Մարդկային, թե՞ մեքենայական ճշմարտություն

Մարդկային, թե՞ մեքենայական ճշմարտություն

 Դժվարանում եմ հարմար վերնագիր գտնել այն ամենի համար, որ ուզում եմ ակնարկել:
 Գուցե միայն ինձ և ինձ նմանների համար է այսքան անհասկանալի, թե ոնց են տարբեր հիմնարկներում ահագին ժամանակ ծախսում սխալը, վրիպումը, ոչ-իրականը՝ ճիշտ, տեղին և անսխալական ցույց տալ: Հետաքրքիրն այն է, որ հաճախ դրանց տակ չկա և ոչ մի անօրինականության կամ այլ խախտման տարր- միտում: Մի տեսակ մանկամտորեն սիրում են, որ ամեն ինչ ճիշտ ու ճիշտ գրանցվի կամ ավելի շուտ նկարվի մատյաններում… Դա են համարում «ընկալելի» կամ «ընդունելի» տարբերակ` այլ բան չեն էլ ուզում պատկերացնել: 

    Սովետմիությունը, համենայն դեպս, գոնե ռազմական տեսակետից՝ գերուժ էր: Նա մրցում էր աշխարհի հզորագույն պետության հետ: Հավակնում էր, որ ունի աշխարհի ամենազարգացած հասարակական կենսաձևը: Տիեզերքը գրավելու մեջ առաջ էր անցել բոլորից, բայց այդ ամենով հանդերձ, այդ նույն կայսրության ամենաբարձր ատյանից, լսում էինք զավեշտալի լուրեր, օրինակ՝  Սովետմիության առաջին քարտուղար Ն. Ս. Խրուշչևի վերընտրման մասին, որը հնչեց Մոսկվայի ռադիոյի արտասահմանյան հաղորդումների եթերից: Այսպես, Մոսկվայում հավաքված Կոմունիստ Կուսակցության այսինչ համագումարը, միաձայն, 3600 կողմ՝ առանց դեմ կամ ձեռնպահ քվեով, ընտրեց միակ թեկնածու Ն. Ս. Խրուշչևին, որպես ԽՍՀՄ-ի առաջին քարտուղար: Լսում էինք, ու Սովետմիության կողմնակիցների երեսովը տալիս: Խեղճերը չգիտեին ինչ ասեն: Միթե՞ կարելի է այդ աստիճան խեղկատակություն: Կարծեք թե աշխարհից կտրված լինեին: Իհարկե մի քիչ էլ այդպես էր: Որոշները, ամոթը մի կողմ դնելով փորձում էին արդարացնել այն: Բայց միթե՞ կարելի է: Այսինքն պարտավոր ենք ընդունել, որ Սովետմիության համագումարի անդամներից և ոչ մեկը չէր հիվանդանում, չէր ուշանում, մտային անորոշություն չուներ, մտքերը հստակ էին և որոշակի և այլն… Հենց որ առաջարկվում էր միակ թեկնածուն, բոլորը միանգամից համոզվում էին, որ նա ամենակարողը և ամենաճիշտն է և պետք է առանց վարանելու նրան ընտրել: Եվ միաձայն ընտրում էին: Դե հիմա եկ ու հակառակը ապացուցի: Կարող ե՞ս:
    Այդ նույն վարքագծի նստվածքն է, որ այսօր նույնանման՝ ընտրություններ են իրականացվում նախկին Սովետմիության մի շարք երկրներում:  

    Ես կարծում եմ, որ մեր այսօրվա, և՛ մշակված, և՛ լրամշակված օրենքներից շատերի հիմքում ընկած է՝ հենց այդպիսի մտածողություն: Այնքան ենք մեքենայական անտեղի ճշգրտությունը գերադասում իրականությունից, որ ակամայից հիշում ես Խրուշչևի ընտրությունը: 

    2008 թվին, շուրջ հազար քառակուսի մետր հողակտոր, սխալմամբ հայտնվել էր իրացման գոտուց դուրս: Իսկ իրացման գոտու՝ կառավարության կողմից հաստատված տարածքների մակերեսը, արդեն ճշտված էր. Շուրջ կես միլիոն քառակուսի մետր: Բոլոր ապացույցները վկայում էին, որ այդ հազար քառակուսի մետրի դուրս մնալը՝ իրացման գոտուց, ոչ մի հետին նպատակի կամ կոռուպցիոն ռիսկի կամ որևէ այլ բանի հետ կապ չունի: Բայց և այնպես, ոչ ոք չէր համարձակվում հաստատել, որ դա պարզ վրիպում է, որ նման բան կարող է պատահել ցանկացած այդպիսի հսկա տարածքի իրացման ժամանակ՝ աշխարհի ցանկացած երկրում: Ի վերջո խնդրի լուծումը հասավ մինչև երկրի նախագահ: Նա էլ կարգադրեց, որ այդ իրացման գոտու մի այլ տեղից հազար քառակուսի կրճատեն և այս դուրս մնացած հազարը ներս մտցնեն… Տեսնում եք, ինչքան նման է Խրուշչևի ընտրությանը… Այսինքն, կառավարության որոշած կես միլիոն քառ. մետրը, այնպիսի ճշգրտությամբ է գործադրվել, որ նույնիսկ մեկ մետր տարբերություն չի տվել:
Անգամ աշխարհի գերճիշտ գործող երկրներում  այսպիսի բան չկա: Սա ոչ այլ ինչ է, քան Սովետական ոճի՝ կեղծիքը գեղեցիկ ճշմարտությամբ ցույց տալու, զավեշտալի հիմարաբանություն: Ուրիշ բան չեմ գտնում դրան ասելու: 
    Ժամանակին աշխատել եմ, և անգլիական, և ամերիկյան ընկերություններում: Անգլիական ընկերությունում աշխատելիս ծանոթացա նաև՝ «As built» («այնպես որ կառուցված է») կոչվող շատ հետաքրքիր գծագրերի գոյությանը: Երբ պրոյեկտի կառուցումն ավարտվում է, առանձին մի խումբ անցնում է՝ ամբողջ իրականացվածը չափագրելու և արխիվում պահելու գործընթացին. Դրանց բոլորի վրա կնքված է «as built»: Սա առաջացել է հենց այն պատճառով, որ նախագծերը, այդուամենայնիվ, չեն կարող հարյուր տոկոսով ճիշտ կիրառվել կամ գործադրվել: Աշխատանքների իրականացման ժամանակ առաջ են գալիս փոփոխություններ, կրճատումներ կամ հավելումներ: Հիմա ինչպես հավատալ, որ անգլիացիները՝ նախագծերն իրականացնելիս, թույլ են տալիս վրիպումներ, իսկ ռուսներն ու հայերը՝ ո՛չ:

