Արհեստական լարվածություն ստեղծելու մտադրություն չկա

Արհեստական լարվածություն ստեղծելու մտադրություն չկա

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում անհանգիստ մթնոլորտ է․ աշխատակիցների շրջանում խոսակցություններ են շրջում, թե հունիսին ատեստացիա է անցկացվելու բուհում, որի մասին, սակայն, պաշտոնական որեւէ հայտարարություն չի արվել։ Չկա նաեւ հարցաշար, որպեսզի դասախոսները պատրաստվեն առաջիկա ատեստացիային։ 
Ավելին, շատերի կարծիքով, գալիք ատեստացիայի միջոցով քայլ կնախապատրաստեն հին կադրերից ազատվելու եւ նոր կադրերով Կոնսերվատորիան համալրելու համար։

Աշխատակիցներն ընդգծում են` տարիներ շարունակ Կոնսերվատորիայի դասախոսներն ու պրոֆեսորներն աշխատել են 20-30 հազար դրամով, չեն տրտնջացել, եկել են աշխատանքի, նվիրվել իրենց ուսանողներին։ «Կարող էին ընդհանրապես չգալ, ու Կոնսերվատորիան էլ, իր շենքն էլ փակվեր: Ու փոխանակ այսօր այդ մարդկանց գնահատեն, նրանցից պետք է հարցազրույց վերցնեն, ատեստացիա անցնեն, մինչդեռ հենց նրանցից շատերը կարող են այդ հարցազրույցը վերցնել»,- ասում է բուհի երկարամյա դասախոսներից մեկը:

Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դա լինելու է ոչ թե ատեստացիա, այլ՝ մրցույթ, որի մասին հայտարարությունը տպագրվել է թերթերում։ «Տարիներ շարունակ Կոնսերվատորիայի մրցույթները հետաձգվել են, մարդկանց աշխատանքային պայմանագրերը լրացել են, ու գրված է մինչեւ մրցույթի հայտարարումը։ Շատ ժողովուրդ էր հավաքվել` մոտ 250 հոգի, պայմանագրերն անընդհատ հետաձգվել են մինչեւ մրցույթի անցկացումը, եւ արդյունքում կուտակվել է այդքան շատ մարդ։ Հիմա մենք ուզեցինք գոնե դա կիսել, որ հեշտ լինի՝ 100, 100 եւ 50։ Առաջին հայտարարությունը թերթերում վաղուց տրված է, 2-րդ փուլի մասին հայտարարությունն էլ, կարծեմ, մի քանի օր առաջ է տրվել։ Եթե հիմա անեինք, պետք է խաթարվեր ուսումնական պրոցեսը, դրա համար որոշեցինք մինչեւ հունիս հետաձգել այդ մրցույթը։ Իսկ ընդհանրապես՝ օրենքն այն է, որ պետք է 2 ամիս առաջ հայտարարվի եւ հրապարակվի այդ մասին»։

Ռեկտորն ընդգծում է, որ դա լինելու է ոչ թե ատեստացիա, այլ` քննություն, այնպիսի ձեւաչափ են ընտրել, որ մարդիկ չհուզվեն, չանհանգստանան, լինելու են կես ժամանոց հարցազրույցներ, որոնք կնկարահանվեն. «Այդ ամբողջ կարգը դեռեւս գիտխորհրդով պետք է անցնի, դեռ ժամանակ կա, դրա համար էլ դեռ չենք բարձրաձայնում»։ Այդ ինֆորմացիան Կոնսերվատորիայի կայքում կա՞, որտեղից հնարավոր լինի ծանոթանալ։ «Կոնսերվատորիայի կայքը հին է, եւ մենք պայմանագիր ենք կնքել, որ 2 ամսից կունենանք գործող նորմալ կայք։ Հիմա այդ ամբողջ տեղեկությունները Ֆեյսբուքով ենք տարածում, դրա համար կայքում չկա։ Բայց այդ ամեն ինչի համար կոնկրետ ժամկետ գոյություն ունի, եւ այդ առումով մենք որեւէ ժամկետ կամ օրենք չենք խախտել, արհեստական լարվածություն ստեղծելու մտադրություն էլ չկա:

Ընդհանրապես, Կոնսերվատորիայում չի եղել անգամ կանոնակարգ` մրցույթներ անցկացնելու համար, հիմա մենք այդ կանոնակարգը մշակել ենք, կարգավորել ենք այդ հարցերը: Ամեն ինչ արվում է հետեւողական եւ շատ հանդարտ: Իրենց հարցազրույցներում աշխատանքային մեթոդների մասին կխոսվի, իրենց տարեկան հաշվետվությունները կներկայացնեն, այսինքն, իրենց աշխատանքի հետ կապված՝ հարցազրույց է լինելու, եթե ունեն տեսանյութեր, քանի որ գործող երաժիշտներ են, կարող են իրենց համերգներից տեսանյութեր էլ ներկայացնել: Այնպես չէ, որ թաքուն ենք պահում, կամ ի՞նչ հարցաշարի մասին է խոսքը, եթե մենք դեռ ժամանակ ունենք եւ չենք հայտարարել այդ մրցույթի մասին»:        

Հնարավոր համարո՞ւմ է, որ որոշ դասախոսներ, երաժիշտներ այդ քննություններից կտրվեն, դուրս մնան, եւ նրանց հետ Կոնսերվատորիան պայմանագիր չկնքի։ «Այդ փաստաթղթերը հանձնում են 5 հոգանոց հանձնաժողովին, որոնք նայում են դրանք, որովհետեւ դրսից էլ կան դիմողներ: Այդ փաստաթղթերն անցան, 9 հոգանոց հանձնաժողովն է իրենց կողմ կամ դեմ քվեարկելու, իսկ այդ 9 հոգանոց հանձնաժողովի մեջ կան ե՛ւ իրենց ամբիոնի դասախոսներ, ե՛ւ դեկաններ, ե՛ւ գիտական մասով պրոռեկտորներ, այսինքն` իրենց շահերը պաշտպանող մարդիկ։ Ես չկամ այդ հանձնաժողովներում ընդհանրապես, ոչ մի մասնավոր միջամտության պատուհան չենք թողել, չկա որեւէ կանոնակարգում, որ իմ հայեցողությամբ լինի, հանձնաժողովները նորմալ կգան-կգնան, ի վերջո, ինչքա՞ն հետաձգենք այդ պայմանագրերը»: