Մշակույթը՝ լուսանցքում թե՛ կյանքում, թե՛ նախընտրական ծրագրերում

Մշակույթը՝ լուսանցքում թե՛ կյանքում, թե՛ նախընտրական ծրագրերում

Հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մեծ մասի նախընտրական ծրագրերում չկա որեւէ անդրադարձ մշակույթին, կրթությանը եւ գիտությանը։ Բոլոր ժամանակներում էլ այդ ոլորտները հայտնվել են լուսանցքում եւ ոչ միայն նախընտրական ծրագրերում։ Այդուհանդերձ, առանձնացրել ենք մի քանի քաղաքական ուժերի, որոնք իրենց ծրագրերում անդրադարձ են կատարել նաեւ վերը նշված ոլորտներին:

Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում՝ «Գիտելիքի երկիր» կետի տակ, շարադրել է իր մոտեցումները գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի վերաբերյալ։ Կուսակցությունը գիտելիքահեն տնտեսության կողմնակիցն է եւ համարում է, որ 21-րդ դարում ամենաթանկ ապրանքը գիտելիքն է։ «Կուսակցությունը հարկ է համարում ապահովել լրացուցիչ մեխանիզմներ՝ բուհերի անկախությունն ապահովելու համար: Հանրակրթական ծրագրերը կվերանայվեն, եւ հատուկ ուշադրություն կդարձվեն բնական գիտություններին եւ նման ուղղվածության կրթօջախների ստեղծմանը: Մենք համարում ենք, որ ավագ դպրոցը ոչ միայն չլուծեց կրկնուսույցների խնդիրը, այլեւ ժամանակի վատնման եւ զորակոչի հետ կապված խնդիրներ առաջացրեց։ Հանրակրթական հաստատություններում կրթության որակի բարելավում մենք տեսնում ենք դասագրքերի որակի բարձրացման, կրթության ազգային չափորոշիչներին համապատասխանեցման, դասարաններում աշակերտների թվի կրճատման եւ ուսուցիչների թվի ավելացման միջոցով»,- նշված է ծրագրում:

«Հանրապետություն» կուսակցությունը մշակութային զարգացման ծրագիրը խարսխում է ազգային մշակույթի պահպանման եւ զարգացման վրա: «Մասնավորապես, պետք է քայլեր ձեռնարկել ոչ միայն Հայաստանում ազգային մշակույթի պահպանման եւ զարգացման, այլ նաեւ երկրի սահմաններից դուրս հայկական պատմական եւ մշակութային արժեքների պահպանման ուղղությամբ: Պետք է մեծացնել ոչ միայն ՀՀ-ում գործող գրադարանները, թվայնացնել եւ զարգացնել վիրտուալ գրադարանները: Մշակութային կենտրոնների գործունեության արդյունավետության բարձրացման համար մշակել մարզային մշակութային կենտրոնների բարելավման ծրագիր»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսն իր նախընտրական ծրագրում «Մարդկային կապիտալի զարգացում» կետի ներքո միաժամանակ կարեւորել է թե՛ գիտությունը, թե՛ կրթությունը եւ թե՛ առողջապահությունը, որոնք հավասարապես պետք է տեխնոլոգիական առաջընթացի պահանջներին համընթաց լինեն։

Պետական քաղաքականության առանցքային ուղղությունները, ըստ ՀԱԿ-ի, ենթադրում են մի քանի անելիքներ։ «Խրախուսել գիտահետազոտական կազմակերպությունների, բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ բարձրտեխնոլոգիական ձեռնարկությունների համագործակցությունը եւ արդյունավետ միավորումների ստեղծումը։ Նեղ մասնագիտացված բուհերը փոխարինել բազմաոլորտ համալսարաններով, ինչը թույլ կտա ապահովել մրցակցային միջավայր բարձրագույն կրթության ու գիտության բնագավառում։ Քաջալերել կրթական ու գիտական համակարգերի միջազգային ինտեգրացիան, ինչը հնարավորություն կտա մեր գիտությունն ու կրթությունը համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին։

