Չի կարող նորմալ երկրում ԱԱԾ-ն մի բան ասել, ԱԽ քարտուղարը՝ մեկ այլ բան

Չի կարող նորմալ երկրում ԱԱԾ-ն մի բան ասել, ԱԽ քարտուղարը՝ մեկ այլ բան

Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ «Հրապարակը» զրուցել է այն մասին, թե ինչու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանկարծ հայտարարեց, որ երկրում հեղաշրջման մի քանի փորձ է եղել։ Ինչո՞ւ հանկարծ եւ ինչո՞ւ վերջին շրջանի այս աղմկահարույց դեպքերից՝ Գեորգի Կուտոյանի մահվանից ու «Էրեբունի պլազայի» դեպքերից հետո։

- Պարոն Բադալյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ԱԽ քարտուղարի հայտարարությունը, ինչո՞ւ հանկարծ…

- Բնականաբար, այդ հայտարարությունից առաջ դատախազությունը կամ ՀՔԾ-ն, կամ իրավապահ մարմիններն այդ ուղղությամբ ինչ-որ քրեական գործ պետք է հարուցած լինեին՝ հայտնի մարդկանցով։ Եթե դա չկա, ուրեմն Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը, մեղմ ասած, լուրջ չէ։  Առավել եւս, որ իր հայտարարությունից մի 2-3 օր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես հայտարարել էր, որ  պետական հեղաշրջում իրականացնելու վերաբերյալ տեղեկությունների չի տիրապետում։ Եվ տարօրինակ է, որ ԱԱԾ-ն հայտարարում է, որ նման բան չի եղել, իսկ Անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է, որ նման բան էր նախապատրաստվում։ Եվ, փաստորեն, այս երկու պետական կառույցների՝ ԱԱԾ-ի ու ԱԽ-ի այս հայտարարությունների միջեւ արդեն հակասություն կա։ Իսկ դա անլուրջ է։ Չի կարող նորմալ երկրում այդ երկու կառույցների պատասխաններում 180 աստիճանով տարբերվող հակասություն լինել։ Եվ այս հայտարարությունները հիմք ընդունելով՝ վարչապետը պետք է փոխի կա՛մ ԱԱԾ ղեկավարությանը, կա՛մ ԱԽ քարտուղարին, որ թերացել են, սխալ հայտարարություններ են անում։ Մեկնումեկը։

- Իսկ, Ձեր կարծիքով, ինչո՞ւ են նման հայտարարություններ արվում, մասնավորապես՝ ԱԽ քարտուղարի կողմից։

- Չեմ կարող, իհարկե, ասել, դա իրեն պետք է հարցնեք։ Բայց կարող եմ ենթադրել, որ միգուցե Անվտանգության խորհրդի քարտուղարն ուզեցել է քծնե՞լ վարչապետին, որը նույնպես նման բան էր հայտարարել։

- Ընդ որում, մի քանի հեղաշրջումների մասին էր խոսում։

- Դե, երեւի ուզեցել է ավելի շատ քծնի։