Հայաստանը թվային փոխակերպումների գնալու ճանապարհին շատ աշխատանք ունի անելու․ Բրեթ Քինգ

Հայաստանը թվային փոխակերպումների գնալու ճանապարհին շատ աշխատանք ունի անելու․ Բրեթ Քինգ

Միջազգային ամենամյա Doing Digital ֆորումն այս անգամ «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով էր ընթանում։ Ֆորումը կազմակերպվում է SPRING PR ընկերության կողմից։ Արդեն երկրորդ տարին է, ինչ ֆինանսատեխնոլոգիական առաջատար ընկերությունը` Ամերիաբանկը ֆորումի կողքին է, այս անգամ արդեն նաև որպես ֆինիթեք գործընկեր։

Doing Digital Forum-ին այս տարի մասնակցում են ոլորտի համաշխարհային թոփ խոսնակներ, առաջատար փորձագետներ։ Գլխավոր խոսնակը հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի հեղինակ Բրեթ Քինգն է։ 

Doing Digital Forum-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանի ելույթով մեկնարկեց միջոցառումը, նա ներկայացրեց թվային հնարավորություններին ընդառաջ գնալու կարևորությունը, իսկ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը կիսվեց երկրի թվային ապագայի վերաբերյալ ԿԲ տեսլականով: Ելույթով հանդես եկավ նաև Ամերիաբանկի Տաղանդների և ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանը։ Ամերիաբանկի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը խոսեց տեխնոլոգիաների ապագայի մասին` Հայաստանի բանկային ոլորտում և դրանից դուրս։

Ֆորումի ժամանակ խոսնակների ելույթներն ու պանելային քննարկումները, միջազգային փորձի ուսումնասիրման ձևաչափերը տեղավորվում են տնտեսության և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում թվային փոխակերպումների, ֆինանսական նոր տեխնոլոգիաների, ապագայի բենքինգի, տաղանդների ներգրավման, արհեստական բանականության կիրառությունների թվային փոխակերպումների ու հաջողված փորձերի մասին խոսակցություններում։ 

Ավստրալիացի ֆուտուրիստ Բրեթ Քինգը խոսեց արհեստական բանականության կարևորության, ինչպես նաև երկիր մոլորակի կյանքում դրա ազդեցության մասին ու թե ինչպես մարդիկ թույլ կտան, որ արհեստական բանականությունը զարգանա։ Քինգը խոսեց նաև smart տնտեսության ՝ խելացի տնտեսության հայկական հեռանկարի մասին։ վերջինս շեշտեց, հայկական բանկային համակարգն այս պահի դրությամբ չի կարող, օրինակ, smart պայմանագիր կնքել ու ժամանակակից ստանդարտներին համապատասխանելու համար Հայաստանում շատ աշխատանք պետք է տարվի։
Լրագրողների հետ զրույցում Բրեթ Քինգը նշեց, որ ապագա թվային տեսլականում ուրվագծվում է հիմնականում երկբևեռ թվային ապագայի մոդել՝ ամերիկյան մոդելն ու եվրոպա-չինականը։

Ամերիկյան մոդելը չի կարողանալու ապահովել հավասար ֆինանսական հնարավորություններ հասարակության բոլոր շերտերի համար և այն արդեն ուրվագծվում է որպես ֆեոդալիզմի մի նոր ձև։ Պատկերն այլ է լինելու եվրոպական և չինական մոդելի դեպքում, որտեղ հնարավորությունները հավասարապես են բախշվելու հասարակության բոլոր անդամների միջև։ Իսկ դրա պատճառն այն է, որ ամերիկացիները հարցի լուծումը տեսնում են կապիտալիզմը կրկնապատկելու մեջ, այնինչ չինացիներն ու եվրոպացիները անցնելու են թվային սոցիալիզմին։ Ֆուտուրիստը շեշտեց, սոցիալիզմն այս պարագայում պետք չէ հասկանալ որպես դասական սոցիալիզմի ձևակերպում՝ այն հարմարեցվելու ու փոխակերպվելու է թվային տեխնոլոգիաներին։ Ինչ վերաբերում է արհեստական ինտելեկտին, պա դրա զարգացման տարբեր սցենարներ կարող են լինել և առանցքայինն այն է, թե երկրների կառավարությունները ինչ որոշում կկայացնեն արհեստական բանականության մասով, որքանով կթողնեն, որ այդ արհեստական բանականությունը զարգանա՝ սա է խնդիրը։ Իսկ ընդհանուր առմամբ Բրեթ Քինգը համոզված է, որ թվային փոխակերպումն անխուսափելի է և աշխարհն անշեղորեն այդ ճանապարհով է գնում։ Ավելին, այն երկրները կամ հանրույթները, որոնք չեն ցանկանա կամ չեն ուզենա անցնել այդ թվային փոխակերպման ճանապարհով՝ պարզապես դուրս կմնան համաշխարհային այդ շրջանից։

Doing Digital Formum 2024-ն այս տարի հյուրընկալել էր շուրջ 20 խոսնակ` աշխարհի տարբեր անկյուններից։ Մասնակիցների թվում էին ՀՀ կառավարության, կենտրոնական բանկի ու Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունների ներկայացուցիչներ, Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը և այլք։
Ֆորումի նպատակն է Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպման
ու տեխնոլոգիաների հաբ՝ նպաստելով երկրի մրցունակության բարձրացմանը։

Ամերիաբանկի կողմից նման ֆորումի հետ համագործակցությունը պատահական չէ։ Հիշեցնենք, որ Ամերիաբանկը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտի ամենաառաջատար դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Թվայնացման մեծ փորձ ունի բանկը և դեռ շարունակում է այն կատարելագործել՝ ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող դինանսա-տեխնոլոգիական միջավայր։

«Ամերիան» Հայաստանում առաջինն է ստեղծել էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար, բացի այդ «Ամերիան» ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ։