ВДНХ-ի հայկական տաղավարը՝ ընտանեկան բիզնես․ կառավարությունում հակասություններ կան

ВДНХ-ի հայկական տաղավարը՝ ընտանեկան բիզնես․ կառավարությունում հակասություններ կան

Այս տարի Ադրբեջանը պատրաստվում է հանդիսությամբ վերակառուցված տաղավար բացել Մոսկվայի Ժողտնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսում (ВДНХ)։ Այն, փաստորեն, ոչ միայն արտադրական նվաճումների ցուցադրավայր է դառնալու, այլեւ մշակույթի ազգային կենտրոն՝ խճազարդ ճակատամասով, վերականգնված արձաններով, 30-ականների ինտերիերի նախնական վառ գույներով, մարմարե նոր հատակով։ Հայկական տաղավարը նույնպես նորացվելու է, բայց աշխատանքը դեռ չի էլ սկսվել, եւ առայժմ այն գյուղի խանութ է հիշեցնում, որտեղ սմբուկի խավիար ու բաստուրմայի կողքին ոսկեղեն ու նկար են վաճառում։ Այս տպավորությունը տարածված է մեր մոսկվաբնակ հայրենակիցների շրջանում, որոնք այստեղ հիմնականում բաստուրմա-սուջուխ գնելու են գալիս։ 

ВДНХ-ում 2003 թվականից գործող հայկական տաղավարը Հայաստանի դեմքն է մի պետությունում, որից առնվազն հարգանք ենք ակնկալում։ Ենթադրվում է, որ իրավական հարցերը պետք է կարգավորված լինեն բարձր մակարդակով, իսկ կառավարումը պետք է իրականացվի՝ ելնելով Հայաստանը միջազգային հարթակներում լավագույնս ներկայացնելու նպատակից։ Մինչդեռ թե՛ կառավարումը, թե՛ մարդիկ «հին» են։ Հիմնադրման օրերից հայկական տաղավարով զբաղվում է նույն անձը՝ ՌԴ-ում ՀՀ առեւտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, այն դեպքում, երբ Հայաստանում չես գտնի անգամ մի գյուղ, որի գյուղապետը վերջին 17 տարում չի փոխվել։ Երեք վարչապետ՝ Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը եւ Կարեն Կարապետյանը, նշանակել են նրան։ Փաշինյանն այս շարքում դեռ չկա։ 

2005 թվականին ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի թեթեւ ձեռքով ընդունվեց ՀՀ  կառավարության N168-Ա որոշումը, որով առեւտրային ներկայացուցչությունը վերացվեց, եւ դրա լիազորությունները վերապահվեցին ռուսական մասնավոր ընկերության՝ «Արմիմպորտ» ՍՊԸ-ին։

Միեւնույն ժամանակ, ըստ «Առեւտրային ներկայացուցիչների ու ներկայացուցչությունների մասին» ՀՀ կանոնադրության, այն ենթարկվում է ՀՀ կառավարությանը: Աննախադեպ իրողություն է, երբ պետության առեւտրային շահերը տասը տարուց ավելի ներկայացնում է այլ երկրի մասնավոր ընկերություն, մի անհայտ ՍՊԸ։ Մի շատ հետաքրքիր դետալ․ պարզվում է՝ «Արմիմպորտ» ՍՊԸ հիմնադիրը եւ 70 տոկոս բաժնեմասի տերը ՀՀ առեւտրային ներկայացուցչի կինն է՝ Ազնիվ Ասոյանը։ Այս մասին վկայում է ՌԴ իրավաբանական անձանց պետական ռեեստրը։

Տպավորություն է, որ այնքան անկարեւոր են հայ-ռուսական առեւտրատնտեսական կապերը, որ կառավարման արդիականացման հարցը եւս մի 20 տարի ոչ ոք չի լուծելու՝ թողնելով դրանք ընտանեկան այս զույգի հայեցողությանը։ Կարեն Ասոյանը համաձայն չէ, որ «Արմենիա» տաղավարն իր ընտանեկան բիզնեսն է։ «Մենք հայկական պավիլյոնների բիզնեսով չենք զբաղվում։ Գործում է մոտ 20-30 ընկերություն, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ, եւ ամեն մեկն ունի իր բիզնեսը, որն ուղղված է հայկական արտադրանքի առաջ մղելուն,- ասաց Ասոյանը, - իմ կինը, ի դեպ, «Արմիմպորտի» միակ հիմնադիրը չէ, ներդրում է արել շենքի պահպանման համար, քանի որ շենքը 73 տոկոս մաշվածությամբ են մեզ հանձնել, այն պիտանի չէր օգտագործման։ Մենք այն պետք է վերականգնեինք ու պահենք բարեկարգ վիճակում, քանի որ ռուսական կողմի առաջ շենքի պահպանության պարտավորություն ունենք»։

