միայն պատերազմի դաշտում, այլև համաշխարհային տնտեսության և անվտանգության ոլորտներում։

Մեր այն հարցին, թե Հայաստանին ինչ կտա այդ համագործակցությունը՝ վնաս, թե օգուտ, թուրքագետն ասաց.«Այս իրավիճակում Հայաստանի տարածաշրջանային դիրքն ու դերակատարությունը անկումային են։ Մեր երկրի ներկա կարգավիճակի սկիզբը 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Միխայիլ Սահակաշվիլիին  կես օրով Հայաստան հրավիրելու և պատվելու Սերժ Սարգսյանի նախաձեռնությունն էր։ Այն շարունակաբար հաջորդվեց Հայաստանը տարածաշրջանային և միջազգային բոլոր գործընթացներում դերազրկելու քաղաքականությամբ, ինչում սիրահոժար կերպով մեծ դեր է ստանձնել Հայաստանի ներկա իշխանությունը, որը, տուրք տալով արևմտյան ուժերի պահանջներին, ջանք չի խնայում Հայկական բանակը, Արտաքին գործերի նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը վերջնականապես անգործունակ դարձնելու համար»։ 

Թե այսպիսի իրավիճում ի՞նչ կարող է անել Հայաստանը, Պետրոսյանը պատասխանեց.«Առաջին հերթին պետք է ձերբազատվել այսօրվա իշխանությունից և վերակազմակերպել հայկական պետականությունը՝ երրորդ ուժի առաջ քաշմամբ։ Հայաստանի հաջորդ իշխանությունը պարտավոր է լինել հայակենտրոն, եթե չենք ուզում համալրել պատմության գիրկն անցած ազգերի և պետությունների շարքերը»։