Իրենց ցանկությամբ է, բայց բոլորը սիրով մասնակցում են

Իրենց ցանկությամբ է, բայց բոլորը սիրով մասնակցում են

ՀՀ գլխավոր դատախազությունում հերթական սեմինարն է կազմակերպվել գործող դատախազների համար։ Հետաքրքրականն այն է, որ «կոնֆլիկտների և ստրեսի կառավարում» թեմայով սեմինարը կազմակերպվել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության աջակցությամբ։ Այն նախատեսված է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար։ Առաջին դասընթացին մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Հայաստանի Հանրապետությունում

Նիդեռլանդների դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը։ Ծրագիրը տևելու է 13 շաբաթ։
Գլխավոր դատախազությունից «Հրապարակը» հետաքրքրվեց, թե արդյոք դատախազությունը գումար հատկացրե՞լ է այս սեմինարի համար, քանի՞ դատախազ է մասնակցելու, ո՞ր օրերին են դրանք տեղի ունենալու։ Մեզ պատասխանեցին․ «Դատախազությունը որևէ գումար չի հատկացրել սեմինարի անցկացման համար, ծրագիրը ֆինանսավորվում է Նիդերլանդների թագավորության կողմից, այն տեղի է ունենում շաբաթ և կիրակի օրերին»։

Դատախազությունից նաև փոխանցեցին, որ Հայաստանի բոլոր դատախազները մասնակցելու են սեմինարին։ Հարցին` թե սեմինարին մասնակցելը պարտադի՞ր է, թե՞ ըստ ցանկության, ասացին, որ դա ցանկությամբ է, և դատախազները սիրով են մասնակցում, որովհետև իրենց գիտելիքների զարգացմանն է ուղղված․ «Էլի ենք արել նման ձևաչափով սեմինարներ, այնպես ենք կազմակերպում, որ աշխատանքային օրերին չլինեն»։ Այս սեմինարը տեղի է ունենում Լոռու մարզում։

Նախկին դատախազ Ռաֆայել Գևորգյանը՝ անդրադառնալով այս թեմային, մեզ հետ զրույցում ասաց որ դատախազ աշխատած ժամանակ ինքը որևէ սեմինարի չի մասնակցել․ «Եղել են մարդիկ, որ մասնակցել են սեմինարների, արտասահման են գնացել, ես չեմ գնացել և չեմ մասնակցել, ես անձամբ գտնում եմ, որ այդ սեմինարները պետք են, որովհետև շատ սթրեսային վիճակներ են լինում»։ Իսկ նախկինում արեւմտյան երկրների դեսպանությունների կողմից նման դասընթացներ կազմակերպվե՞լ են, ասաց՝ տեղեկություն չունեմ։ 

Դասընթացների վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նաև նախկին դատախազ, այժմ հայտնի փաստաբան Հակոբ Ենոքյանից։ Նա ասաց՝ այդպիսի ծրագրի չի մասնակցել․ «Դատախազության դպրոցում, երբ վերապատրաստում էինք անցնում, սթրեսի կառավարման վերաբերյալ դասընթաց կար», ասաց նա եւ հիշեց, որ նախկինում էլ Ամերիկայի դեսպանատան հետ համագործակցում էին թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում։