Մեկ դատավորին ընկնող քրգործերով ծանրաբեռնվածությունը 65-ից դարձել է 85

Մեկ դատավորին ընկնող քրգործերով ծանրաբեռնվածությունը 65-ից դարձել է 85

Երեւանում քրեական գործերով  մեկ դատավորի միջին ծանրաբեռնվածության՝ «Հրապարակի» տրամադրության տակ գտնվող  աղյուսակից երեւում է, թե ինչպես է տարեցտարի ավելացել  գործերի քանակը։ Այսպես․ 2013-ին  մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 66 գործ, 2014 թ․՝ 65, 2015թ․՝ 79, 2016 թ․՝ 82, 2017թ․՝ 85, 2018 թ․՝ 81 գործ։ Մարզերում քրեական գործերով մեկ դատավորի միջին ծանրաբեռնվածությունն էլ ավելի բարձր է։ Ըստ այդմ՝  2013-ին մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 74, 2014 թ․՝ 74, 2015, 2016 թթ․՝ 76,  2017 թ․՝ 85, 2018 թ․՝ 84 գործ։

Ըստ տարիների՝ 1 դատավորին բաժին ընկնող քրեական գործերով ամենաքիչ ծանրաբեռնվածությունն արձանագրվել է 2014-ին՝ 66 գործ, իսկ ամենաբարձրը եղել է 2017-ին՝ 85 գործ։ 2018-ի ցուցանիշն է՝ 84։ Այնուամենայնիվ, մեր տեղեկություններով՝ վերջին շրջանում դատավորները սկսել են դժգոհել այս վիճակից, եւ տեղեկացանք, որ մի քանի դատավոր դիմել է ԲԴ խորհուրդ՝ խնդրելով ծանրաբեռնվածության պատճառով իրենց նոր գործեր չմակագրել։ Դատական դեպարտամենտին ուղղված մեր հարցմանն ի  պատասխան ուղարկված գրությունից տեղեկացանք, որ 01.09.2018-28.02.2019թթ. ընկած ժամանակահատվածում դատավորների կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել 26 դիմում, որոնք վերաբերել են դատավորի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելուն: Պատասխանում նշվում է, որ դատական գործերը բաշխվում են վերը նշված սահմանադրական օրենքի 9-րդ գլխով սահմանված կանոնների եւ Բարձրագույն դատական խորհրդի՝ «Դատավորների միջեւ գործերի բաշխման, վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձեւավորելու կարգը եւ դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» ԲԴԽ թիվ 23-Ո-49 որոշմամբ սահմանված կարգի համաձայն:

Այն  նախատեսում է, որ  դատավորի վարույթում առանձնակի բարդության գործի առկայության դեպքում դատավորը կարող է դիմել ԲԴԽ՝ առաջարկելով իր անուն-ազգանունը ժամանակավորապես հանել բաշխման ցանկից կամ սահմանել իրեն բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ: Դատավորի դիմումը հիմնավոր համարելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դատավորի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու կամ նրան բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ նախատեսելու վերաբերյալ՝ դրա համար սահմանելով որոշակի ժամանակահատված, որը չի կարող գերազանցել վեց ամիսը: Դատավորի դիմումի հիման վրա ԲԴԽ-ն կարող է որոշում կայացնել 6 ամիս ժամկետը երկարաձգելու մասին, եթե առանձնակի բարդության գործի քննությունը չի ավարտվել:

Ըստ ընթացակարգի, դիմումների քննարկման նպատակով, ԲԴԽ նիստերին հրավիրվում են նաեւ դիմում ներկայացրած դատավորները։ Դատավորի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից հանելու, ինչպես նաեւ բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ սահմանելու ժամկետները լրանալուց հետո ԲԴԽ առաջիկա նիստում՝ որպես օրակարգային հարց, քննարկվում է նաեւ տվյալ դատավորի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու, ինչպես նաեւ բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ սահմանելուց հետո դատավորի վարույթում գտնվող գործերի վիճակի փոփոխության վերաբերյալ հաշվետվությունը: ԲԴԽ ներկայացված 26 դիմումներից 18-ը ներկայացվել են քաղաքացիական մասնագիտացման դատավորների կողմից, որոնք վերաբերել են դատավորի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելուն:

Ներկայացված 18 դիմումներից 12-ը բավարարվել է, 2-ը՝ մերժվել, իսկ 4 դիմումները դեռեւս չեն քննարկվել: Ըստ որում, դիմումներից 7-ը ներկայացվել է քրեական մասնագիտացման դատավորների կողմից: Բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացված որոշումների արդյունքում 4 դատավորի անուն-ազգանուն հանվել է գործերի բաշխման ցանկից, 2 դատավորի բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ է սահմանվել, իսկ 1 դիմում մերժվել է, որով ակնկալվել է դատավորի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանել կամ դատավորին բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ սահմանել: 26 դիմումներից 1-ը ներկայացվել է վարչական մասնագիտացման դատավորի կողմից եւ վերաբերել է դատավորի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելուն, եւ ներկայացված դիմումը բավարարվել է: