«Հրապարակ». Կարող է ոստիկանության ուժերը բավարար չլինեն՝ դիմադրելու ընդդիմությանը

«Հրապարակ». Կարող է ոստիկանության ուժերը բավարար չլինեն՝ դիմադրելու ընդդիմությանը

Հարցազրույց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ

- Պարոն Օսիպյան, մի քանի օր է՝ Ձեզ տեսնում ենք Ազատության հրապարակում, Արթուր Վանեցյանի նախաձեռնած հավաքներին մասնակցելիս։ Ի՞նչ եք կարծում, կհաջողվի՞ այս անգամ Վանեցյանին կամ մյուս ընդդիմադիր ուժերին՝ տապալել այս իշխանությանը։

- Անհնարին բան չկա։ Սկզբունքայնություն եմ տեսնում այս ամեն ինչում եւ կարծում եմ՝ միասնական լինելով՝ կունենան հաջողություն։

- Սկզբունքայնություն հատկապես ո՞ւմ կողմից եւ ո՞ր հարցում։

- Բոլորի կողմից։

- Բայց մենք տեսնում ենք, որ բոլորն այստեղ չեն։

- Չէ, գալիս են, օրինակ՝ հաճախակի էստեղ տեսնում եմ «Հայաստան» դաշինքի ղեկավար կազմին, պատգամավորներին, այլ տարբեր ՀԿ-ներից, կուսակցություններից էլ եմ մարդկանց տեսնում։

- Բայց քաղաքացիների մոտ մի փոքր անվստահություն կա ընդդիմության նկատմամբ, նոյեմբերի 9-ից հետո, երբ  չկարողացան հեռացնել Նիկոլ Փաշինյանին, երբ կրիտիկական զանգված կար փողոցում, հիմա արդեն մի տեսակ թերահավատորեն են վերաբերվում այս շարժումներին։

- Ինչ-որ տեղ համամիտ եմ Ձեզ հետ, բայց ոչ էդ կարգի։ Սակայն վստահ եմ, որ մոտակա օրերին, տեսնելով պայքարը, քանի որ սա դեռ պայքար չէ, կարծում եմ՝ շատ-շատերի մոտ կվերականգնվի այն կարծիքը, որն ունեին ընդդիմության նկատմամբ։

- Առաջիկայում ավելի վճռական գործողություննե՞ր են սպասվում։

- Կարծում եմ։

- Իսկ ոստիկանական ուժերը, ըստ Ձեզ, չե՞ն փորձի կանխել կամ չեզոքացնել փողոց ելած մարդկանց, ինչպես նախորդ հավաքների ժամանակ էին անում։

- Կարող է էնպիսի իրավիճակ ստեղծվի, որ ոստիկանության ուժերը բավարար չլինեն, եւ ֆիզիկապես ի վիճակի չլինեն՝ դիմադրելու ընդդիմությանը եւ քաղաքացիների գործողություններին։

- Դուք ինչի՞ց ելնելով եք նման կանխատեսում անում։

- Եկեք հիշենք  2018 թվականը, ավելին չեմ կարող ասել։

- Բայց ասում են՝ 2018-ին ոստիկանությանը հրահանգ է եղել, որ լուրջ քայլեր չձեռնարկեն ու թողնեն, որ շարժումը զարգանա, թափ հավաքի։

- Չգիտեմ՝ Ձեզ ով է բան ասել․․․

- Ոստիկաններն են ինձ ասել։

- Դա հնարավոր է այդպես եղած լինի, բայց արդեն վերջում, երբ արդեն տեսնելով, որ ոչ թե միայն Երեւան քաղաքում, այլեւ ամբողջ հանրապետությունում քաղաքացիները ոտքի էին կանգնել, ու այստեղ ոստիկանությունն ուղղակի անզոր կլիներ։ Միայն այդ վիճակում կարող է որոշվել՝ հրահրում, ավելորդ բախում չստեղծել։

- Մի կողմից՝ շատերը գնահատելի են համարում, որ Դուք, Ձեզ պես այլ նախկին պաշտոնյաներ, օրինակ՝ Հունան Պողոսյանը եւ ոչ միայն, այսօր այստեղ են՝ հրապարակում, չնայած այն փաստին, որ 2018-ից հետո պաշտոն են զբաղեցրել Փաշինյանի կառավարությունում։ Բայց մյուս կողմից էլ կարծիքներ կան, որ ավելի լավ է Ձեզ պես գործիչներին այստեղ չտեսնեն։ Համարում են, որ Ձեր ու Ձեզ պես այլ գործիչների դեմքերը տեսնելն այս հավաքներին կարող է վանել շատ քաղաքացիների։

- Ինձ տեսնելով՝ կարող է վանի, այո, իշխանական որոշ պաշտոնյաների, որոշ պատգամավորների, այդ առումով համակարծիք եմ Ձեզ հետ։ Ես բազմիցս այս հարցին պատասխանել եմ, հիմա էլ պատասխանեմ՝ հավատացել եմ, ինչպես ՀՀ գրեթե բոլոր քաղաքացիները, ուզել ենք լավ Հայաստան ունենալ, եւ թող թարմացնեմ բոլորի հիշողությունները, որ ես՝ ինքս եմ հրաժարվել իմ պաշտոնից։ Ես հրաժարվել եմ 2019 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից, այն էլ գիտե՞ք որ ժամանակ՝ երբ Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը գտնվում էր պիկին։ Ես այդ ժամանակ ինքս հրաժարվել եմ գլխավոր խորհրդականի պաշտոնից եւ մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ը որեւէ վատ արտահայտություն, կարծիք որեւէ մեկի մոտ Նիկոլ Փաշինյանի կամ իշխանության որեւէ անդամի, կառավարության կամ պատգամավորների հասցեին թույլ չեմ տվել։ Հակառակը, ասել եմ՝ նորմալ է, ամեն ինչ դեռ առջեւում է։ Բայց 2020 թվականի նոյեմբերի 9-ից տեսնելով, որ Արցախը, Հայաստանի Հանրապետությունը վտանգված են, Արցախի 75 տոկոսն արդեն թշնամու վերահսկողության տակ է, եւ ունեինք մոտ 5 հազար զոհված հերոսներ, ու, փաստորեն, դուրս է գալիս, որ աննպատակ է եղել։ Եվ այդ ամենից հետո իմ կարծիքը փոխվել է։ Ինձ թվում է՝ Հայաստանի Հանրապետությունում այդ կարծիքի են այն քաղաքացիները, որոնք սրտացավ են մեր երկրի ապագայի նկատմամբ։