Ուղղակի ինձ սատարողները փողոցային պայքարի կողմնակիցները չէին․ նորընտիր ՔՊ-ական համայնքապետ

Ուղղակի ինձ սատարողները  փողոցային պայքարի կողմնակիցները չէին․ նորընտիր ՔՊ-ական համայնքապետ

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում երեկ նույնպես համայնքապետի ընտրություններ էին։ Ընտրությունների արդյունքներով համայնքապետ  ընտրվեց Վարդան Պապյանը` ստանալով 1212 քվե:

Նրա մրցակիցներ Ստեփան Շիրինյանը և Արմեն Ղազարյանը  ստացել էին համապատասխանաբար  1095 և  373 քվե: Սեպտեմբերի 5-ին, երբ Պապյանը նշանակվեց համայնքապետի ԺՊ, Նոր Գեղիում իրավիճակը միանգամից լարվեց, նրա հրաժարականի պահանջով բնակիչները ստորագրահավաք անցկացրին՝ ասելով, որ նա մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի սանիկն ու համագյուղացին է, սակայն մարզպետը այդպես էլ չեղյալ չհայտարարեց Պապյանի նշանակումը, իսկ երեկ նա  ընտրվեց որպես համայնքապետ՝ իր հիմնական մրցակցի նկատմամաբ 117 ձայնի առավելությամբ։ Վարդան Պապյանին հարցրինք, թե ի՞նչ էր տեղի ունենում այն ժամանակ, երբ իր համայնքի բնակիչները պահանջում էին իր հրաժարականը, և ի՞նչ տեղի ունեցավ երեկ, երբ ինքը ընտրվեց․

« Այն ժամանակ ինչ տեղի է ունեցել, նույնը տեղի է ունեցել երեկ, ուղղակի այն ժամանակ այն հատվածը, որը ինձ էր սատարում, ուղղակի չէր նախընտրում փողոցային պայքարը, իսկ այն հատվածը, որը ինձ մրցակից էր, նախընտրում էր փողոցային պայքարը, և չէին արտահայտում մեր գյուղի մեծամասնության կարծիքը»,- ասաց ՔՊ-ական համայնքապետը, որի կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», իմիջիայլոց, իշխանության եկավ հենց փողոցային պայքարի շնորհիվ։ 

- Այսինքն՝ Ձեր համախոհները լո՞ւռ էին։

- Իհարկե։

- Շատ է խոսվում Ձեր և մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հարաբերությունների մասին, բնակիչները ասում էին, որ նրա համագյուղացին ու սանիկն եք։ Ձեր կարծիքով՝ դա որևէ կերպ անդրադարձավ ընտրությունների ելքի վրա։

- Ե՛վ համագյուղացի լինելն է սուտ, և՛ քավոր-սանիկությունն է սուտ։ Մենք իրականում ոչ համագյուղացի ենք, ոչ էլ քավոր-սանիկ ենք։ Ես չգիտեմ՝ ովքեր են հնարել այդ սուտը և անընդհատ պտտում ու պտտում են՝ ցանկանալով մարզպետի գործունեությունը ինչ-որ տեղ ստվերել։ Դա ընդհանրապես պատճառ չդարձավ, մենք մի քանի անգամ հերքեցինք և բացառեցինք այդ գործոնը։ Մարզպետը ինձ ընդամենը գաղափարական ընկեր է, մենք մի թիմից ենք, և ես այդ շրջանակներում եմ իմ խնդիրը լուծել։ Մարզպետը բոլորովին չեզոք է եղել այս ընտրություններին, ընդհանարապես ոչ մի գործընթացի մեջ նա չի եղել, նաև մեր քաղաքական թիմն է այս ընտրություններում չեզոք եղել։ Սա բացառապես գյուղում գյուղացիների պայքարն էր, սա ընդամենը գաղափարի պայքար էր, ուրիշ ոչինչ չկար ։

-  Դուք ՔՊ անդամ եք, սակայն ընտրություններում ինքնառաջադրվեցիք։ Ինչո՞ւ Ձեր քաղաքական ուժը Ձեզ չաջակցեց։

-  Մեր կուսակցության տարածքային գրասենյակները լուծարվել էին և վերակազմավորման փուլում էին: Եթե կուսակցության կողմից է առաջադրվում, ապա պետք է տարածքային կառույցի կողմից առաջադրվի, բայց քանի որ չկա կառույցը այս պահին, դրա համար ինքնառաջադրվել եմ։