Կաթողիկոս-նախկին նախագահներ հանդիպումները կարեւոր են, բայց․․․

Կաթողիկոս-նախկին նախագահներ հանդիպումները կարեւոր են, բայց․․․

Մայր Աթոռը երեկ տեղեկացրեց, որ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հանդիպում՝ մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի: Հաղորդագրության մեջ ասվում է, որ «Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Որոշում է ընդունվել շարունակել հանդիպումները»։ 

Ինչ խոսք, այդ հանդիպումը բավականին կարեւոր էր, եթե նկատի ունենանք այն մարտահրավերները, որոնց առջեւ այսօր կանգնած են Հայաստանը եւ Արցախը։ Հատկապես Գարեգին Բ-Լեւոն Տեր-Պետրոսյան՝ վերջինիս տանը տեղի ունեցած հանդիպումից հետո այս հանդիպումը նույնիսկ տրամաբանական էր։ Իհարկե, լավ կլիներ, որ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն էլ գար ու մասնակցեր, սակայն, ինչպես ասում են, ունենք այն, ինչ ունենք։ Այս ամենով հանդերձ, սակայն, պետք է հասկանալ, թե այդ հանդիպումն ինչ արդյունք ունեցավ կամ կարող է ունենալ։ Կարեւոր է նաեւ հասկանալ, թե սույն հանդիպումն ինչպիսի գաղափարական հունով է տեղի ունենում։ 

Դատելով հրապարակված հաղորդագրությունից՝ երեկվա հանդիպումը պարզապես եղել է «նախաբանային» կամ «նախերգանքային», որը ոչ մի արդյունք չի արձանագրել, ինչը կարելի է հասկանալ այն տողից, որ որոշվել է հանդիպումները շարունակել։ Սակայն հետաքրքիր է, թե ինչ ակնկալիքներ կան այս հանդիպումներից։ 

Ով ինչ է ակնկալում։ Ի՞նչ է ակնկալում Գարեգին Բ-ն, ի՞նչ է ակնկալում նախկին նախագահներից յուրաքանչյուրը, հատկապես որ, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանն Արցախի կարգավորման հարցում ունի գաղափարական տարաձայնություններ մյուս նախկին նախագահների հետ։ Մյուս հետաքրքրական հարցն այն է, թե նախկին նախագահները, կաթողիկոսն արդյոք պատրա՞ստ են մի կողմ դնել իրար միջեւ ունեցած հնարավոր եւ ակնբախ տարաձայնությունները եւ միավորվել հանուն պետականության, քանի որ խաղատախտակին հիմա պետականության լինելիության հարցն է դրված։ Եվ, վերջապես, «միավորվել» ասվածն ինչպես է նրանցից յուրաքանչյուրը հասկանում։ 

Ի վերջո, նրանցից եւ ոչ մեկը ռեալ իշխանական որեւէ լծակ չունի՝ որեւէ որոշման վրա ազդելու։ Այս դեպքում արդյոք նրանք պատրա՞ստ են «թեւ ու թիկունք լինել» գործող իշխանությանը՝ ժամանակավորապես մի կողմ դնելով իրենց եւ գործող իշխանությունների միջեւ եղած տարաձայնությունները։ Եվ հետո էլ՝ արդյոք գործող իշխանությունը պատրա՞ստ է ընդունել նման հնարավոր օգնություն։ Հաջորդ հանդիպումներում հենց այս հարցերը պետք է կարգավորվեն։ Եվ հետո՝ որքանո՞վ է կոռեկտ, երբ մամուլով շրջանառվում են բարձրաստիճան եկեղեցականների անուններ, թե այս կամ այն եպիսկոպոսը կարող է շտկել «օրհասական վիճակը», ղեկավարել Հայաստանը, դուրս բերել երկիրն այս վիճակից։ Նման հարց տվողը պետք է հստակ հասկանա, որ բարձրաստիճան եկեղեցականը քաղաքական գործիչ չէ, եւ նրա լիազորություններն ու առաքելությունը չպետք է ներառեն քաղաքական դաշտին հատուկ բաղադրիչներ։ Որեւէ բարձրաստիճան եկեղեցական էլ, որքան էլ դա լինի ականջահաճո, պետք է հասկանա, որ իր առաքելությունը Քրիստոսի Ավետարանը քարոզելն է, Սբ Երրորդության անունով մկրտելը, Եկեղեցին հովվելը եւ հատկապես «Տվեք կայսրինը կայսրին, Աստծունը Աստծուն» սկզբունքին հետեւելը։ 

Այլապես որեւէ բարձրաստիճան եկեղեցական կհայտնվի շատ մեծ գայթակղության առջեւ, եթե, իր առաջնային առաքելությունը մոռացած, վերածվի կիսակրոնական-կիսաքաղաքական գործչի։ Որեւէ եկեղեցական կամ քաղաքացիական անձի ամենամեծ օգնությունը կարող է լինել հանուն պետականության, հանուն գործող իշխանությունների աղոթելը ու նաեւ Սահակ Պարթեւ Հայրապետի այն խոսքը հիշելը, թե որքան էլ իշխանավորը լինի «հիվանդ ոչխար», հայրենական է, ու չպետք է փոխել օտար առողջի հետ։