Բանկից վերցրած վարկը եթե հնարավոր չի լինում ճիշտ օրը փակել, բոլորը՝ սկսած բանկի վարկային բաժնից մինչև վարկառու կազմակերպության հաշվապահությունն ու տնօրինությունը, գործի են անցնում: Հազար ու մի հնարքներով ապահովում են վարկի ժամանակին փակված լինելու իրողությունը՝ առանց այն, որ բուն վարկի գումարը բանկ մուծվի: Եթե համարենք, որ վարկը ժամանակին չմարելը՝ մի տեսակ խախտում  է, ուրեմն, դա չպատահելու համար կատարում ենք տասնյակ տարբեր խախտումներ: Առաջարկում են այնպիսի խաղեր, հնարքներ, ժամանակավոր պարտքեր՝ իրենց հատուկ մասնաճյուղի միջոցով, որ չլինի թե հանկարծ վարկի մարումը մեկ օրով հետաձգվի (Մի բան որ շատ բնական է մարդու համար) և դուք հայտնվեք «սև ցուցակում»: Միթե պրակտիկ կյանքում աներևակայելի բան է մարդկային մասշտաբներով ուշացումները կամ վրիպումները: Ինչ վատ բան է, ընդամենը վարկի մարումը մի քանի օրով ուշացնել, քան թե այդքան կեղծիքների ու խարդախ հնարքների դիմել:  Ինչու՞ պետք է Կենտրոնական բանկին խաբեն, որ բոլոր վարկառուները ճիշտ ժամանակին մարում են իրենց վարկերը: Ինչու՞ պետք է Կենտրոնական բանկը հավատա դրան: Միթե նրանք իրենց տրամադրության տակ չունեն՝ օրինակ Գերմանական բանկերից տվյալներ՝ այդ մասին: Այդ ինչպես կարող է պատահել, որ մենք բանկային գործողությունների մեջ գերազանցում ենք գերմանացիներին:      

Հայկական արվեստն ուսումնասիրողները հետաքրքիր վերլուծություններ են արել մեր մշակույթի առանձնահատկությունների վերաբերյալ: Ըստ այդ առանձնահատկության, մեր արվեստի հիմքում ընկած է ոչ-կանոնիկ հայեցողությունը: Սա, ոչ թե անկանոն կամ ոչ կանոնավոր լինելու մասին է, այլ այն մասին, որ մեր արվեստը կարևորում է մարդուն՝ իր մարդկային  կարողականությամբ, մասշտաբներով, ինչու չէ նաև մասնակի վրիպումներով, և ոչ թե մեքենայական ճշգրտությամբ: 

Նույնն էլ օրենքների կիրառման մասին: Դուք ինչքան էլ, որ բացառեք մարդկային գործոնը, մեկ է, դա կա ու կլինի: Մարդը միշտ էլ սխալական է: Հիմար պետք է լինել, կարծելու համար, որ կարող են անսխալական մարդիկ լինել: Էլ չենք ասում, որ ինչքան մարդ՝ այդքան կարծիք: Ուրեմն ինչու պնդել և հավատալ, որ այս կամ այն օրենքը կարելի է գործադրել՝ առանց նույնիսկ մեկ տոկոս վրիպումի, առանց պակասի, անսխալ. Ճիշտ այնպես, ինչպես Խրուշչևի ընտրությունը: Եթե խոսքը գնում է այն մասին, որ օրենքի գործադրման մեջ, պետք է հեռու լինել մարդկային գործոնից, դա այլ բան է: Եթե այդ նույն օրենքը գործադրվում է զարգացած մի երկրի քաղաքացիների մոտ՝ տարբեր դրսևորում կունենա, քան մեկ այլ՝ թերաճ կամ հետամնաց երկրում: Ուրեմն, ոչ թե պիտի զոռ տալ օրենքների մեքենայական գերճշգրիտ գործադրմանը, այլ այդ օրենքը գործադրող մարդկանց դաստիարակության վրա: Օրենքով, ճիշտ ընտրությունը ոչ թե Խրուշչևյան ընտրությունն է, այլ այն, որ ընտրությունների արդյունքներում տեսնենք մարդկային գործոնի տրամաբանական դրսևորումներ և ոչ թե Խրուշչևյան մեքենայականություններ… Դա է, որ ճիշտ է, մարկային է, զարգացած է…

Վահան Դարբինյան