Ակն ընդ ական

Ակն ընդ ական

Ցանկացած քայլ եւ գործողություն անելիս մտածող մարդը պատկերացնում է, որ իր գործադրած մեթոդները կարող են նաեւ իր դեմ կիրառել, ընդ որում՝ շատ ավելի կոշտ ու ցավոտ, քան ինքդ ես կիրառում։ Հայհոյե՞լ ես ինչ-որ մեկին, վիրավորե՞լ՝ պետք է պատրաստ լինես, որ քեզ հակադարձելու են։ Իսկ հակադարձելիս կարող են շատ ավելի կոպիտ լինել եւ անցնել կարմիր գծերը, որոնք քեզ թվում է, թե դու չես խախտել։ Կիրառե՞լ ես անթույլատրելի լեքսիկոն, չպետք է զարմանաս, եթե դիմացինդ ավելի դաժան որակումներով է քեզ պատասխանում։ Ինչպես ասում են՝ ամեն մեկն իր դաստիարակությանն ու կրթվածությանը համարժեք։ Երբ մարդիկ երկրում իշխող ագրեսիվ խոսքի, վիրավորանքների ու անթույլատրելի հռետորաբանության համար մեղադրում են Նիկոլ Փաշինյանին, իշխանամետները հակադարձում են՝ վարչապետն ընդհանուր է խոսում, «վնգստացող» անվանում է կոռումպացված դատավորներին, «ծախված»՝ պատվերով գրող լրագրողներին, «կոշիկ լիզող»՝ ռուսներին քծնողներին, «շնաբարո դուրսպրծուկներ»՝ նախկին ռեժիմի սպասարկուներին։ Բայց նման լեքսիկոն կիրառողը չպետք է զարմանա, երբ համարժեք որակումների են արժանանում ինքն ու իր թիմը։ Նաեւ անբարո է, երբ իրենք լիուլի օգտվում են այդ լեքսիկոնից, իսկ իրենց նույնկերպ դիմողների նկատմամբ քրեական գործեր են հարուցում եւ կալանավորում։ Երբ շաբաթը 5-6 անգամ ուղիղ եթեր ես մտնում եւ ամեն ինչից խոսում «հպարտ քաղաքացիների» հետ, անգամ ձեռքերը լվանալու խորհուրդներ ես տալիս, չպետք է զարմանաս, որ քեզնից պահանջում են անդրադառնալ Լավրովի կամ Միքայել Մինասյանի մեղադրանքներին։ Եթե հայտարարել ես, որ ժողովուրդն է ամեն ինչ որոշում, եւ երկրում 2 միլիոն վարչապետ կա, չպետք է վրդովվես, երբ քո դեմ դուրս եկած երիտասարդը պահանջներ է ներկայացնում ու կոպիտ խոսում քեզ հետ։