Հարցին, թե ինչու հայկական առաջատար ընկերություններին չի կարելի տարածք տրամադրել անվճար, ՀՀ առեւտրային կցորդը, որը երկու երկրների առեւտրատնտեսական կապերի պատասխանատուն է, պատասխանեց. «Միայն անգրագետ մարդու գլխում կարող է նման գաղափար ծագել։ Կարելի է անվճար տալ, բայց ո՞վ պետք է մուծի կոմունալ ծախսերը, շենքը պետք է ջեռուցել, հոսանքի գումար տալ եւ այլն։ Ի՞նչ վատ է, որ տնից փող եմ դրել, պավիլյոն եմ պահում»։ Ինչո՞ւ եք դեմ, որ անցած 17 տարում գեթ 1 անգամ մրցույթ հայտարարվեր, եւ տաղավարի համակարգող ընկերությունն ընտրվի մրցույթով։ Ասոյանը հարցին պատասխանում է․ «2005 թվականին խորհրդակցություններ են եղել Գործարարների միությունում, այդ որոշումն ընդունվել է, եւ ոչ մի բողոք չի եղել»։ Մեր ռեպլիկին, թե դրանցից Քոչարյանի ժամանակ քչերն էին բողոքում, նա արձագանքեց. «Հայաստանի Հանրապետությունը 90-ական թվականներից դեմոկրատական երկիր է»։ 

Ո՞ւր են գնում վարձակալությունից ստացված գումարները, ի՞նչն է խանգարում, որ ՀՀ տաղավարում քաղաքակիրթ պայմաններ ստեղծվեն՝ մեր ապրանքները ցուցադրելու համար։ Հարցերն ուղղել էինք ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը։ Ստացել ենք երկարաշունչ պատասխան նախարարի մամուլի խոսնակից, ուստի ստիպված ենք օգտագործել միայն մեր հարցադրումներին վերաբերող հատվածները։ Ըստ այդմ, «տաղավարի շենքը դաշնային նշանակության մշակութային ժառանգության հուշարձան է, եւ ռուսական օրենսդրության համաձայն՝ ցանկացած փոփոխություն պետք է անցնի երկարատեւ հաստատման ընթացակարգով»:

Տաղավարների վարձակալությունից ստացված միջին եկամուտը կազմում է մոտ 540-590 հազար ռուբլի, որից կոմունալ ծառայությունների համար հատկացվում է 255 000-285 000 ռուբլի, իսկ պահպանման այլ ծախսերի, այդ թվում՝ աշխատավարձերի, շենքի մաքրության, լուսավորության ապահովման համար ծախսվում է մոտավորապես 320 հազար ռուբլի։ 


««Արմիմպորտն» իրականացնում է «Արմենիա» տաղավարի համակարգման աշխատանքները՝ ըստ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ 2011 թվականին ստորագրված համաձայնագրի․․․ Թե՛ «Արմիմպորտի», թե՛ Կարեն Ասոյանի նշանակումը չեն հակասում օրենքին․․․ Ներկայումս կենտրոնում ներկայացված են Հայաստանի մոտ 200 արտադրողներ եւ ծառայություն մատուցողներ: Գործածվում են տարբերակված վարձավճարներ։ Մեկ քառակուսի մետրի համար ամսական առավելագույն վճարը չի գերազանցում 12 դոլարին համարժեք ռուբլին, իսկ զգալի տարածքներ էլ տրամադրում են անվճար։ Օրինակ՝ Արցախի Հանրապետության արտադրանքը ներկայացնող ընկերության համար»։ Պատասխանից հետեւում է, որ «Արմիմպորտում» տարին մեկ աուդիտ է արվում։ «ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ներսում թե՛ շահագրգիռ բոլոր կողմերի հետ քննարկումներ են ընթանում առեւտրական ներկայացուցչի ինստիտուտը բարեփոխելու եւ արդյունավետությունը բարձրացնելու նպատակով»,- ասված է պատասխանում։ Մեկ այլ լրատվամիջոցի՝ «Առավոտի» համար նույն նախարարությունն օրերս պատասխանել է, որ ՀՀ կառավարությունների միջեւ կնքված միջպետական համաձայնագրի համաձայն՝ տարածքը վարձակալության է տրվում ՀՀ կառավարությանը, ոչ թե մասնավոր ընկերությանը, եւ, ըստ միջպետական համաձայնագրի, կողմերը ցանկացած պահի կարող են փոխել լիազոր մարմնին:

ՀԳ․ Մեր տեղեկություններով, ՀՀ կառավարությունում հակասական են նայում հայկական տաղավարի կառավարման արդիականացման հարցին։ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը վերջերս դիվանագիտական խողովակով մի փաստաթուղթ է ուղղել ՌԴ արտգործնախարարություն՝ տեղեկացնելով, որ հայկական կողմը պատրաստվում է իրականացնել լիազորված մարմնի փոփոխություն միջկառավարական համաձայնագրում` «Արմիմպորտ» ՍՊԸ-ին փոխարինելով ՌԴ-ում ՀՀ դեսպանությամբ։ Մինչդեռ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը ВДНХ-ում ստեղծված «Ֆիրդուսնոցի» վերաբերյալ մեր հարցադրումներն ուղարկում է «Արմիմպորտ» ՍՊԸ հիմնադրի ամուսնուն՝ նրանից ստացված պատասխանները հիմնականում ներկայացնելով որպես սեփական դիրքորոշում։