Գիտության ֆինանսավորումը սահմանել առնվազն ՀՆԱ-ի 1 տոկոսի չափով՝ տարեկան 0.2% աճի միտումով։ Սահմանել բարձրագույն կրթության պետական ֆինանսավորման նվազագույն շեմ՝ ՀՆԱ-ի առնվազն 1 տոկոսի չափով, գիտության ֆինանսավորումը սահմանել առնվազն ՀՆԱ-ի 1 տոկոսի չափով՝ տարեկան 0.2% աճի միտումով, աստիճանաբար հասցնելով 3 տոկոսի, իսկ հանրակրթության, միջին եւ նախնական մասնագիտական կրթության ծախսերը` ՀՆԱ-ի 3 տոկոսի չափով։ Ընդլայնել Լեզվի կոմիտեի ֆինանսավորումը եւ գործառույթները, նրա վրա դնելով պարտականություն` պետականորեն աջակցել առաջատար համակարգչային, ծրագրային եւ ինտերնետային տեխնոլոգիաներում հայերենի կիրառման համար անհրաժեշտ սարքային եւ ծրագրային արտադրանքի ստեղծմանը»,- նշված է ծրագրում։

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն իր նախընտրական ծրագրում առանձին-առանձին անդրադարձել է թե՛ կրթությանն ու գիտությանը, թե՛ մշակույթին։ Ըստ այդմ՝ դաշինքը որդեգրելու է Հայաստանի զարգացմանն ուղղված կրթական մոդել, այդ նպատակով վերանայվելու է կրթության կառավարման եւ վերահսկման ողջ շղթան, այդ թվում՝ հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչները․ «Բացառելու ենք լեռնային, բարձրլեռնային եւ սահմանամերձ համայնքներում դպրոցների օպտիմալացումը։ Գյուղական համայնքներում ուսուցիչների պակասը լրացնելու եւ դպրոցական կրթության որակի բարձրացման համար կներդրվի այդ համայնքներում աշխատող ապագա ուսուցիչների սոցիալական երաշխիքների համակարգ»։ Անդրադարձ կա նաեւ ընդունելության քննություններին․ «Ընդունելության քննությունների կազմակերպման ապակենտրոնացումը թույլ կտա ապագա ուսանողներին՝ քննությունները հանձնել իրենց մարզերում։ Վերանայելու ենք բուհերի կառավարման խորհուրդների ձեւավորման կարգերն ու չափանիշները»։

Ինչ վերաբերում է մշակույթին, ապա դաշինքը որդեգրելու է մշակույթի ոլորտի զարգացման բեկումնային ծրագիր եւ ռազմավարություն․ «Ազգային մշակույթի նկատմամբ ակնածանք ձեւավորող շարունակական ծրագրերով կանխվելու են հայ ինքնությանը սպառնացող վտանգները»։ Բարելավվելու է ոլորտի օրենսդրությունը, ինչը հնարավորություն կտա առավելագույնս պաշտպանել ազգային պատմամշակութային անշարժ հուշարձանները, զարգացնել թանգարանային գործը, գրադարաններն ու ժամանակակից արվեստը։ Պետությունը խրախուսելու եւ աջակցելու է ոչ պետական մշակութային կոլեկտիվներին, ինչպես նաեւ անհատներին՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով նրանց համար՝ օգտագործելու մշակութային ենթակառուցվածքների եւ հաստատությունների հնարավորությունները։

Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 30 կետից բաղկացած նախընտրական ծրագրի 26-րդ կետը վերաբերում է մշակույթի հանդեպ կուսակցության մոտեցումներին․ «ՀՀ մշակութային քաղաքականության հենքը պետք է լինեն հոգեւոր եւ ազգային ավանդույթների պահպանման վրա հիմնված ժամանակակից մշակութային միջավայրի ձեւավորումը, մրցունակ մշակութային արժեքների ստեղծումը, ինչպես նաեւ մեր հարուստ պատմամշակութային ժառանգության պահպանումը: Պետությունն իր հիմնարար խնդիրներից մեկը պետք է համարի օրենսդրական համապատասխան դաշտի ձեւավորմամբ ազգային մշակույթի դերի արժեւորման եւ զարգացման նպաստավոր պայմանների ստեղծումը»: ԲՀԿ-ն կարեւորել է նաեւ գիտության դերը՝ նշելով, որ անհրաժեշտ է տարեցտարի ավելացնել գիտության ֆինանսավորումը՝ առաջիկա 3 տարում այն հասցնելով ՀՆԱ-ի 1.5%-ի: «Բարձրտեխնոլոգիական գիտական արդյունքներ ապահովող գիտահետազոտական ծրագրերը պետք է իրականացվեն առաջանցիկ ֆինանսավորմամբ: Մեր հանրապետության 8 բարձրագույն ուսումնական հաստատություններում պետք է ձեւավորվեն նաեւ բարձրակարգ գիտական եւ հետազոտական կենտրոններ»,- շարադրված է ծրագրում: