Զարթոնքցին ազատվեց դատարանի դահլիճից

Զարթոնքցին ազատվեց դատարանի դահլիճից

Ապրիլի 16-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կալանքի որոշում կայացրեց Զարթոնք գյուղի բնակիչ Հրայր Պողոսյանի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հրայր Պողոսյանը ձերբակալվել էր ապրիլի 13-ին Զարթոնքում տեղի ունեցած զինված միջադեպից հետո:

Հրայրը փորձել էր պաշտպանել հորը՝ Վարդեւան Պողոսյանին, որի ուղղությամբ կրակոցներ էին արձակվել Նարեկ Մելքոնյանի կողմից: Դատարանը հրաժարական տված գյուղապետի թոռանը՝ կրակոցներ արձակած Նարեկ Մելքոնյանի խափանման միջոցը փոխարինեց չհեռանալու ստորագրությամբ, իսկ հորը պաշտպանելու համար կռվի մեջ ներքաշված Հրայր Պողոսյանին կալանավորելու որոշում կայացրեց: Դատարանի որոշումը դժգոհություն առաջացրեց զարթոնքցիների շրջանում: Նրանք բողոքի ցույց անցկացրին դատարանի մոտ: Իսկ Հրայր Պողոսյանի ընտանիքը բողոքարկեց Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Զարթոնքի բնակիչները երեկ նորից փողոցում էին, բայց այս անգամ՝ ուրախ առիթով: Վերաքննիչը բեկանել էր ընդհանուր իրավասության դատարանի որոշումը եւ Հրայր Պողոսյանի խափանման միջոց ընտրել չհեռանալու ստորագրությունը: