Ահա ողբերգությունը

Ահա ողբերգությունը

Հայ հրապարակախոսը գրում է, որ Հայաստանի ՀՀՇ-ական իշխանությունը «Գորբաչովի հետ թշնամանքը հասցրեց գագաթնակետի… Հայաստանը հրաժարվեց մասնակցել Սովետական միությունը (բնագրում այդպես է՝ Վ. Ա.) պահպանելու հանրաքվեին, իսկ Ադրբեջանը իշխանության ղեկին պահեց Մոսկվայի բարեկամ կոմունիստներին, համամիութենական հանրաքվեին մասնակցեց, եւ արդյունքում Մոսկվայի թշնամի դարձած Հայաստանը 1991-ին ստացավ Կոլցո օպերացիան, որի պատճառով Գետաշենի ենթաշրջանը գրավեց Մոսկվայի բարեկամ մնացած Ադրբեջանը»:

Պատմության կեղծ ընկալումը կամ միտումնավոր նենգափոխումն ի վերջո բերում է իրականության թյուրըմբռնման, եւ նա եզրափակում է, որ «ՀՀՇ-ի երկրորդ սերունդը Արեւմուտքի հրահրմամբ երկիրը նոր հակամարտության է տանում Ռուսաստանի հետ, որը կարող է լուրջ կորուստներ բերել»: 1988թ. Հայաստանը դեռեւս խորհրդային էր, Մոսկվայի հետ որեւէ թշնամանքի մասին խոսք լինել չէր կարող, կոմունիստական ղեկավարությունը Շարժման նկատմամբ առանձնակի համակրանք չուներ, բայց դա չխանգարեց, որ ԽՍՀՄ ՊԱԿ-ը Սումգայիթում հայերի ցեղասպանություն կազմակերպի եւ իրականացնի մոլեռանդության մղված ադրբեջանցիների ձեռքով:

Նույնը՝ Գանձակում, հետո՝ Բաքվում: 1989-ին Հայաստանում իշխանություն էր Գորբաչովի «սանիկ» Սուրեն Հարությունյանը, նախարարների խորհրդի նախագահը Գորբաչովի մտերիմն էր: Եւ ի՞նչ: Նոյմեբերի 28-ին Ադրբեջանի պահանջով Գորբաչովը վերացրեց ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեն եւ Ստեփանակերտում վերակացու կարգեց ՊԱԿ-ի գեներալ, Աֆղանստան անցած Վիկտոր Պոլյանիչկոյին, Արցախում հաստատեց ռազմական խունտայի իշխանություն: Ինչ վերաբերում է ԽՍՀՄ պահպանման հարցով միութենական հանրաքվեին, ապա Հայաստանը դրան մասնակցելու օրինական հիմք չուներ՝ 1990թ. օգոստոսի 3-ին ընդունած անկախության Հռչակագրի ուժով: Իսկ թե ինչ է շահել Ադրբեջանը՝ իշխանության ղեկին պահելով Մոսկվայի բարեկամ կոմունիստներին՝ պետք է իմանալ ոչ այնքան հեռավոր անցյալի պատմությունը:

Մոսկվայում ԳԿՉՊ-ի տապալումից հետո խորհրդային պատժիչ ուժերը սկսել են հեռանալ ԼՂ-ից՝ հաճախ թողնելով զենքերն ու զինամթերքը, եւ կարճ ժամանակում ինքնապաշտպանության ուժերին հաջողվել է հարավից սկսած՝ ազատագրել հայկական գյուղերը, ադրբեջանական բնակավայրերում՝ լռեցնել կրակակետերը: Այդպես՝ մինչեւ Շուշիի ազատագրում եւ Լաչինի միջանցքի բացում: Կոմունիստական իշխանության եւ Գորբաչովի հետ բարեկամության համար ահա թե ինչ գին է վճարել Ադրբեջանը:  Ասվածն, իհարկե, իրականության ճշգրիտ բնութագրում չէ,  ծայրահեղության հայելային պատասխան է միայն: Որովհետեւ մեկ այլ տեղ կարդում ենք, թե հայ-ռուսական ներկայիս հարաբերություններում պետք է ելնել այն կանխավարկածից, որ «հայ ընդդիմադիրներն անկասկած հայրենասեր մարդիկ են եւ հիշում են 1920-1923 թթ. իրադարձությունները, երբ արդեն խորհրդայնացված Հայաստանի տարածքի կեսից ավելին Ռուսաստանը նվիրեց թուրքերին, իսկ ռուսական եւ թուրքական բանակները հայ բոլշեւիկների (այն ժամանակ իշխանության եկած ընդդիմադիրների) աչքերի առջեւ «գեոպոլիտիկ ռեւիզիոնիզմի» շրջանակներում կոտորեցին 300 հազար հայերի, մի քանի հարյուր հազարն էլ քշվեց Ռուսաստանի խորքերը: Իսկ հայ բոլշեւիկները, որոնք նպաստել էին այս ծրագրի իրագործմանը, կարծում էին, թե խնդիրը «դաշնակ-իմպերիալիստների» անկախ Հայաստանն էր»: 

Եթե առաջին մեջբերումը զուտ թյուրըմբռնում կամ պրիմիտիվ նենգափոխում կարելի է համարել, ապա երկրորդը պարզապես տեղեկատվական սադրանք է: Երբ Հայաստանը խորհրդայնացել է, նրա տարածքի կեսն արդեն թուրքական օկուպացիայի տակ էր՝ ներառյալ Ալեքսանդրապոլը եւ Շիրակի դաշտավայրը, Նախիջեւանը կորցրել էինք դեռեւս 1919թ. ամռանը: Բոլշեւիկյան օկուպացիայի տակ էր միայն Լեռնային Ղարաբաղը, Սյունիքը դիմադրում եւ մնում էր հայկական: Հայ պատմագրությունը նշում է Շիրակում եւ օկուպացված այլ տարածքներում թուրքական բռնություններ, կողոպուտ, բայց որ դրանց մասնակցել են նաեւ ռուս բոլշեւիկները եւ 300 հազար հայ կոտորել՝ այդ մասին երկրորդ անգամ նույն լրատվամիջոցն է միայն գրում: Կա՞ն ասվածը հաստատող փաստեր: Ինչու՞ են լռում պատմաբանները: Եթե կան, թող հրապարակայնացնեն: Չկան՝ հերքեն, ապացուցեն, որ դա կեղծ, հակառուսական տրամադրություններ սերմանող եւ իրոք վտանգավոր թրոլինգ է, ինչպես նաեւ այն, որ բոլշեւիկները հարյուր հազարավոր հայերի աքսորել են Ռուսաստանի խորքեր: Խորհրդային Հայաստանի պատմության մեջ զանգվածային բռնատեղահանության մի փաստ է արձանագրված՝ 1949թ. ամռանը կազմակերպած «դաշնակների եւ այլ հակախորհրդային տարրերի» աքսորը: 1920-ական թվականներին բռնադատվել է հայ զինվորականությունը: Բայց խոսքն ընդհանուր առմամբ մի քանի տասնյակ հազար մարդու, ոչ թե հարյուր հազարավորների մասին է: Ի վերջո, խնդիր պիտի դրվի Ռուսաստանի հետ կառուցել արժանապատիվ, գործընկերային, դաշնակցային հարաբերություններ: Քաղաքականությանը հակացուցված է թե կույր ռուսամոլությունը, թե ռուսաֆոբիան: Ողբերգություն է, որ անկախության երեսուներորդ տարում մենք դեռ «ռուսի հե՞տ, թե՞ առանց նրա» դիսկուրսի պատանդ ենք: Կան հարցեր, որ անհնար է լուծել առանց Ռուսաստանի, բայց դրանից ամենեւին չի հետեւում, թե ամեն ինչում մենք պարտավոր ենք հետեւել Մոսկվային, ամենուր լինել նրա հետ: Ընդ որում, երբեմն հեռավորությունն ավելի է մոտեցնում, քան՝ ֆիզիկապես ապաքաղաքական մերձավորությունը: